«Կարելի է ասել՝ ֆեմինիստները հաջողել են և շարունակում են հաջողել»

«Կարելի է ասել՝ ֆեմինիստները հաջողել են և շարունակում են հաջողել»

609

Լյուդմիլան երիտասարդ լրագրող ֆեմինիստ է։ Ֆեմինիզմը շարժում է, որի նպատակը կանանց և տղամարդկանց միջև իրավահավասարության հաստատումն է։

-Ինչը՞ դրդեց Ձեզ համալրել ֆեմինիստների շարքերը։

-Մինչ ֆեմինիզմին ծանոթանալը նկատում էի խտրական վերաբերմունք կանանց և աղջիկների նկատմամբ ու ծանր էի տանում, փորձում էի պայքարել այդ երևույթի դեմ։ Երկար ժամանակ պահանջվեց, որպեսզի ինքս ինձ ֆեմինիստ համարեմ, քանի որ ֆեմինիստներն էլ իրենց հերթին են ճնշման ենթարկվում հասարակության որոշակի շերտերի կողմից։ Այնուամենայնիվ, շարժման անդամ դառնալուց հետո նպատակս ավելի հստակեցրի, այն է՝ կանանց իրավունքների համար պայքարելը։

-Կարծում ենք, որ մյուս համայնքների պես, Ձեր համայնքում՝ Մեծ Այրումում էլ կա ֆեմինիզմի հասկացման և ընդունման խնդիր։ Դուք, որպես ֆեմինիստ, ինչպե՞ս եք փորձել ինչ-որ լուծում տալ այդ խնդրին։

-Ֆեմինիզմի շարժման և նպատակների մասին խոսելու և մարդկանց իրազեկելու առիթներ բազմիցս եղել են։ Կազմակերպել ենք արշավներ, միջոցառում-քննարկումներ, որոնց նպատակը գաղափարի էությունը տեղ հասցնելն է եղել։ Վերջերս էլ դպրոցի գրադարանի մի ամբողջ պատը ֆեմինիստական անկյան վերածեցինք՝ թեմատիկ պաստառներով և գրքերով։

-Առօրյայում լսում եք մի շարք հակասական կարծիքներ՝ կապված Ձեր դիրքորոշման հետ։ Ի՞նչն է հանդիսանում տարաձայնությունների հիմնական պատճառը։

-Հիմնական տարաձայնությունները ֆեմինիզմի թյուր ընկալման հետ են կապված։ Չտեղեկացված մարդկանց կարծիքով՝ ֆեմինիստները տղամարդկանց կողմից անտեսված, տգեղ կանայք են, ովքեր ուշադրության կարիք ունեն։ Այս դեպքերում հնարավորինս փորձում եմ իրականությանը համապատասխանող որոշակի տեղեկություններ փոխանցել, իսկ բոլոր նրանց, ովքեր, միևնույն է, չեն ուզում հասկանալ, հանգիստ եմ թողնում։

-Ի՞նչ արդյունքների է հասել ֆեմինիզմի տարածումը Հայաստանում։

-Կարելի է ասել՝ ֆեմինիստները հաջողել են և շարունակում են հաջողել։ Օրինակ՝  հիմա շատ քիչ կհանդիպենք և նույնիսկ մեծ թվով ոլորտներում չենք հանդիպի դեպքերի, երբ կինը նույն աշխատանքի համար ավելի քիչ է վարձատրվում, քան տղամարդը։ Սակայն սա չի նշանակում, որ ամեն ինչ իդեալական է։ Հայաստանում դեռ շատ աշխատանք պետք է տարվի, քանի որ դեռ կան մարդիկ, ովքեր մտածում են՝ աղջիկը ապրանք է կամ մեքենա, որին քշել կարող ես։

-Հնարավո՞ր կլինի ֆեմինիզմի գաղափարախոսությունը հասցնել փոքր համայնքներ։

-Երևանի և մյուս խոշոր քաղաքների համեմատ ներկայումս հեռավոր գյուղերում և փոքր քաղաքներում բավականին ծայրահեղ իրավիճակ է շարունակում տիրել։ Սակայն ունենք փայլուն  երիտասարդներ, ովքեր, չնայած տարածությանը, գտնում են կրթվելու, ինքնադրսևորվելու և ինքնազարգացում ապրելու ուղիները, որոնց շնորհիվ և համայնքներն են զարգանում։ Իսկ զարգացմանը զուգահեռ կբարձրանա հասարակության իրազեկվածությունը, և ֆեմինիստների մեծ թիվ կունենանք նաև հեռավոր գյուղերում։

-Դուք ապագա լրագրող եք, կարծո՞ւմ եք՝ կկարողանաք ավելի լսելի դարձնել ֆեմինիստների ձայնը։

-Չնայած նրան, որ ֆեմինիստները միշտ գտնում են ինքնարտահայտման իրենց ձևը, այնուամենայնիվ, նրանց գործունեությունը լուսաբանելը և ավելի մեծ թվով մարդկանց տեղեկացնելը իմ պարտականությունն է լինելու։ Հետևաբար՝ այո, լինելով ֆեմինիստ լրագրող, ես հավատարիմ կմնամ և՛ իմ մասնագիտությանը, և՛ իմ գաղափարախոսությանն ու ձևավորված արժեքներին

Իսկ այժմ բլից հարցում…

Ես ֆեմինիստ եմ և կարծում եմ… որ իրազեկված լինելու արդյունքում կկոտրվեն կարծրատիպերը

Յուրաքանչյուր ֆեմինիստ պետք է… պայքարի ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց ոտնահարված իրավունքների համար

Ֆեմինիզմը կփոխի… հասարակությունը՝ այն դարձնելով ավելի առողջ։

Ռուզաննա Ստեփանյան

2-րդ կուրս

Կիսվել