Աղքատության պատճառով դպրոց չհաճախող երեխաներ

Աղքատության պատճառով դպրոց չհաճախող երեխաներ

649

Ն. Սաֆարյանը բնակվում է Կոտայքի մարզի Սոլակ գյուղում: Արդեն 10 տարեկան է և դպրոց չի հաճախում: Չի էլ ուզում գնալ, քանի որ դեռ վաղ մանկությունից հասկացել է, որ դպրոց գնալու համար պետք է նախ հագուստ ու կոշիկ ունենա:  «Փող չկա, որ դպրոց գնամ»,- ասում է նա: «Հայաստանում դպրոցական կրթությունն անվճար է»,- հիշեցնում եմ ես: Իսկ նա ժպտում է ու շարունակում: «Անվճար բան չկա: Շորի համար փող ա պետք, գիրք ու տետրի համար փող ա պետք: Ամեն առիթի համար փող ա պետք»: Հետո ժպտում է ու ժպիտով ավելացնում, որ փող ունենալու համար պետք է աշխատի:

Իսկ ի՞նչ աշխատանք կարող է գտնել տասնամյա տղան գյուղում: Նա հոր հետ միասին հովիվ է սարերում, հանդերում խոտ է հնձում, դաշտերն է ջրում, հարևաններին է օգնում մանր-մունր գործերում, և այդ ամենի համար նրան վճարում են: Գրեթե ամեն օր գործ ունի, երբեք անգործ չի մնում: Դպրոցում դասընկերներն արդեն հաշտվել են նրա բացակայության հետ, իսկ դասղեկն ու տնօրենը մի քանի անգամ ծնողների հետ խոսելուց հետո համակերպվել են այն փաստի հետ, որ Ն. Ս.-ն դպրոց չի հաճախելու:

Տարօրինակ է, սակայն, Ն.Ս.-ի ծնողների դիրքորոշումը: Մայրը գտնում է, որ չորս երեխաներին դպրոց չուղարկելով միանգամից մի քանի խնդիր է լուծում՝ չի մտածում, թե ինչ պետք է հագնեն, չի «ներվայնանում»  ժամանակ առ ժամանակ պահանջվող դպրոցական ծախսերի համար և չի մտածում, թե ով պետք է երեխաների դասերը սովորեցնի: «Այսպես ավելի ճիշտ է,- ասում է նա,- երեխաներս միշտ կողքիս են, ինձ օգնում են, աշխատած գումարն էլ շատ է լինում»: Կրթության մասին վերջինիս պատկերացումները մի փոքր տարբերվում են կրթության արժեքը հասկացող այլ ծնողների պատկերացումներից: «Սովորում ա, ի՞նչ անի, նախարար չի դառնալու: Ես ու հերն էլ չենք սովորել, մարդ չե՞նք»:

Գյուղի մյուս ծայրին ապրող նրանց համագյուղացիները, սակայն, այլ կարծիքի են: Նրանք նույնպես ունեն աղքատության հաղթահարման խնդիր, բայց բարձր են գնահատում կրթության դերը: Մ. Ի.-ն և նրա քույրը 7-8 տարեկան աղջիկներ են և երբեք դպրոց չեն գնացել: Երեխաներն ապրում են մայրիկի հետ՝ առանց հոր: Մայրն ամեն ինչ անում է նրանց սնունդով և հագուստով ապահովելու համար, սակայն ծայրահեղ աղքատությունը ստիպում է երեխաներին դպրոց չուղարկել: «Շատ եմ ուզում, որ սովորեն, մարդ դառնան, հետագայում աշխատանք ունենան, – նշում է մայրը,- բայց չեմ հասցնում: Մի օր կուշտ, մի օր սոված ապրում ենք: Հարևանների տված հին շորերն ենք հագնում, իսկ դպրոցում ծախսերը շատ են»:  Ապա ավելացնում է, որ աղջիկներին անձամբ է գրել-կարդալ սովորեցնում:

