Նոր սերունդը իսկապես ցանկանում է սովորել. Անահիտ Տոնապետյան

Նոր սերունդը իսկապես ցանկանում է սովորել. Անահիտ Տոնապետյան

818

Երբեմն լսած կլինենք մեծահասակներից, թե նոր սերունդը հակված չէ սովորելուն, նրանց հետաքրքրասիրությունը միայն սմարթֆոններով է սահմանափակվում կամ «իրենց ժամանակ» ավելի լավ էր, երբ դպրոցներում խիստ էր ռեժիմը։ Այսօր այսպիսի կարծրատիպերը հերքելու կամ հաստատելու համար կզրուցենք մանկավարժ, բանասիրական գիտությունների թեկնածու Անահիտ Տոնապետյանի հետ։

-Գիտեմ, որ 10 տարի է՝ աշխատում եք դպրոցում, ի՞նչ կասեք աշխակերտների առաջադիմություն մասին:

-Այո, արդեն 13 տարի է, հասցրել եմ շատ աշակերտների ճանաչել, ուսումնասիրել։ Ասեմ, որ յուրաքանչյուր երեխա (ես սա արդեն որպես մանկավարժ եմ ասում) անհատական մոտեցում է պահանջում։ Սովորել բոլորն են ցանկանում, իրենց լավ կամ վատ սովորելուն էլ կարող է օգնել ուսուցիչը, ինչը ես արել եմ ու շարունակում եմ անել։

-Չի՞ լինում, որ երեխաները շեղվեն դասերից կամ այլ բաներով զբաղվեն Ձեր դասերի ժամանակ։

-Կարծում եմ՝ բոլոր դասերի ժամանակ էլ կարող է լինել, որովհետև մարդ կարողանում է 10 րոպե ուշադիր լսել, դրանից հետո սկսում է ձանձրանալ։ Սրա համար ես մեթոդ եմ գտել։ Երբ հասկանում եմ, որ արդեն ձանձրալի է, սկսում եմ զվարճալի պատմություններ պատմել, կամ առաջարկում եմ, որ իրենք պատմեն։ Մի քիչ թարմանում ենք, նորից անցնում դասին։

-Ըստ Ձեզ՝ արդարացվա՞ծ է 12-ամյա կրթական համակարգը։

-Չէի ասի, թե ճիշտ է, ավելի շատ անիմաստ։ Ըստ էության, հավելյալ 2 տարին սովորելու ու առանց կրկնուսույցի բուհ դիմելու համար է, բայց, միևնույնն է, դիմում են կրկնուսույցի ու 2 տարի անիմաստ վատնում։ Ես սովորել եմ 10 տարի և առանց կրկնուսույցի ընդունվել բուհ։

-Ինչո՞վ է պայմանավորված երեխաների սիստեմատիկ բացակայությունները։

-Գիտեք, երբեմն մեղադրում են միայն երեխային դպրոց գալ չուզենալու համար։ Բայց ուսուցչից էլ է կախված։ Լինում են դեպքեր, երբ երեխան արժանանում է բուլինգի հենց ուսուցչի կողմից, իսկ դրան ընթացք են տալիս դասընկերները։ Կամ ֆինանսական խնդիրներ ունեն, չունեն անհրաժեշտ իրեր դասի գալու համար։ Կամ պարզապես դասը լավ չի մատուցվում, ու երեխային հետաքրքիր չի դառնում այդ առարկան։ Պատճառները շատ են, իհարկե, երեխաներն էլ մեղքի բաժին ունեն, ուզում են ավելի շատ ընկերները հետ ժամանակ անցկացնել, կամ կիսատ չեն ուզում թողնել համակարգչային խաղերը։

-Ճի՞շտ է սև ու սպիտակ համազգեստ կրելու պարտադիր պայմանը։

-Իհարկե, համազգեստը գեղեցիկ է, բայց կան երեխաներ, որ չեն կարող իրենց թույլ տալ միշտ նույն համազգեստը գնել ամեն տարի, կամ կարող է բարդույթ առաջացնել հագուստը, որովհետև երեխան իրեն հարմարավետ չի զգում դրանով։ Լավ էր՝ անցած տարի դուրս էր եկել այդ օրենքը, ու չէին պարտադրում սև ու սպիտակ կրել, բայց ես դպրոցներ գիտեմ, որ մինչ օրս պարտադրում են: Կարծում եմ՝ պետք է ինչ-որ բան ձեռնարկել։

-Դուք դասավանդում եք Հայոց լեզու և գրականություն առարկաները, նոր սերունդը սիրու՞մ է ընթերցանությամբ զբաղվել։

-Գրականության ժամերին սիրում եմ դասը հանձնարարելուց առաջ պատմել այն, բայց ոչ մինչև վերջ, հետաքրքրություն եմ առաջացնում, որ երեխան ուզենա շարունակությունը կարդալ, իմանալ։ Լինում են դեպքեր, երբ ժամանակ չի լինում, ու չեմ հասցնում պատմել, բայց, մեկ է, կարդում են։ Իհարկե, բոլորը չէ, բայց մեծ մասը այդպիսիք են։ Ուղղակի կան երեխաներ, որ ժամանակակից գրողների գործեր են սիրում, բայց նոր սերունդը կարդում է և ուզում է սովորել։

-Ինչպիսի՞ պատժամիջոցներ եք կիրառում, երբ բարկացնում են Ձեզ։

-Սպառնում եմ, որ 2 կնշանակեմ, բայց այ դա նոր սերնդին չի սթափեցնում (ժպտում է):

-Լինու՞մ են կոնֆլիկտներ աշակերտների հետ:

-Այո, լինում է, որ չենք հասկանում, բայց փորձում եմ մտնել իրենց դրության մեջ։ Լինում է, որ անտրամադիր են գալիս դասի (վիճած են լինում ծնողների հետ), ու այդ էմոցիաները ուսուցչի միջոցով են դուրս հանում։ Բայց դա տարիք է, լինում է ու անցնում, ինձ դուր է գալիս իրենց համարձակ լինելը, բայց դա չափի մեջ իհարկե։

-Նկատեցի, որ սիրում եք աշխատել երեխաների հետ, դասից դուրս որևէ հարցով Ձեզ դիմու՞մ են։

-Ինձ ուրախացնում է, որ դիմում են որպես ընկերոջ, ես ուսուցչուհի լինելուց առաջ մանկավարժ եմ, ու երբեմն իրենց մտքերը կիսում են ինձ հետ, երբ կարողանում եմ, խորհուրդ եմ տալիս։ Կարող եմ խորհուրդ տալ՝ ինչ գիրք կարդան, ինչպես վարվեն դժվար իրավիճակում, նույնիսկ, թե ինչ հագնեն։ Իսկապես հաճելի է աշխատել հատկապես նոր սերնդի հետ, մի՛ հավատացեք կարծրատիպերին։

Լենա Վարդանյան

2-րդ կուրս

Կիսվել