Երբեմն ավելի բարդ և կարևոր է ներքին ապատեղեկատվության դեմ պայքարելը․Լուսինե Ոսկանյան

Երբեմն ավելի բարդ և կարևոր է ներքին ապատեղեկատվության դեմ պայքարելը․Լուսինե Ոսկանյան

548

Լուսինե, Դուք փաստեր ստուգող լրագրող եք, նախ ասեք, թե ի՞նչ է ապատեղեկատվությունը, ո՞ւմ կողմից է ստեղծվում և ի՞նչ նպատակ է հետապնդում։

-Ապատեղեկատվությունն այն կեղծ պատմույթներն են, որոնք ստեղծվում են որոշակի խմբերի կողմից մեկ այլ թիրախային խմբի ապակողմնորոշելու համար։ Պատճառները լինում են տարբեր՝ հիմնականում քաղաքական պատճառներով են ստեղծվում, այսինքն այն, ինչ Հայաստանում մենք նկատել ենք, հիմնականում քաղաքական նպատակներով է արվում։

-Որո՞նք էին ապատեղեկատվության սկզբնաղբյուրները 44-օրյա պատերազմի ժամանակ։

-Այդ հարցին մի փոքր դժվար է պատասխանելը։ Գիտեք, որ այդ ժամանակ ռազմական դրություն էր գործում, և ռազմական դրության պայմաններում չէինք կարողանում ավելի համարձակ ստուգել մեր՝ հայակական կողմերի խոսույթները, հայտարարությունները, բոլոր տեսակի տեղեկությունները, բայց ակտիվորեն զբաղվում էինք ադրբեջանական քարոզչության դեմ պայքարելով: Իսկ արդեն պատերազմից հետո, երբ հնարավորություն ունեցանք ստուգելու մեր կողմի տեղեկատվությունը ևս, պարզվեց, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում պետական գերատեսչություններն են հենց այդ ապատեղեկատվությունների հեղինակները։

-Ի՞նչ մեխանիզմներով էին դրանք տարածվում։

-Տարածվում էին հիմնականում ելույթների, հարցազրույցների միջոցով, տարբեր հարթակներով։ Հիշում ենք, որ պատերազմի ժամանակ Արայիկ Հարությունյանի խորհրդական Վահրամ Պողոսյանը գրել էր, որ Գյանջյաի օդանավակայանը հօդս է ցնդել, բայց մենք իհարկե ստուգել էինք և այդ պահին գիտեինք, որ նման բան չկա։ Պատերազմից հետո գրեցինք, որ նման բան չի եղել։ Այսինքն պատերազմի ընթացքում պոտենցյալ բոլոր գործիչների, գործող անձանց խոսույթները կարող են լինել ապատեղեկատվություն։

-Ինչպե՞ս էին դրանք մտնում մեր տեղեկատվական դաշտ, ի՞նչ խողովակներով, իսկ այդ ամենից հետո ինչպե՞ս էին ազդում հանրության վրա։

-Հատկապես պատերազմի ընթացքում մարդիկ շատ խոցելի են, երբ պետությունն ու քաղաքացիները տրավմայի մեջ են լինում, իրենք ավելի հակված են հավատալու այն ինֆորմացիային, որն իրենք ստանում են։

Այդ նույնը մենք տեսնում ենք այս օրերին ռուս-ուկրաինական պատերազմի դեպքում, երբ երկու կողմից էլ տարբեր ձևերով քարոզչություն է գնում, ու երբեմն դժվար է լինում հասկանալ՝ որն է ճիշտ, որը՝ սխալ: Հենց այդ պահին է, որ մարդիկ կարիք ունեն փաստերի ստուգում կոչվածի, քանի որ ամենախոցելի վիճակում են գտնվում, այդ վիճակից էլ օգտվում են որոշակի խմբեր՝ մանիպուլացնելով խոցելի խմբերին։

-Արդյո՞ք մենք կարողանում էինք հակազդել ապատեղեկատվական արշավներին, ինչպե՞ս ու ի՞նչ միջոցներով։

-Պատերազմի ընթացքում մենք չէինք կարող հակազդել, մենք տալիս էինք այնքան ինֆորմացիա, ինչքան որ կարող էինք, բայց մենք ինչ-որ սահմանից այն կողմ չէինք կարող անցնել ու փակագծեր բացել, որովհետև ռազմական դրություն էր, իրավունք չունեինք։ Ինչ-որ կարողացանք ներկայացնել պոստ ֆակտում էր։ Մենք կարողանում էինք հակազդել Ալևի ստերին, ադրբեջանական ստերին: Բայց երբեմն ավելի բարդ է և կարևոր ներքին ապատեղեկատվության դեմ պայքարելը։    

Սվետլանա Դավթյան

4-րդ կուրս

Կիսվել