Կրթությունը երկրի առաջադիմության, մշակույթի պահպանման, զարգացման անհրաժեշտ պայմանն է, իսկ կրթվելն անհատի զարգացման գործընթացն է՝ ուղղված գիտելիքների, հմտությունների, ստեղծագործության տիրապետմանը, աշխարհի նկատմամբ արժեքային վերաբերմունքի ձևավորմանը: Թեև նախնական կրթությունն անվճար է բազմաթիվ երկրներում, այնուամենայնիվ շատ երեխաներ դուրս են մնում կրթական համակարգից աղքատության պատճառով: ՄԱԿ-ի Երեխաների իրավունքի կոնվենցիայի 27 և 28 հոդվածներում նշվում է, որ նախնական կրթությունը պարտադիր է բոլորի համար, անվճար և հասանելի յուրաքանչյուրին՝ անկախ երեխայի ազգությունից, սեռից և սոցիալական կարգավիճակից:

Թեև կրթություն ստանալու իրավունքն ամրագրված է ՀՀ օրենսդրությամբ, տարեցտարի ավելի քիչ թվով երեխաներ են ստանում տարրական կամ միջնակարգ կրթություն: ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2020-2021  ուսումնական տարում դպրոց չի հաճախել տարրական դասարանի տարիքի երեխաների 7.1%-ը: Այն 1.7 տոկոսով բարձր է 2017 թվականի տվյալներից: Նրանց մեծամասնությունը ստիպված է եղել հեռանալ դպրոցից՝ չունենալով համապատասխան հագուստ և գրենական պիտույքներ, մի մասն էլ ստիպված է եղել տարատեսակ աշխատանքներ կատարել իր գոյությունն ապահովելու համար: 

Նախնական կրթությունից զրկված երեխաներին հանդիպում ենք հիմնականում գյուղերում, որտեղ եկամտի միակ աղբյուրը հողագործությունն ու անասնապահությունն է: Աշխատանք չունենալու պատճառով շատ ծնողներ ստիպված են լինում իրենց երեխաներին իրենց հետ դաշտ ու հանդ տանել՝ դրանով իսկ զրկելով կրթություն ստանալու իրավունքից:

Սակայն, տարրական դասարաններում դպրոց հաճախելը դեռևս կրթություն ստանալու երաշխիք չէ, քանի որ բազմահազար երեխաներ դուրս են մնում դպրոցից աղքատության պատճառով: Դարձյալ ԱՎԾ պաշտոնական տվյալներով՝ 2020-2021   թթ. դպրոցներից հեռացել և որևէ տեղ ուսումը չի շարունակել երեխաների 25.7 տոկոսը:

Աղքատության հետևանքով դպրոց չհաճախող երեխաների թիվն ավելանում է՝ երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վատթարացմանը զուգահեռ: 2020 թվականի 44-օրյա պատերազմն էլ իր հերթին է հետք թողել աղքատության ցուցանիշի բարձրացման վրա: Բազմաթիվ ընտանիքներ զրկվել են միակ կերակրողից՝ հորից, ինչի հետևանքով ընտանիքներում ավագ երեխաները ստիպված ստանձնել են հայրիկի դերն ու փորձել աշխատանք գտնել՝ մոր հոգսը թեթևացնելու համար: Եթե նախկինում այս երեխաները երազում էին դպրոցն ավարտելուց հետո բարձրագույն կրթություն ստանալ և մասնագիտություն ձեռք բերել, ապա այսօր նրանց միակ երազանքը բարձր վարձատրվող աշխատանք գտնելն է, ինչը, սակայն, այնքան էլ իրական չէ, քանի որ վերջիններս անչափահաս են և չունեն համապատասխան որակավորում:

Պատերազմի և համավարակի բացասական ազդեցությունը երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա առավել քան ակնհայտ է, սակայն դրանց հետևանքով կրթությունից դուրս մնացած երեխաների հստակ թիվը հայտնի կլինի մի քանի տարի հետո, երբ դպրոցահասակ երեխաները կմեծանան և հնարավորություն չեն ունենա ընդունվել ԲՈՒՀ-եր:

ՀՀ-ում աղքատ երեխաներ շատ կան, բայց նրանց մի մասն է միայն բացակայում դպրոցից: Կրթություն չեն ստանում միայն ծայրահեղ աղքատները: Խնդիրը հրատապ լուծման կարիք ունի հանրապետական մակարդակով:   Խնդրի լուծումը պահանջում է պետական միջամտություն և առաջին հերթին աղքատության նվազագույն շեմի հաղթահարում:

Նորա Ղազարյան

4-րդ կուրս

Կիսվել