Հեղինակային իրավունքը իրավախախտումների ստվերում

Հեղինակային իրավունքը իրավախախտումների ստվերում

661

«Խախտումները շատ են, հատկապես համացանցում ֆիլմերը ցուցադրում են ամեն րոպե և վայրկյան։ Հենց 10 րոպե առաջ բողոք ստացանք, որ ֆիլմի անօրինական ցուցադրություն է իրականացվել»։

«Հայհեղինակ» ՀԿ-ն հեղինակային խախտումների վերաբերյալ բողոքներ ստանալու պակաս չունի, տնօրենի՝ Սուսաննա Ներսիսյանի հետ զրույցից առաջ կազմակերպությունը ևս մեկ խախտման բողոք ստացավ։ Հարցին, թե որոնք են այդ օրինախախտ կայքերը, Ներսիսյանը պատասխանեց՝ այնքան են խախտում, որ արդեն չգիտես՝ որ կայքն է։

Ղեկավարի խոսքով՝ ֆիլմերի հեղինակներին կամ պրոդյուսերներին է տրվում հանրությանն՝ իրենց ստեղծագործությունները հաղորդելու բացառիկ իրավունքը, որն ամրագրված է օրենքով։ Եթե համացանցում օգտագործվում է ֆիլմ, երաժշտություն կամ այլ ստեղծագործություն, պիտի պարտադիր հեղինակի կամ իրավատիրոջ կողմից լինի թույլտվություն։

Հեղինակային իրավունքը հեղինակներին օրենքով տրվող պահպանությունն է, ինչը նրանց՝ իրենց ստեղծագործությունները վերահսկելու իրավունք է տալիս։ Հեղինակային իրավունքի մասին օրենքը հիմնված է այն համոզմունքի վրա, որ ստեղծագործության հեղինակն արժանի է ողջամիտ փոխհատուցում ստանալու և ստեղծագործության օգտագործման նկատմամբ վերահսկողության իրավունք ունենալու։ Հեղինակն այն ֆիզիկական անձն է, ով ստեղծել է ստեղծագործությունը, այդ իսկ պատճառով նրան են պատկանում տվյալ ստեղծագործությանն առնչվող կոնկրետ իրավունքներ։

«Հայհեղինակ» ՀԿ-ի ղեկավարը կարծում է՝ Հայաստանը օրենսդրական դաշտի հետ առանձնապես խնդիր չունի, բոլոր միջազգային նորմերը վավերացված են։ Բայց խախտումներն, ըստ նրա, անչափ շատ են«Կարող եմ վստահ ասել՝  60%-ը աշխատում է անօրինական տիրույթում, իսկ եթե վերլուծեմ, թե որ օբյեկտներն են օրինական դաշտում՝ առաջինը կլինեն թատրոնները։ Իրենք ունեն պայմանագրեր՝ վճարում են մեզ, մենք էլ օրինական փոխանցում ենք հեղինակներին»:

 «5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրեն Արմեն Անդրեասյանը վստահեցնում է՝ «5-րդ ալիքը» օրինական դաշտում է։ Օրենքն ամբողջը կարգավորում է, կան պայմանագրեր համապատասխան ընկերությունների հետ . «Այո՛, բնականաբար, ցուցադրման իրավունքը գնվում է Հայաստանի համար և հեռարձակվում է, թարգմանվում, համապատասխան ենթատողեր են դրվում, որոնք կարգավորվում են պայմանագրով։ «Լեվի» կինո ո՞նց կարող է հեռուստատեսությունը ցույց տալ, ես չգիտեմ մյուսները, բայց մերը պահպանված է: Հեռուստաընկերությունները 1 կամ 2 տարի ժամկետով գնում են տվյալ ֆիլմը, ձեռք են բերում ցուցադրման հեղինակային իրավունքը, սակայն որոշ կայքեր ձայնագրում են դրանք, անօրինական ճանապարհով ստանում են ֆիլմի բովանդակությունը՝ առաջինը վնասելով հեռուսաընկերությանը»,- ընդգծում է «5-րդ ալիք» ՀԸ փոխտնօրենը. «Դա հեռուստատեսության հետ ընդհանրապես կապ չունի, դրանք «պիռատսկի» կայքեր են, որոնք առաջին հերթին մեզ են վնասում։ Եթե համացանցում փնտրեք, այդպիսիք շատ կան։ Կգտնեք նույնիսկ հայերեն թարգմանությամբ։ Իրենք ձայնագրում են հեռուստատեսությունից, նույնիսկ լոգոն փակում են, կամ չեն փակում։ Դրանք բոլորը օրենքից դուրս գործող կայքեր են։ Մենք գումար ենք ծախսում, ֆիլմը գնում ենք, ռեսուրս ենք ծախսում, թարգմանում ենք և այլն, հետո հեռարձակում ենք, իսկ մյուս օրը հայտնվում է այդ կայքերում»:

Ամենաաղմկահարույց դեպքը  2018 թվականին էր։ «Սուպեր մամա 2» ֆիլմն ապօրինաբար ներբեռնվել էր համացանց։ Հեղինակները պայքարում էին ֆիլմը համացանցից հեռացնելու համար։ Հանրության քննարկման առարկա դարձած միջադեպին, սակայն, ֆիլմի հեղինակներն արձագանքել էին միայն սոցկայքում կատարած գրառմամբ:

Փորձեցինք ուսումնասիրություն կատարել համացանցում և կապվել օրինախախտ կայքերի հետ՝ հասկանալու՝ որտեղի՞ց են գնվում ֆիլմերը, և ո՞ւնեն արդյոք ցուցադրման հեղինակային իրավունք։ Պարզվեց, որ այդ կայքերը բազմաբովանդակ են ու լեցուն են ոչ միայն ֆիլմերով, այլև կան հեռուստատեսային շոուներ, սերիալներ, մուլտֆիլմներ և այլն։ Կայքերից մեկում հանդիպեցինք Հ2 ՀԸ-ին պատկանող «Չէին սպասում» հաղորդմանը։ Զանգեցինք Հ2 ՀԸ, սակայն կապվել չհաջողվեց։

 «5-րդ ալիք» ՀԸ-ի փոխտնօրենն արդեն չի էլ հետևում այդ կայքերին. «Դիմել ենք բազմաթիվ անգամ, բայց նրանք, քանի որ անվերահսկելի են, հիմնականում արտասահմանում են իրենց այդ սերվերները, անընդհատ բացվում և փակվում են։ «Լեվի» դաշտում գործում, գովազդ են վաճառում: Ես արդեն չեմ էլ հետևում իրենց»։

Քնարիկ Վարդանյան, Մարիամ Ստեփանյան

3-րդ կուրս

Կիսվել