Այդ ովքե՞ր էին կարմիր կակաչների նման ներկում դաշտերը…

Այդ ովքե՞ր էին կարմիր կակաչների նման ներկում դաշտերը…

837

«Կարմիր կակաչները ներկել են դաշտերը»…

Այս դաժան իրականությունը Գևորգի շուրթերից դուրս էր գալիս շատ ուրախ` փայլուն ու պսպսղուն աչքերի խանդավառությամբ: Կիթառի ուրախ հնչյուններն ու հանդիսատեսի ծափերը նրան ավելի էին ոգևորում, և այնքան հպարտ ու խրոխտ էր երգում,  ասես թե այս կարմիր կակաչներն իրական ծաղիկներ են, այն ծաղիկները, որ մայրիկին է նվիրում գարնան գալուստի կապակցությամբ:

Գևորգը քրոջս տղան է: Այս տարի մանկապարտեզի հանդեսին երկար պատրաստվեց: Միայնակ պիտի երգեր, այն էլ ինչ երգ, ինչպես ինքն էր սիրուն բնորոշում տալիս` «էն ծաղիկների մասին երգը»:

Տեսնես գիտի՞` ինչ ծաղիկների մասին է երգում:

-Դե, ինքը դեռ շատ փոքր է, որ հասկանա…

-Տեսնես գիտի՞, որ այդ ծաղիկները նախկինում շնչել են:

-Չէ, չէ, այդ ծաղիկների միակ բնորոշումը Գևի համար հոտավետ լինելն է. սիրում է ծաղիկները, որովհետև նրանց տեսնելիս մայրիկը ժպտում է. այսքանը…

Իմ ու քրոջս զրույցն է այն բանից հետո, երբ տեսա, թե ինչպես է տղան, հայելու դիմաց կանգնած, ձեռքը վերև պարզած, երգում այդ երգը`շատ ուրախ, հպարտ ու խրոխտ:

Հանդեսի ժամանակ` երգի կատարման պահին, Գևորգը հանդիսատեսից փորձում էր կորզել այն նույն ուրախ հայացքները, որ ինքն ուներ այդ պահին, բայց չէր ստացվում:

Միջոցառման ավարտից հետո էլ հանգիստ չէր տալիս ինձ ու իր մայրիկին, թե ինչու էին դիմացի շարքում նստած ծնողներից մի քանիսի աչքերը թաց…

Դեպքը պատահել է 6 տարի առաջ։ Հիմա Գևորգը մեծ տղա է, շատ բան է փոխվել նրա մոտ․ հասակ է առել, ձայնը կոշտացել է մի փոքր, ինչպես քույրս է ասում, արդեն մեծ և հասուն տղա է իր տասնմեկամյա որդին, բայց մի բան այդպես էլ անփոփոխ մնաց. այդպես էլ չհասկացավ՝ այդ ինչ կարմիր կակաչների մասին էր իր երգը, և ինչու հուզվեցին ծնողներից մի քանիսը…

Մեզ մանկուց սովորեցնում են անմնացորդ սիրել մեր հայրենիքը, այն հայրեինքը, որ ծովից ծով էր Տիգրան Մեծի օրոք, բայց այսօրվա Հայաստանի մասին գրքերը լռում են, մեզ դասավանդողնեը ոչինչ չեն ասում, որ այսօրվա հայրենիքը սիրենք: Մեզ ասում են, որ բազմադարյան մշակույթ ունեցող երկիր էինք, էինք, բայց այսօրվա մասին էլի լուռ է ամեն ինչ: Ամենավատն այն է, որ այդ ասողներին նույնը նախկին սերունդն է ասել, և այս պաթոսախառն հայրենիք սիրելու կոչը շղթայական է:

Իսկ ի՞նչ է լինում, երբ երեխային չեն էլ բացատրում, թե ինչ է երգում, ինչ է արտասանում բեմից, վերջիվերջո իր այդքան սիրելի ոտանավորը ում մասին է։ Լինում է այն, որ այդպես անգիտակցաբար երգում ու երգում ենք, ոչինչ չենք էլ հասկանում, զուտ ուրախ և երգեցիկ ռիթմերը մեզ ստիպում են ժպտալ, հրճվել և ուրախ հայացքներով նայել մեկմեկու:

Բացի այն, որ մենք երգում ենք առանց հասկանալու, նաև անգիտակացաբար ենթարկվում ենք երաժշտության ազդեցությանը: Հետաքրքրին այն է, որ սրա մասին վաղուց է հայտնի եղել, բայց երաժշտությունը շարունակում է անել իր գործը` բոլորի հետ և անենուրեք:

Մ.Թ.Ա, Հին Հունաստան: Այստեղ ապրող փիլիսոփաները մեծ հետաքրքություն էին տածում երաժշտության հանդեպ: Այն դաստիրակում էր, օգնում, թեթևացնում ժողովրդի կյանքը: Փիլիսոփա Պյութագորասն առաջիններից մեկն էր, ով ապացուցեց, որ երաժշտությունն ազդեցություն է թողնում մարդու վրա: Նա մաթեմատիկայի դասերն անցկացնում էր երաժշտության ներքո: Այսօր արդեն ապացուցված է, որ մաթեմատիկական աշխատանք կատարելիս երաժշտություն լսելը կարող է բարձրացնել աշխատանքի արդյունավետությունը 40 տոկոսով: Երաժշտությունն ուղեղում արտազատում է դոֆամին կոչվող քիմիական նյութ, որը բարելավում է մարդու տրամադրությունը և նվազեցնում անհանգստությունը:

