Կովկասյան ընձառյուծի աննախադեպ «հայտնությունն» ու կենդանատեսակը պահպանելու ջանքերը

Կովկասյան ընձառյուծի աննախադեպ «հայտնությունն» ու կենդանատեսակը պահպանելու ջանքերը

676

Կովկասյան երեք ընձառյուծ հայտնվել են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տեսախցիկների առջև, ինչն աննախադեպ է:

Ըստ տեսախցիկների՝ վերջին անգամ(30.03.22) հայտնաբերվել է արու չափահաս հովազ և հաստատվել որպես նոր առանձնյակ։ Նույն օրվա ընթացքում, ընդամենը երկու ժամվա տարբերությամբ և մոտավորապես երեք կիլոմետր հեռավորության վրա տեսախցիկները Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում արձանագրել են արու Նեո հովազին։ Երրորդ առանձնյակը՝ Նովան, գտնվում է մյուս հովազներից վեց կիլոմետր հեռավորության վրա՝ կրկին Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանում։

Ըստ մասնագետների՝ այն փաստը, որ երեք տարբեր հովազներ գրեթե միաժամանակ օգտագործում են Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի նույն տարածքը, աննախադեպ է:

Հայկական լեռնաշխարհը վտանգված կենդանատեսակ համարվող պարսկական կամ կովկասյան ընձառյուծի ապրելավայրն է։

Ժամանակին կովկասյան ընձառյուծը Հայաստանում բավական տարածված է եղել։ Սակայն տարիների ընթացքում ընձառյուծի որսն այնքան է ընդլայնվել, որ 1987 թ. ընձառյուծն ընդգրկվել է ՀԽՍՀ Կարմիր գրքում:

Ներկայում հայոց լեռների արքան՝ կովկասյան ընձառյուծը, ներառված է ՀՀ Կարմիր գրքում (2010) «կրիտիկական» կարգավիճակով և Բնության պահպանության միջազգային միության (IUCN) Կարմիր ցուցակում՝ «վտանգված» կարգավիճակով: Հայաստանում կենդանու թվաքանակը հասնում է մինչև 10 առանձնյակի, (ըստ բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի):

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից մեզ ասացին, որ «գոյատևման և բազմացման համար ընձառյուծին անհրաժեշտ է անվտանգ կենսամիջավայր, միգրացիոն միջանցքներ ազատ ու ապահով տեղաշարժվելու համար և, իհարկե, բավարար կերային բազա»։ Ահա հենց այս պայմանների բարելավման ուղղությամբ էլ աշխատում է Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը։

Մասնագետները ներկայացնում են հստակ քայլեր, որոնք նպատակված են կովկասյան հովազի պահպանմանը.

  • կրճատել ապօրինի գործողությունները պաhպանվող տարածքներում և սահմանել փոխհատուցման մեխանիզմներ:
  • հզորացնել պահպանվող տարածքների կարողությունները հարավային Հայաստանում,
  • թիրախային գյուղերին ներգրավել համայնքային զարգացման լրացուցիչ գործողություններում,
  • թիրախային շրջաններում նպաստել ընձառյուծի և դրա կերային բազայի մշտադիտարկմանը, ինչպես նաև կազմել ընձառյուծի տեղաշարժի միջանցքի քարտեզ և հիմնել այդ միջանցքը,
  • բարձրացնել հասարակության իրազեկվածության մակարդակն ընձառյուծի պահպանության վերաբերյալ:

Հաշվի առնելով այն փաստը, որ ընձառյուծին անհնար է պահպանել միայն մեկ երկրում՝ 2006թ. բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը Բնության պահպանության միջազգային միության հետ համատեղ նախաձեռնեց ընձառյուծի պահպանման տարածաշրջանային ռազմավարության մշակումը՝ ներգրավելով տարածաշրջանի մասնագետներին և պետական կառույցների ներկայացուցիչներին:

Այդ ռազմավարության հիման վրա մշակվեց Հայաստանում ընձառյուծի պահպանման գործողությունների պլանը, որով նախատեսվում են մի շարք գործողություններ՝ նոր բնության հատուկ պահպանվող տարածքների (ԲՀՊՏ), էկոլոգիական միջանցքների ստեղծում և այլն:

Գոյություն ունի այսպես կոչված «Ընձառյուծի խնամակալների ցանց», որը հիմնադրվել է 2016 թ.-ին: Ցանցի շուրջ 20 խնամակալ Վայոց Ձորի և Սյունիքի 5 բնակավայրերի տարածքում իրականացվում են վայրի կենդանիների, այդ թվում՝ ընձառյուծի և դրա որս տեսակների մշտադիտարկում, դաշտային հետազոտություններ, տեղադրում են ֆոտոխցիկներ և այլն: Բացի այդ, կատարվում  են հանրային իրազեկման և կրթական մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև պարբերաբար դասընթացներ են անցկացվում  թիրախային համայնքների երիտասարդության համար:

Պարբերաբար նաև կազմակերպվում են ուսուցողական, տեսական և գործնական դասընթացներ հենց խնամակալների համար, նրանց տրամադրվել են նաև դաշտային հետազոտությունների համար անհրաժեշտ սարքավորումներ:

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղը գործընկեր կազմակերպությունների հետ համատեղ մշակել է ընձառյուծի պահպանության 2020-2030թթ. ազգային գործողությունների պլանը.

  • ընձառյուծի և դրա որսատեսակների թվի, բնակավայրերի կարգավիճակի ուսումնասիրություն և մշտադիտարկում,
  • ԲՀՊՏ-երի կառավարման համակարգի (Econet) ստեղծում` ընձառյուծի և դրա որսատեսակների անվտանգ գոյությունն ապահովելու համար,
  • ընձառյուծի, դրա որսատեսակների և ապրելավայրի պահպանության աշխատանքներում ընդգրկված շահագրգիռ կողմերի արդյունավետ աշխատանքի ապահովում,
  • տեղի բնակչության միջոցով ընձառյուծի պահպանության ծրագրին աջակցության ցուցաբերում,
  • ընձառյուծի պահպանության հետ կապված իրազեկվածության մակարդակի բարձրացման ռազմավարության, գործողությունների ծրագրի և բնապահպանական կրթության համակարգի մշակում և իրականացում,
  • անդրսահմանային տարածքներում ընձառյուծի պահպանության գործում միջազգային համագործակցության և համակարգված գործողությունների ապահովում։

Արշակ Հայրապետյան

2-րդ կուրս

Կիսվել