Այսպես չե՛ն որոշում ապրել, այսպիսին՝ ծնվում են

Այսպես չե՛ն որոշում ապրել, այսպիսին՝ ծնվում են

832

Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել, որ

Սուրբ հողդ երբե՛ք չզգա քո ավելորդ

Ծանրությունը…

Ահա այսպես է ապրել և ապրում իր կյանքը ճանաչված մանկավարժ Մերուժան Սարգսյանը։ Բիթլիսի վիլայեթից է գալիս նրա ազնիվ և ամուր արմատները, որոնցից էլ ընձյուղվել ու հետո կաղնիացել է պատմաբան-մանկավարժը։ Իր ծննդավայր Ապարանի սառնորակ աղբյուրների՞ց, արարչագործ բնությունի՞ց, թե՞ արդար ու շիտակ Գարսևան հորից ու Վարդեր մորից է ժառանգել իր խորիմաստ, փիլիսոփա էության առեղծվածը։

Ծխախոտի քուլաների միջից մի թեթև, բայց երանելի ժպիտ է եզերագծվում շուրթերին, երբ հիշում է իր անցած երկար ճանապարհը, իր սաներին, որոնցից շատերն այսօր ոչ միայն մեր հանրապետությունում, այլև աշխարհի տարբեր ծագերում կայացած ու լուրջ մասնագետներ են։ Ապարանի շրջանի Նորաշեն գյուղում առաջինն էր, ով բարձրագույն կրթություն ստացավ, առաջին ուսուցիչն էր՝ բարձրագույն կրթությամբ։ Սակայն նրան հեշտ չի տրվել  այդ բարձրագույն կրթությունը. «Այդ ժամանակ գյուղը էլեկտրիկացված չէր, սովորելու համար միայն առավոտը և ցերեկը բավական չէր, մանավանդ որ հողամասում ևս անելիք էր լինում, ուստի երեկոյան, երբ բոլորը քնած էին, ես գնում էի թոնրատուն, տաք թոնրի առջև նստում, վառում նավթավառը, ոտքերս կախում թոնրի մեջ և դասերս էի  անում»,-հիշում է նա։

Հետո սկսվեցին մանկավարժի նվիրումի տարիները՝ Ապարան շրջանի Երնջատափ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ, ուսմասվար, դիրեկտոր, Երևանի թիվ 93 դպրոցում պատմություն և հասարակագիտություն ուսուցիչ, թիվ 92-ում՝ պատմության ուսուցիչ, համատեղ՝ ՀՀ ԿԳ նախարարությունում Երևանի տարածքային տեսչության տեսուչ։ Դափնիները իրենք եկան ու գտան  նվիրյալ մանկավարժին՝ Ավագ ուսուցչի պատվավոր կոչում, Ստեղծագործող ուսուցչի կոչում, ՀՀ ԿԳ նախարարության Ոսկե հուշամեդալ, որը  ստացել  էր կրթության նախարարից՝ Սերգո Երիցյանից։ Նա անձնական շփումներ է ունեցել ժամանակի հայտնի գրողների և դերասանների հետ՝  Գևորգ Էմին, Համո Սահյան, Հովհաննես Շիրազի հետ հաց կիսել, դերասան Սոս Սարգսյանի հետ խաղացել «Ձորի Միրո» ֆիլմում։ Կինը՝ Լուսյա Գրիգորյանը նշում է, որ հավատաիրմ և օժանդակ ամուսին է. «Երբ գյուղում ենք լինում, ես և ամուսինս հաճախ ենք նստում ընկուզենիների տակ և զրուցում, մտովի գնում  անցյալ և միասին վերադառում ներկա»։

Սիրում է բնությունը, փոխադարձ է  նրանց կապը։ Ժամերով կարող է խնամել ծառերը, խնամքով դասավորել բերքը և մանկան նման ուրախանալ ծառի ամեն բողբոջից։ Յուրաքանչյուր ծառ, որը տնկել է Ապարանի իր հայրական տանը, մի խորհրդանիշ է իր անցած կյանքի դժվարություններից, որոնք նա հաղթահարել է, և այդ շիվը նույնպես պետք է հաղթահարի իր առջև ծառացած բոլոր խնդիրները և դառնա հսկա և պտղատու ծառ։ Առանձին ուշադրությամբ և հոգատարությամբ է խնամում իր մեղուները։ Զգուշությամբ բարձրացնում է մեղվի շրջանակները և սկսում ուշադրությամբ զննել, դե իսկ մեղվի խայթոցները նրա համար արդեն սովորական են դարձել, միայն ցավում է, որ մեղուները լավ չեն աշխատում՝ դաշտերում ծաղիկ չլինելու պատճառով։ 

Նրա մոտ յուրաքանչյուր պահին կարող ես զգալ կորցրած հայրենիքի կարոտը, դրա մասին խոսելիս աչքերը թրջվում են։ Նա սովորեցնում է հայրենասիրություն, ինչպես պաշտպանել հայրենիքը  գործով, նպաստել հայրենիքի բարգավաճմանը։ Նա չի հանդուրժում խոսքով հայրենասերներին։ Այսպես է եղել և այսպես պետք է շարունակի լինել Մերուժան Սարգսյան մարդու, մանկավարժի, ամուսնու, հոր, պապիկի կյանքն ու մանկավարժական գործունեությունը։

Լուսինե Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել