ՈՒԳԸ-ի գործունեությունը, սովերելու նպատակը և կառույցների հետ կապված շփոթը․ հարցազրույց ՈՒԳԸ նախկին...

ՈՒԳԸ-ի գործունեությունը, սովերելու նպատակը և կառույցների հետ կապված շփոթը․ հարցազրույց ՈՒԳԸ նախկին փոխնախագահ Արման Գրիգորյանի հետ

600

Ուսանողական գիտական ընկերությունը համալսարնում մեծ դերակշիռ ունեցող կառույցներից մեկն է։ Journalist.am-ի զրուցակիցն է ՈՒԳԸ նախկին փոխնախագահ Արման Գրիգորյանը։ Վերջինիս նախաձեռնությամբ ՈՒԳԸ-ն բազմաթիվ քննարկումներ և բանախոսություններ է կազմակերպել:

Որքա՞ն ժամանակ եք անդամակցել ՈՒԳԸ-ին։

-ՈՒԳԸ-ին անդամակցել եմ 2019թ-ից, բանակից վերադառնալուն պես: Մոտ 2,5 տարի ծավալածս գործունեությունից հետո, ցավոք, ստիպված էի լքել ՈւԳԸ-ն:

Համալսարանականներին խորհուրդ կտա՞ք անդամակցել կառույցին։

-Միանշանակ խորհուրդ եմ տալիս. համալսարանական ակտիվությամբ իրենց օրերը հագեցնելու, նոր ընկերներ և գաղափարակիցներ ձեռք բերելու և, իհարկե, ուսումնագիտական գործունեություն ծավալելու համար առաջնային հարթակ է ՈւԳԸ-ն: Վստահ եմ, որ կառույցին նշածս ակնկալիքներով (և ոչ միայն) անդամագրված յուրաքանչյուր ուսանող կգտնի իրենը այդտեղ:

Որքանո՞վ է ՈՒԳԸ-ն իրականացնում իր առջև դրած նպատակները։

-Ամենամյա միջազգային գիտաժողովներ, ՈւԳԸ հոդվածների ժողովածուներ, բազմաթիվ գիտահանրամատչելի միջոցառումներ, բանախոսություններ, մի քանի հարյուրի հասնող անդամներով մեծ և ընկերական միջավայր (երկար կարելի է թվել). այս ամենն իրականություն  է կառույցի ներսում, և կարծում եմ, որ ՈւԳԸ-ն ապացուցել է, որ իր գործունեության բնույթով և՛ ուսանողական է (ուսանողահեն), և՛ գիտական է, և՛ ընկերական է: 

-Կա՞ արդյոք մրցակցություն ՈՒԳԸ-ի և ՈՒԽ-ի միջև։

-Կառույցների գործունեության հիմքում կանգնած են ուսանողներ (հաճախ նույն ուսանողները) և գործունեության ուղղվածությունն էլ դեպի ուսանողն է, այնպես որ կարելի է ասել, որ գլոբալ առումով կառույցների նպատակը մեկն է՝ ծառայել ուսանողին, համալսարանական կյանքը դարձնել առավել լավը: Ուսանողական ոլորտը շատ լայն է, ուստի և գոյություն ունեցող կառույցների գործունեության համար կա բավականին ընդարձակ միջավայր. հետևաբար որևէ մրցակցություն լինել չի կարող: Կառույցները պարզապես տեսակով տարբեր գործունեություն են իրականացնում, ժամանակի ընթացքում հստակեցած ուղենշերով:

Ո՞րն է պատճառը, որ համալսարանականները, հատկապես առաջին կուրսեցիները, չեն տարբերում ՈՒԽ-ի և ՈՒԳԸ-ի գործառույթները և հաճախ շփոթում են կառույցները։

