Հայաստանում պարենի դեֆիցիտ չկա

Հայաստանում պարենի դեֆիցիտ չկա

467

Հայաստանում պարենի՝ մասնավորապես, ցորենի դեֆիցիտի վերաբերյալ քննարկումները մեկնարկեցին անմիջապես, երբ 2022թ․ մարտի 10-ին Ռուսաստանը հայտնեց, որ մինչև 2022 թվականի օգոստոսի 31-ը հացահատիկ չի արտահանելու ոչ մի երկիր։ Քննարկումներն, անգամ, հասան խուճապային մակարդակի, ինչին ի պատասխան մարտի 11-ին Հայաստանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ որևէ ապրանքատեսակի գծով Հայաստանում պարենի դեֆիցիտ չկա։ 

2020-2021թթ. Հայաստանում ներմուծվող ցորենի 99%-ը Ռուսաստանից է եղել: Համեմատելով վերջին հինգ տարիները՝ տեսնում ենք, որ ցորենի ամենամեծ քանակը ներմուծվել է 2020թ․-ին՝ 350 հազար տոննա, ամենաքիչը՝ 2019թ․-ին՝ 252 հազար տոննա։ 2021թ․-ին ցորեն է ներմուծվել նաև Ուկրաինայից, Ղազախստանից և Վրաստանից։

Համեմատելով վերջին հինգ տարիները՝ տեսնում ենք, որ ամենաշատը Հայաստանում ցորեն է արտադրվել 2018թ․-ին՝ 188 հազար տոննա, ամենաքիչը արտադրվել է 2021թ․-ին՝ 97 հազար տոննա։

Մասնագետները կարծում են, որ այս իրավիճակից նվազագույն կորուստներով դուրս գալու համար Հայաստանում պետք է գյուղատնտեսական հողերը մշակվեն, և ցորենի արտադրության ծավալները ավելացվեն։ 

Տնտեսագետ Նարեկ Կարապետյանը ասում է․ «Մեր ցորենի պաշարները, որոնք սովորաբար մինչև մեկ տարվա սպառման չափ են լինում, թույլ կտան, որ մեր շուկայում դեֆիցիտ չառաջանա»։

Սերինե Աղաբեկյանի ընտանիքը ցորեն է ցանում Արծվանիստ գյուղում։ Սերինեի խոսքով՝ հողը լավ մշակում են, այնուհետև ցանում ցորեն։ Աճեցրած ցորենը կարելի է երկար օգտագործել, այն երկար ժամանակ պիտանի է լինում։

Ցորենի հնարավոր դեֆիցիտի թեման Հայաստանում առաջ եկավ հատկապես 2020 թվականին Արցախում տեղի ունեցած պատերազմից հետո, որի արդյունքում հայկական կողմը կորցրեց նաև Արցախի այն տարածքները, որտեղ հացահատիկ էր աճեցվում։ Պատերազմից առաջ Արցախում տարեկան մինչև 150 հազար տոննա հացահատիկ է աճեցվել: Հայաստանում և Արցախում տարեկան սպառվել է 500-600 հազար տոննա հացահատիկ: Արցախն ապահովել է դրա 20-30%-ը:

Հացահատիկից բացի Ռուսաստանը ժամանակավորապես արգելափակում է նաև շաքարի արտահանումը։ Այս ապրանքատեսակով էլ Հայաստանը մեծ կախում ունի Ռուսաստանից։ 2020 թվականի տվյալներով՝ Հայաստան ներմուծված ձեթի 97%-ը և ներմուծված շաքարի  43%-ը Ռուսաստանից է։

Լիանա Խաչատուրյան

2-րդ կուրս

Կիսվել