Փրկվելու պատմություն. Սումգայիթից Ջերմուկ

Փրկվելու պատմություն. Սումգայիթից Ջերմուկ

886

Շատ ժամանակ չի անցել 1988 թվականի Սումգայիթյան ջարդերից։ «Այսօրվա պես հիշում եմ, թե ոնց էինք վախենում՝ մեր տանը նստած, քանի որ դրսում գոռոցներ էին, լացի ձայներ, իսկ մենք չէինք հասկանում՝ ինչ է կատարվում, մինչև տան դուռը չթակեցին…»,- պատմում է 42-ամյա Արևիկ Մարտիրոսյանը։

Արևիկը ծնվել ու մեծացել է Սումգայիթում։ Նրանք ընտանիքում չորսն էին՝ ինքը, քույրը, մայրը և հայրը։ Սումգայիթում՝ բազմահարկ շենքում, ունեին իրենց սեփական բնակարանը. «Մեր մուտքում միայն մենք էինք հայ։ Կային ռուս, թուրք, լեզգի, հրեա։ Մենք շփվում էինք մեր հարևանների հետ, բայց մտերիմ չէինք»։

Արևիկը և իր քույրը Սումգայիթում հաճախել են ռուսական դպրոց։ Չեն իմացել ո՛չ հայերեն գրել, ո՛չ կարդալ, ո՛չ  էլ նորմալ խոսել։ Թուրքերը նրանց միշտ հեգնել են՝ ասելով, որ հայ են և հայերեն չգիտեն, և որ ավելի շատ թուրքի են նման, քանի որ ծնվել ու մեծացել են հենց թուրքերի շրջապատում։

«Փետրվարի 26-ին ուսուցչուհին կարդում էր բոլոր հայ երեխաների անունները և տուն ճանապարհում»,- հիշում է Արևիկը։ Իրենք չէին հասկանում՝ ինչ է կատարվում։ Նույնիսկ երբ տուն են եկել, մայրը զայրացել է աղջկների վրա, որ դասից շուտ են վերադարձել։ Մի երկու ժամ է անցել, և լացի ձայներ, գոռոցներ են լսվել, անհասկանալի խառնաշփոթ է սկսվել քաղաքում․ «Թուրքերը ճշտել էին բոլոր հայերի հասցեները և ուզում էին իսպառ վերացնել հային։ Նրանք պտտվում էին բոլոր հայերի հասցեներով և որտեղ հայ էին տեսնում, սպանում էին, գույքն էին ջարդում, տներն այրում»:

«Մեզ թուրք է օգնել։ Ասաց, որ չի կարող իր տանը պահել, քանի որ մեկ սենյականոց է, թաքնվելու տեղ չկա, և ինքն էլ հինգ երեխա ունի, բայց քաղաքից կհանի մեզ, և մենք ճանապարհ ընկանք՝ առանց ժամանակ կորցնելու»,- իր պատմությունն է շարունակում Արևիկը։ Նրա խոսքով՝ այդ մարդը կացինը դրել է իր կողքին, որ եթե հանկարծ մեքենան կանգնեցնեն ու երեխաներին փորձեն վնասել, ինքն առաջինը վնասի։

Ուղևորվել են մորաքրոջ տուն՝ Բաքու։ Տեղ են հասել գիշերվա երկուսին։ Մորաքույրը դուռը բացել և զարմացել է՝ նրանց այդ ժամին այդտեղ տեսնելով։ Ոչ ոք չգիտեր սումգայիթյան ջարդերի մասին երեք օր շարունակ։ Ռուսական զորքը ուշացած եկել է երեք օր հետո՝ փետրվարի 29-ին, և խաղաղվել է ամեն բան։ Բայց այդ ընթացքում դատարկվել են հայերի բնակարանները: «Մինչ օրս բոլոր արձանագրություններում գրված է, որ ռուսական զորքը երեք ժամ է ուշացել»,- նշում է Արևիկը։

Պատմում է, որ այս ամենից  միայն 15 օր հետո մազապուրծ եղած հայությունը վերադարձել է Սումգայիթ՝ փոխանակելու բնակարանները, որովհետև արդեն նկատելի էր միտումը՝ հայերին իսպառ բնաջնջելու։ «Միայն հիմա եմ հասկանում, որ ամեն ինչ նախօրոք պլանավորված էր՝ մեզ դպրոցից տուն ուղարկելը, հասցեները ճշտելը և այլն»,- ասում է։

