Չ՛մշակութային կյանքը մարզերում

Չ՛մշակութային կյանքը մարզերում

746

Տարիքն առած մարդիք հաճախ են մտովի վերադառնում ոչ վաղ անցյալ ու համեմատականներ տանում ներկա և նախկին մի շարք իրողությունների միջև: Հաճախ նրանց համեմատականներն ակնառու են, գալիս են ապացուցելու, որ    Խորհրդային շրջանում պաղպաղակը, թթվասերը կամ պահածոները ավելի համեղ էին, իսկ երբեմն էլ ներկայի ու անցյալի բախումն էլ ավելի խորքային է՝ առանց համի ու հոտի:

Հայաստանի գրեթե բոլոր բնակավայրերում կարելի է գտնել կիսախարխուլ  շենքեր՝ «Կուլտուրայի տուն» վերտառությաբ: Հիմա այդ շենքերը հիմնականում օգտագործվում են կա՛մ որպես աղբանոց, կա՛մ էլ ծպտյալ պետքարան, մինչդեռ կար ժամանակ, որ օրինակ Կոտայքի մարզի Զովաշեն լեռնային գյուղի «Կուլտուրայի պալատը» իսկական մշակույթի դարբնոց էր:

Մշակույթի պալատներն ու կուլտուրայի տները ԽՍՀՄ տարիներին  ամենուր էին: Դրանց գործունեությունը միտված էր նպաստել ու ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը։ Դրանցում ձևավորվում էին ժողովրդական թատրոններ, նվագախմբեր, պարարվեստի կոլեկտիվներ, երգչախմբեր, երգի և պարի անսամբլներ։ Խորհրդային Միության շրջանային, քաղաքային և գյուղական մշակույթի տները որպես պետական ակումբային հիմնարկներ մտնում էին ԽՍՀՄ մշակույթի նախարարության (կուլտուրայի մինիստրության) համակարգի մեջ ու բավականին արդյունավետ էին գործում՝ համայնքն ապահովելով բազմաթիվ աշխատատեղերով ու նպաստելով տվյալ շրջանի, համայնքի մշակութայւն կյանքի ծաղկմանը:

Իսկ այսօր, ի՞նչ կա այսօր հենց այդ նույն Կոտայքի մարզի հեռավոր ու լեռների մեջ ծվարած Զովաշեն գյուղում: Իրականում հենց այստեղից էլ հարկավոր էր սկսել:

Խոսում ենք գեղագիտական դաստիարակության, մշակութային գիտակցության կարևորության մասին, սակայն ՀՀ բազմաթիվ համայնքներում ունենք «զրո» մշակութային կյանք: Բազմաթիվ համայնքների երեխաներ երբևէ թատրոն, պատկերասրահ ու թանգարան չեն գնացել: Թվում է՝ աբսուրդի ժանրից է, սակայն իրողություն է:

Հարյուր հազարավոր դրամներ են ծախսվում մայրաքաղաքում մշակութային կյանքը ծաղկեցնելու, փառատոներ, ցուցահանդեսներ ու համերգներ կազմակերպելու համար, իսկ բազմաթիվ համայնքներում մշակութային քաղց է: Մշակույթը սկսում և ավարտվում է համացանցում, իրական մշակույթը յոթ սարից այն կողմ է: Ժամանակին պատահականության սկզբունքով Սողոմոնը հայտնվեց Էջմիածնում, դարձավ Կոմիտաս՝ փրկելով մի ողջ ազգի մշակույթի գանձերը: Քա՞նի ու քա՞նի Սողոմոններ են այսօր ստվերվում մեր հեռավոր համայնքներում, սպանվում է այդ երեխաների տաղանդը, կորում է մոտիվացիան մի պարզ պատճառով. ներդրումներ չկան, չկա մշակութային կյանք:

Այն, որ բազմաթիվ համայնքներ կան, որ ունեն մշակութային կենտրոններ, որտեղ մատաղ սերունդը ճանաչում է մշակույթը, բացահայտում իր տաղանդը, մոտիվացվում, դա աներկբա է, իսկ ի՞նչ անի Զովաշենի ու բազմաթիվ այլ համայնքների մատաղ սերունդը,  թ՞ե մշակույթը նրանց խելքի բանը չէ:

Այստեղ է, որ կրկին նայում ենք «Կուլտուրայի պալատների» խարխուլ շենքերին ու նորից ընկնում մտածմունքների գիրկը…

Պետրոս Գասպարյան

5-րդ կուրս

Կիսվել