Իրական նպատակները պատճառներ չեն ծնում

Իրական նպատակները պատճառներ չեն ծնում

488

«Մեծ է այն դերասանը, ով հանդիսատեսին ստիպում է մոռանալ դետալների մասին», սա հայտնի ֆրանսացի դերասանուհի Սառա Բեռնարի խոսքերն են, իսկ թե ի՞նչ դետալներ են դրանք և ի՞նչ գնով է դերասանն հասնում այդ ամենին, դրա մասին խոսել ենք Բոհեմ Թատրոնի դերասանուհի՝ Ռուզաննա Մանուչարյանի հետ.

 -Մասնագիտության ընտրության հարցում ո՞վ կամ ի՞նչն է մեծ դերակատարում ունեցել Ձեր կյանքում։

Հայրիկիս մորեղբայրը մասնագիտությամբ դերասան է,նա աշխատել է Մոսկվայի մի քանի թատրոններում, նաև եղել է գեղարվեստական ղեկավար։ Նրանից ոգեշնչված՝ ես որոշեցի դառնալ թատրոնի դերասանուհի, թեպետ բեմը միշտ եղել է իմ կյանքում, սկսած 4 տարեկանից, քանի որ ծնվել եմ կրկեսի դերասանների ընտանիքում։ Հայրս ռեկորդակիր է, այս պահին նա նաև ղեկավարում է իր անձնական շրջիկ կրկեսը։

 -Թատրո՞նը, թե՞ կինոն, ո՞րն է Ձեզ ավելի հոգեհարազատ։

-Երկուսն էլ, ճիշտ է, այս պահին ավելի շատ զբաղված եմ թատրոնում  տեղի ունեցող նկարահանումներով, բայց, եթե լինեն առաջարկներ, չեմ մերժի, քանի որ շատ եմ սիրում նկարահանման պրոցեսը։

-Կհիշե՞ք մի կերպար, որը խաղալիս հասկացել եք, որ Ձեր և այդ կերպարի միջև ինչ-որ ընդհանուր բան կա։

– Ըստ իս՝ յուրաքանչյուր կերպար կերտելիս մենք ամեն դեպքում ինչ-որ ընդհանուր գծեր ունենում ենք, քանի որ մենք մատուցում ենք կերպարը  այնպես, ինչպես մենք ենք զգում, արդարացնում, կամ հակառակը։

-Ձեր խաղացանկը բավականին բազմազան  է, արդյոք հեշտ է կերտել այնպիսի մի կերպար, որի հետ ընդհանուր ոչինչ չունեք։

-Ունեցել եմ նման կերպար, որի հետ բացարձակ ոչ մի ընդհանուր գիծ չեմ ունեցել։ Շատ բարդ է եղել, երկար աշխատանք եմ տարել, և ասեմ, որ ամենահաջողված կերպարներից մեկն է ստացվել։

-Ըստ Ձեզ՝ ի՞նչ կարևոր հատկություններով պետք է օժտված լինի դերասանը։

Կարծում եմ՝ ճկունությունը։ Դերասանը, երբ ինչ-որ  դժվար կերպար է հաջողում, որի պատճառով անքուն գիշերներ է անցկացրել և շատ տանջվել, սկսում է մյուս դերերն էլ խաղալ այնպես, ինչպես նախորդը, ստացվում է նույն բանը, փոխվում են գույները, մոտեցումը մնում է նույնը։

 -Համագործակցությունը այլ  դերասանների հետ հեշտ է ստացվու՞մ։

-Նայած՝ ինչ դերասանի։ Դերասանը նախ և առաջ մարդ է, իսկ մարդիկ տարբեր են։ Մարդ-դերասանի դեպքում ավելի է բարդանում հարցը, կան դերասաններ, ում հետ ես չեմ կարողացել աշխատել, անկեղծ ասած, ես սրա մասին առաջին անգամ եմ խոսում։ Ակամայից հիշեցի մի վաստակավոր դերասանի, ում հետ նույն բեմում պետք է աշխատեի։ Երբ նա սկսում էր բեմում խաղալը, այդ պահին ես ճնշման տատանում էի ունենում և անդադար հորանջում էի(ծիծաղում է)։

-Կարծում եմ դերասանի համար շատ կարևոր է նաև հանդիսատեսի արձագանքը և աջակցությունը, ինչպիսի՞ն է Ձեր հանդիսատեսը:

-Սկսած իմ հետևորդներից, վերջացրած այն մարդկանցով, ովքեր հաճախում են մեր թատրոն և դիտում ներկայացումներ, երբեք անտարբեր չեն մնում իմ այս կամ այն դերի նկատմամբ, ինչի համար շատ-շատ շնորհակալ եմ, դերասանի կյանքը շատ բարդ է, իսկ հանդիսատեսը իր սիրով ու բարձր ծափահարություններով մեծ ուժ է տալիս և ստիպում ավելի լավ ստեղծագործել։

-Կարծում եմ թատրոնում աշխատելը և միաժամանակ սերիալներում նկարահանվելը շատ ժամանակատար է, ինչպե՞ս եք համատեղում մասնագիտականն ու անձնականը։

-Իրականում  շատ դժվար է՝ սեփական առողջությունը զոհաբերելով՝ մեծ արդյունքի հասնել։ Թատրոնում մի ներկայացման համար ամիսների քրտնաջան աշխատանք է պետք, իսկ դա իրականում բարդ պրոցես է, բայց ես գիտեմ, եթե մարդ մի բան շատ է  ցանկանում, ամեն ինչն էլ համատեղում է և գտնում տարբերակներ, իսկ եթե չկան իրական նպատակներ , ապա մարդը ունակ է միայն պատճառներ գտնել։

-Ձեր մոտիվացիայի հիմնական աղբյուրը։

-Այս պահին իմ գլխավոր և կարևոր մոտիվացիան, որով ես առաջ եմ շարժվում, դա իմ դուստրն է։

 Օֆելյա Հովհաննիսյան

3-րդ կուրս

Լուսանկարները Ռուզաննա Մանուչարյանի արխիվից

Կիսվել