Գյուղաբնակին ու մոսկվաբնակին մեկ նժարի վրա պետք չէ դնել. մարզերի բնակիչները դժգոհում...

Գյուղաբնակին ու մոսկվաբնակին մեկ նժարի վրա պետք չէ դնել. մարզերի բնակիչները դժգոհում են բնակարանների վարձից

559

Ռուսական ռուբլու փոխարժեքի արժեզրկման և ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված` Հայաստանից արտագնա աշխատանքի մեկնող շատ քաղաքացիներ խնդրի առաջ են կանգնել` գնա՞լ ՌԴ աշխատանիք փնտրտուքով, թե՞ ոչ:

Journalist.am-ի հետ զրույցում Արամ Մելոյանն, ով ամեն տարի արտագնա աշխատանքի է մեկնում ՌԴ, նշեց, որ դեռ չի պատրաստվում գնալ Ռուսաստան, ցանկանում է Հայաստանում աշխատել, փորձում է տուն գտնել Երևանում ու տեղափոխվել: Սակայն տների գներն ու վարձերն այնքան են թանկացել, որ ամբողջ աշխատած գումարով հազիվ վարձը կարողանա վճարել. «Մեկ սենյականոց բնակարանի համար 200-250 հազար դրամ փող են ուզում, դա համարյա իմ ամբողջ աշխատավարձն է, նույնիսկ կոմունալների համար փող չի մնա, իսկ ռուսներին երբեք չեն մերժում, մի քանի րոպեում տուն են տալիս, որովհետև նրանք տեղացի չեն և թանկ են վճարում: Այսինքն` նույն տունը ավելի թանկ գնով տալիս են ռուսին իրենց փողի համար, իսկ ես ու իմ նման շատերը շրջաններից գալիս ենք Երևան, բայց մնալու տեղ չենք գտնում»:

«Silver REA» անշարժ գույքի գործակալության տնօրեն Անդրանիկ Հարությունովի խոսքով՝ հազվադեպ է լինում, երբ հավասար պայմաններում մրցեն տեղացի և օտար երկրներից եկած հաճախորդները. «Դրանք մասնավոր դեպքր կարող են լինել: Այո՛, բնակարանները թանկանում են, բայց ամենաշատը 40 տոկոսով, իրականում թանկացել են Արաբկիր, Կենտրոն, Դավթաշեն համայնքների բնակարանները ու նորակառույցները: Շատ բյուջետային բնակարանները, որտեղ, օրինակ, կոմունիկացիաները քիչ են կամ նորոգումն է թույլ, այդ բնակարանները հիմնականում նորմալ գներով են, այդքան էլ չեն թանկացել:Ռուսաստանից եկած հաճախորդները հիմնականում վարձում են լավ բնակարանները, շատերը բարձր վարձատրվող, ՏՏ ոլորտում աշխատող մասնագետներ են ու նախընտրում են շատ լավ նորոգված բնակարաններ»:

Մեր այն հարցին, թե ինչպե՞ս պետք է վարվել, երբ նույն բնակարանի համար հավասար պայմաններում մրցակցում են և՛ հայաստանցի, և՛ օտար երկրից եկած հաճախորդները, Հարությունովը պատասխանեց. «Շուկայական հարաբերություններում մի քանի մասնավոր դեպքի վրա հիմնվելով՝ չի կարելի ասել, որ համատարած այդպես է: Ռուսաստանից եկածը վարձում է 3 ամսով, իսկ շրջանից եկած քաղաքացին վարձում է երկար ժամկետով, այսինքն` գործոնները տարբեր են: Մարզից եկողը հաստատ Արաբկիրում 3 սենյականոց նորակառույց չի վարձի 1000 դոլարով, չեն կարող իրենք մրցեն Ռուսաստանից եկածների հետ: Իրենք տարբեր սեգմենտների վարձակալներ են»:

Մինչդեռ մարզերից մայրաքաղաք տեղափոխված մեր հայրենակիցները դժգոհում են՝ գյուղաբնակին ու մոսկվաբնակին մեկ նժարի վրա դնել պետք չէ՝ մարզից գալիս են, որ օրվա հացի գումար վաստակելու համար աշխատանք փնտրեն, իսկ Ռուսաստանից, որ օնլայն շարունակեն իրենց բարձր վարձատրվող աշխատանքը:

Անահիտ Սվարյան, Սիրուշ Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել