Օգուտ բնությանն ու տնտեսությանը. առօրյա աղբի վերամշակում

Օգուտ բնությանն ու տնտեսությանը. առօրյա աղբի վերամշակում

1340

«Ամեն անգամ աղբը թափելիս տնից դուրս եմ գալիս մի քանի տոպրակներով. ասես գնումներ արած լինեմ»,- պատմում է 23-ամյա Անին ժպտալով, ձեռքերում մի քանի տոպրակներ։ Մեկում հավաքել է պլաստիկը, մյուսում՝ սննդային մնացուկները, 3-րդում՝ թղթերը։ «Սկսեցի աղբը տեսակավորել վերջերս, քանի որ հասկացա, որ այն, ինչը  մեծ դժվարություն չի պահանջում, իրականում շատ կարևոր է ու օգտակար բնության ու տնտեսության համար»,- ասում է Անին։          

Այսօր առավել մեծ ուշադրություն է դարձվում աղբի տեսակավորմանը և մշակմանը․ սա են վկայում ավելի հաճախ հանդիպող տարբեր նշումներով աղբամանները։

 Ըստ ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Հայաստանում 2018 թ. առաջացած թափոնների ընդհանուր քանակը մեկ շնչի հաշվով կազմել է 22.8 տ, իսկ հանրապետության տարածքի մեկ քառ. կմ-ի հաշվով (առանց Սևանա լճի հայելու մակերեսի)՝ 2 375 տոննա:

Ուրեմն ինչպե՞ս կենդանություն տալ այսքան աղբին, աղբից ստանալ շահույթ։ Այս նպատակով են ստեղծվել ու ստեղծվում  զանազան կազմակերպություններ, որոնք մշակում են ուրույն քաղաքականություն՝ զարգացնելու աղբի վերամշակման ու տեսակավորման մշակույթը մեզնում։ Օրինակ՝ «Սարանիստ»  ՍՊԸ-ն կատարում է ապակու, «ԱրմՊլաստ» ՍՊԸ –ն՝ պլաստիկի, «Կարտոն Տարա» ՍՊԸ-ն ՝ստվարաթղթի վերամշակում և այլն։

Վերամշակելի թափոնների հավաքումն ու տեղափոխումը վերամշակող ընկերություններ իրականացնում է Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչությունը: Երևանի 12 վարչական շրջաններում աշխատանքները իրականացնում են վարչության 9 պատասխանատու ստորաբաժանումներ։

Վարչական շրջաններում տեղադրված են 3 տեսակի թափոնամաններ՝ թղթի, ապակու և պլաստիկի համար: Նշված թափոնամանները տեղաբաշխվել են ըստ վարչական շրջանի մեծության, բնակչության քանակի, քաղաքացիներից ստացված արձանգանքների, ընդհանուր՝ 135 կետ: Թափոնների տեսակավորումն իրականացվում է Երևանի բոլոր վարչական շրջաններում։

Մեր կողմից կատարված փոքրիկ հանրային հարցման 25 մասնակիցներից 9-ը տեսակավորում, իսկ 16-ը չի տեսակավարում աղբը։

Մեր հարցին, թե ինչ քայլեր են ձեռնարկվում աղբ տեսակավորող մարդկանց թիվը մեծացնելու համար, քաղաքապատերանի լրատվության վարչությունից պատասխանեցին, որ «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի թափոնների տեսակավորման վարչության աշխատակիցները պարբերաբար իրազեկում են Երևանի բնակիչներին՝ տեղում հանդիպելով ու զրուցելով։ Պարբերաբար միջոցառումներ են կազմակերպվում կրթօջախներում, հանդիպումներ՝ մանկավարժների ու աշակերտների հետ, պատասխանում հարցերին ու պրակտիկ աշխատանքներ իրականացնում երեխաների հետ։ Աղբի տեսակավորման, վերամշակելին չվերամշակելիից տարանջատելու մասին հոլովակներ ու հրապարկումներ էլ կարելի է գտնել թե՛ քաղաքապետարանի, թե՛ թափոնների տեսակավորման վարչության կայքէջերում։

«Կարտոն Տարա» ՍՊԸ-ն 2007թ-ից զբաղվում է ստվարաթղթի վերամշակմամբ։  ՍՊԸ-ի կայքիցէջից տեղեկանում ենք, որ միջինում 1 կգ վերամշակված արտադրանք ստանալու համար անհրաժեշտ է 1,5 կգ գնված բազմապիսի թղթի թափոն։  Մոտ 1 տոննա թերթի վերամշակումն էլ թույլ է տալիս խնայել նոր թղթի ստեղծման համար անհրաժեշտ 1 տոննա ծառ, իսկ օգտագործված տպագրական կամ պատճենահանման թղթի վերամշակումը խնայում է առավել քան 2 տոննա փայտանյութ: ՍՊԸ-ն ընդունում է գրքեր, տետրեր, արխիվային նյութեր, ամսագրեր։ Թղթի թափոնների հումքը գնվում է դպրոցներից, տարբեր հաստատություններից և անհատներից։ Կայքէջը պատմում է ՍՊԸ-ի տարբեր դպրոցների՝ մասնավորապես Անանիա Շիրակացու անվան ճեմարանի հետ երկարատև համագործակցության մասին։ Ճեմարանի միջին դպրոցի արտաուսումնական մասի ղեկավար Տաթևիկ Արզումանյանը կայքին պատմել է, որ բոլոր դասարաններում դրված են օգտագործված թղթերի համար արկղեր։ Դրանք լցվելուց հետո թուղթը հանձնվում է վերամշակման, որի փոխարեն դպրոցը  ստանում է նոր թուղթ, անձեռոցիկ և այլն։

Աղբի տեսակավորումը կարևորվում է նաև մի շարք այլ երկրներներում։ Աղբը «երկրորդ կյանք» է ստանում ԱՄՆ-ում, Եվրոպայում,  Ասիայում և այլուր։ Աղբի վերամշակումը շատ ավելի հեշտ է դառնում, քանի որ այն սկսվում է դեռևս թափոնների նետման փուլից։ Մի շարք երկրներում աղբի տեսակավորումը պարտադիր է և կարգավորվում է օրինական դաշտով։

Օրինակ ԱՄՆ-ի բնակիչներին տարբեր կերպ ոգևորում են աղբը տեսակավորելու համար, կազմակերպում մրցույթներ ու հանձնում մրցանակներ, Շվեդիան աղբն օգտագործում է  էլեկտրական և ջերմային էներգիա ստանալու համար: Երկրի բոլոր ընտանիքները պարտավոր են տեսակավորել աղբը։

Էմիլյա Հոսյան

 2-րդ կուրս

Կիսվել