«Մեկնաբանի աշխատանքը ցույց է տալիս ամբողջ թիմի աշխատանքը». Գնել Նալբանդյան

«Մեկնաբանի աշխատանքը ցույց է տալիս ամբողջ թիմի աշխատանքը». Գնել Նալբանդյան

713

Journalist.am-ի զրուցակիցն է «Արմենիա» հեռուստաընկերության լրատվական դեպարտամենտի գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանը:

Ի՞նչ կարևորութուն ունի մեկնաբանի աշխատանքը:

– Մեկնաբաններն ընտրում են ծանր մասնագիտություն. նրանք, երկար տարիներ աշխատելով լուրերում որպես մեկնաբան, ժամանակի հետ այլևս ոչինիչ չեն կարողանում անել: Եվ գալիս է մի տարիք, երբ հեռուստաընկերությունների համար ավելի ձեռնտու է լինում գտնել երիտասարդ մասնագետների, իսկ հին կադրերին ասում են հաջողություն: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է, որ հեռուստաընկերությունները կարողանան իրենց լուրերի մեկնաբաններին տեղափոխեն այլ հաղորդումներ, և փոխարինեն նոր կադրերով:

– Ինչպիսի՞ փոփոխություններ է կրել մեկնաբանի աշխատանքը վերջին 5 տարիների ընթացքում:

– Վերջին 5 տարիներին մեկնաբանները Հայաստանյան հեռուստաեթերում դարձել են ավելի դրական, քիչ պաշտոնական և ավելի հասկանալի լեզվով են կարողանում բացատրել կատարվածը: Նրանք այժմ աշխատում են, որպեսզի ոչ բարդ տեքստով կարողանան եղածը ներկայացնել, հնարավորին չափ ընկալելի, բայց միևնույն ժամանակ հակիրճ և արագ:

Ի՞նչն է ապահովում խոսքի նկատմամբ վստահությունը։

– Առաջնայինը իրադարձությունների և դեպքերի մասին իրազեկ լինելն է: Եթե մեկնաբանը գիտի, թե իր ասելիքը ինչի մասին է, նրա խոսքը ավելի վստահ է լինում: Երբ մեկնաբանը ինքն է կառուցում ռեպորտաժի համար իր բացման խոսքը, և որոշում, թե որ նյութը որից հետո դնել և ինչու, ինքն էլ ավելի վստահ կարողանում է ներկայացնել, քանի որ ամբողջական պատկերը կազմել է, գիտի օրվա կարևոր իրադարձությունը և կարողանում է հետաքրքիր լուրերով զուգորդել:

Ո՞ր դեպքում եք համարում մեկնաբանի աշխատանքը հաջողված։ Ի՞նչ գործոններ եք հաշվի առնում։

-Մեկնաբանի աշխատանքը հաջողված է, երբ հեռուստադիտողը հասկանում է ՝ ինչի մասին է խոսքը, ընկալում է լուրը: Մեկնաբանի աշխատանքը ցույց է տալիս ամբողջ թիմի աշխատանքը, այսինքն ամբողջ թիմը աշխատում է մեկնաբանի համար, իսկ մեկնաբանը՝ ամբողջ թիմի հետ:

– Ինչպե՞ս է ազդում հեռուստադիտողի վրա մեկնաբանը:

– Եթե հեռուստամեկնաբանի ձայնը հղկված չէ, բացասական ազդեցություն կարող է թողնել: Հեռուստամեկնաբանի զգեստի ոչ ճիշտ ընտրությունը նույնպես բացասական է ազդում: Հաճախ երիտասարդ մեկնաբանները խոշոր շրթունքներով են ներկայանում, աչքի ընկնող զարդարանքներով, խիստ ընդգծված կամ ավելի բեմական դիմահարդարմամբ: Հեռուստադիտողը քննարկում է այդ մարդկանց արտաքին տեսքը և չի լսում, թե ինչ է ասում:

Ինչպե՞ս է ձևավորովում մեկնաբանի իմիջը և անձնական բրենդը:

– Մեկնաբանի իմիջը սովորաբար ձևավորում են հեռուստաընկերության պրոդյուսերները, ռեժիսորները, վարսահարդարները և դիմահարդարները: Նրանք օգնում են, որ մեկնաբանը հասարակությանը հայտնի լինի այն տեսքով, որին սովոր է ընկալել: Իմիջը կախված է նրանից, թե մեկնաբանը որքան վարժ է ներկայանում եթերում, ինչ թերություններ է թույլ տալիս, եթե սխալվում է, ներողություն խնդրում է, թե ոչ, խոսելիս մտքերը ինչպես է ձևակերպում, բղավում է լսարանի վրա, թե ոչ, արդյոք պահպանում է քաղաքավարության կանոնները և ուղիղ կապերի ժամանակ ինչպես է դրսևորում իր քաղաքակրթական կարողությունները այլ լրագրողների հետ:

– Ովքե՞ր են Ձեզ համար հայաստանյան հեռուստաեթերի հաջողված հեռուստամեկնաբանները:

– Նրանք, ովքեր կարողանում են ոչ թե պարզապես օրվա ռեպորտաժների միջից վերցնել նախադասություններ, արտագրել իրենց բացման տեքստերում և կարդալ ռեպորտաժի հակիրճ բովանդակությունը, այլ մինջև ռեպորտաժի հեռարձակումը ձևավորել որոշակի վերաբերմունք տվյալ ռեպորտաժում հայտնվելիք թեմայի և խնդիրների վերաբերյալ:

– Ինչպիսի՞ մակարդակի վրա է գտնվում Հայաստանյան հեռուստաեթերը:

– Հայաստանյան հեռուստաեթերը պահպանում է այն մակարդակը, որը ցանկանում են ունենալ հեռուստաընկերությունների տնօրենները, պրոդյուսերները, ռեժիսորները և խմբագիրները: Մենք չենք կարող ասել, որ ուզում էինք ավելի լավ որակ ստանալ, բայց ավելի վատը եղավ: Ստացվեց այն, ինչը մենք կարողանում ենք անել:

Սոնա Քյարունց

4 -րդ կուրս

Կիսվել