Այս դեպքերից հետո ընտանիքով տեղափոխվել են Ջերմուկ, սեպտեմբերից հաճախել ռուսական դպրոց և այնտեղ սովորել հայոց այբուբենն ու հայերեն խոսել։ Արևիկը, սակայն, փորձում է այս ամենից գտնել լավը ու միայն դա հիշել՝ դեպքեր, դեմքեր, խոսակցություններ, ընկերներ, ծանոթներ և ի վերջո «նոր կյանք»։

«Երբ նոր էինք տեղափոխվել, մի քանի տարի նամակագրություն կար ընկերներիս հետ։ Փոստը դեռ աշխատում էր, և նամակները փոստի միջոցով էինք  գրում, ադրբեջանցիներն էլ մեզ էին գրում: Ծննդյան օրերին, տոն օրերին բացիկներ էինք ուղարկում միմյանց: Ադրբեջանցիներին հետաքրքիր էր, թե իրենց ընկերները որտեղ են ապրում. գյո՞ւղ է թե քաղաք, ինչպիսի՞ն է: Իսկ ինձ և իմ ընկերներին էլ հետաքրքիր էր՝ ինչ է փոխվել մեր բակում, դպրոցում։ ԵՒ այդ ժամանակ բոլորն ափսոսում էին, նույնիսկ թուրքերն ու ադրբեջանցիները: Մենք ափսոսում էինք, որ էլ չենք վերադառնա, իսկ նրանք, որ էլ չենք խաղա ու սովորի իրար հետ,- ցավով հիշում է կինը և ավելացնում․- ինձ համար այդ օրերի ամենալավ հուշը հայի երբեք չկոտրվող հոգեկանն էր»:  

1988 թվականն էր, որ նրանց ընտանիքը տեղափոխվեց Հայաստան. ճգնաժամային պայմաններ, մեծ թվով փախստականներ: Ըստ Արևիկի՝ Հայաստանի իշխանություններն ամեն կերպ օգնում էին, փորձում էին ամեն ինչով ապահովել այն փախստականներին, որոնք թողել էին իրենց տներն ու եկել Հայաստան: Իսկ այն մարդիկ, որոնք վաճառել կամ փոխանակել էին իրենց տները, չէին համարվում փախստական, այսինքն չունեին փախստականի կարգավիճակ: Արևիկի ընտանիքը նույնպես փախստականի կարգավիճակ չուներ:

«Հիասթափությունը մեծ էր, երբ մեզ հին մեկսենյականոց բնակարան տրամադրեցին: Սումգայիթի մեր բնակարանը երկու սենյականոց էր, հիմնովին վերանորոգված ու ամեն տեսակի գույքով: Մենք չէինք ուզում Ջերմուկի այդ բնակարանում ապրել, բայց ստիպված էինք: Սկզբում շատ դժվար էր, քանի որ ծնողներս աշխատանք չունեին, եւ մենք ապրուստի միջոց չունեինք: Եվ պետությունից ոչ մի օգնություն չէինք ստանում, քանի որ չունեինք փախստականի կարգավիճակ: Հետո ամեն ինչ փոխվեց»,- պատմում է մեր հերոսուհին:

Հայրն ընդունվել է շինարարական կազմակերպությունում աշխատանքի, իսկ մի քանի ամիս հետո մայրն է աշխատանք գտել. մանկապարտեզում դայակ էր: Իսկ իրենց էլ դպրոցում շատ լավ են ընդունել թե՛ ուսուցչական կազմը, թե՛ աշակերտները: Իրենց դասարանում շատ կային Ադրբեջանից տեղահանված հայեր, գրեթե բոլորը նույն վայրերից էին ու շատ  ընդհանրություններ ունեին: «Իմ և մեզ նման ընտանիքների համար սա շատ մեծ փորձություն էր, բայց մենք կարողացանք հաղթահարել ու շարունակել ապրել հայրենիքում: Եվ ես հասկացա, որ ամեն ինչ անցողիկ է, և ժամանակը ամեն ինչ ուղղում է»,- ժպտում է Արևիկը:

Լիլիթ Հովհաննիսյան

2-րդ կուրս

Կիսվել