-Հետաքրքիր հարց եք տալիս։ Ինքս չեմ հիշում՝ խառնել եմ առաջին կուրսում, թե՞ ոչ, բայց չեմ կարծում, որ սարսափելի ինչ-որ բան կա: Նախ տեղի է ունենում իրազեկում, որին մասնակցողները դժվար թե այնուհետև շփոթեն կառույցները, բայց և այնպես, կարծում եմ, որ  բնկան է  Ձեր նշած իրավիճակը: Առաջին կուրսեցիները հիշելու և շփոթելու շատ բաներ ունեն, պարզապես պետք է ժամանակին կողմնորոշվել և անդամակցել համալսարանական որևէ կառույցի ուսանողական տարիներն առավել հետաքրքիր և հիշարժան դարձնելու համար:

-Ուսանողների շրջանակում կա՞ հետաքրքրություն դեպի գիտությունը։

-Միանշանակ. նախորդիվ նշեցի որ կառույցի անդամների թիվը հասնում է մի քանի հարյուրի, իսկ ՈՒԳԸ-ին անդամակցած յուրաքանչյուր ուսանողի նպատակը գիտական ոլորտում առաջին քայլերն անելն է: ՈւԳԸ հոդվածների ժողովածուում լույս տեսնող հոդվածների հեղինակներն են ոչ միայն ԵՊՀ ուսանողները, ինչը նույնպես խոսուն վկայություն է գիտական գործունեության նկատմամբ եղած հետաքրքրության մասին:

Որքանո՞վ է կառույցը նպաստում ուսանողների հետաքրքրւթյան զարգացմանը գիտության ոլորտի նկատմամբ։

-Կառույցի գլխավոր առանձնահատկություններից մեկը երիտասարդ գիտնականներին, ուսումնասիրողներին ինքնաարտահայտվելու, փորձի փոխանակման և գիտելիքների խորացման հարթակ տրամադրելն է: ՈւԳԸ ֆակուլտետային կառույցների  համագործակցությունը հնարավորություն է տալիս ուսանողներին օգտակար կապեր ստեղծել նաև այլ ոլորտների երիտասարդ գիտնականների հետ: Գիտական գործունեությամբ զբաղվել, փորձի փոխանակում առավել բազմափորձ ուսանողների և սկսնակների միջև, տարաբնույթ բանախոսություններ, գիտաժողովներ և այլն. երիտասարդ գիտնականներին կառույցը վստահաբար առաջարկելու շատ բան ունի:

-Ի՞նչը կփոխեիք ՈՒԳԸ-ի գործունեության մեջ։

-Կառույցում որևէ բան փոխելու մտադրություն երբևէ չեմ ունեցել՝ միակ նպատակս համարելով իմ համեստ գործունեությամբ այն մի փոքր ավելի լավը դարձնելը: Խորհուրդ եմ տալիս նաև կրտսեր ընկերներիս, ում ջանքերով հուսով եմ կառույցն առավել արդյունավետ կգործի. ՈւԳԸ-ն լավն է, կամ գուցե հակառակը, իրեն անդամակցած ուսանողներով, փոխել հարկավոր չէ, հարկավոր է գործել, նվիրված գործել ու փորձել կառույցը հնարավորության չափով առավել լավը դարձնել:

-Կա՞ հնարավորություն և ցանկություն ապագայում կրկին անդամակցելու կառույցին։

-Կառույցին այլևս չանդամակցելու որոշումն ինձ հեշտ չի տրվել: Պարզապես կյանքի նոր փուլում չցանկացա ուղղակի կրել ՈւԳԸ-ականի թեկուզև ինձ համար պատվաբեր կոչումը, սակայն չկարողանալ պատշաճ ժամանակ տրամադրել կառույցի շրջանակներում գործունեությանս: Հերթը ուսանողական չափանիշներով առավել երիտասարդներինն է: Իսկ ներկայումս նման մոտեցում ունենալով՝ ապագայում կրկին ՈւԳԸ շրջանակներում գործունեություն ծավալելու վերաբերյալ կդժվարանամ պատասխանել. ժամանակը ցույց կտա: 

Ո՞րն էր այն գերխնդիրը, որ դրել էիք ձեր առջև ՈՒԳԸ-ին անդամակցլու ժամանակաշրջանում։

-Սովորելը:

Շողեր Սահակյան

2-րդ կուրս

Կիսվել