Դեռ հին հույները կարծում էին, որ երաժշտությունն ակտիվացնում է և դրդում: Դրդում… Իսկ ինչերի՞ կարող է դրդել երաժշտությունը: Թեմայի վերաբերյալ զրուցել ենք հոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ: Վերջինս նշեց, որ երաժշտությունն ինչպես կարող է տրամադրություն ստեղծել, այնպես էլ կարող է  այն լուծարել: Երաժշտության թողած ազդեցությունն այնքան մեծ է, որ ճիշտ ընտրված մեղեդիները կարող են օգնել մարդուն արագ ոտքի կանգնել սրտի վիրահատությունից հետո: Գիտնականները պարզել են, որ տարբեր պարբերականությամբ և որոշակի տոնայնությամբ հնչյուններն ընդունակ են ոչնչացնել ախտածին մանրէները: Երբ միջնադարում աշխարհը ծածկված էր ժանտախտի համաճարակով, այն հաղթահարելու համար մարդիկ չէին դադարում զանգեր հնչեցնել, և դա իսկապես օգնում էր: Կա երաժշտություն, որն ունակ է մի քանի վայրկյանում հուզականորեն թուլացնելու մարդուն և հակառակը`օժտելու հսկայական մոտիվացիայով: Այդ ամենի հիմքում արքետիպային մոտիվներն են, որոնք անգիտակցական կոդավորմամբ համընդհանուր են շատերի համար ու ազդեցիկ: Հոգեբանը կարևոր համարեց նաև նշել երաժշտության մի քանի տեսակներ, որոնք որոշ վայրերում թույլատրվում է լսել, որոշ վայրերում`ոչ: Օրինակ`Էնիգմա լսելիս ավտոմեքենա վարելը հակացուցված է, քանի որ այն առաջացնում է տրանսային վիճակ:

Միաժամանակ Մոցարտի երաժշտությունը նպաստում է տեղեկատվության արագ յուրացմանը և ազդում մտավոր գործունեության վրա: Բեթհովենի «Ֆիդելիոն» կարող է թուլացնել միգրենը: Անքնության դեմ լավագույն միջոցներն են Չայկովսկու, Է. Գրիգի, Սիբելիուսի պիեսները: Իսկ վատ հիշողություն ունեցողները կարող են պայքարել Վիվալդիի գործերի միջոցով:

Այսքանից հետո պետք է հասկանալ, որ երաժշտությունն ինչպես օգնում է, այնպես էլ կարող է առաջացնել այնքան շատ հույզեր և զգացմունքեր, որ դրանք կարող են թույլ չտալ հասկանալ`թե ինչ է կատարվում շուրջբոլորդ:

Այն հարցին, թե ինչ տարբերության կա  ակտիվ և դանդաղ ռիթմերի միջև  ազդեցության տեսակետից, երգահան Գայանե Թադևոսյանը մեզ հետ զրույցում պատասխանեց, որ ակտիվ  ռիթմերն ինչ-որ կախարդական հատկությամբ կարողանում են ստիպել մարդկանց աշխուժանալ և պարել, իսկ պարել ցանկացող մարդուն շատ քիչ է հետաքրքում`ինչ բառեր են օգտագործվել տվյալ երգում. կարևորն աշխույժ ռիթմերն են: Անդրադառնալով մեղմ հնչյուններին՝ երգահանը նշեց, որ մեղմ հնչյունները հանգստանալու և օրվա ծանրաբեռնվածությունից հետո հանգիստ շունչ քաշելու համար են. այստեղ է, որ բառերը կարևոր են այնքան, որ ստիպում են մտածել։ Հաճախ դրանք հիանալի համընկնում են քո` այդ պահին ունեցած հոգեվիճակին: Բառերն են ստեղծում պատկերներ, իսկ  երաժշտությունը ուղեկցում է դրանց:

Երաժշտության թողած ազդեցության վերաբերյալ ուսումնասիրությունները հսկայածավալ են, ամենուրեք խոսվում է դրա մասին, և բոլորս ենք անգիտակցաբար հայտնվում այդ ազդցության թիրախում: Սակայն սա չէ միակ պատճառը, որ առանց հասկանալու լայն ժպիտների ուղեկցությամբ մեր շուրթերից դուրս է գալիս`«սև շոր էին հագել հայոց մայրերը»…  Վերջիվերջո սա չէ պատճառը, որ Գևորգը պիտի երգի «Կարմիր կակաչները ներկել են դաշտերը» այն ժամանակ, երբ շատ գևորգներ դառնում են անշնչացած կարմիր կակաչներ…

Անահիտ Ղազարյան

2-րդ կուրս

Կիսվել