Կեղտաջրերով սնվող Սևանա լիճը

Կեղտաջրերով սնվող Սևանա լիճը

976

Ձկնագետը, որն անցնում է Ծովագյուղ բնակավայրով, Սևանա լիճ թափվող գետերից մեկն է։ Եթե Հայաստանի շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ի կատարած մշտադիտարկման արդյունքում Ձկնագետը ջրի որակով բավարար է գնահատվել, ապա նույնը չի կարելի ասել Սևանի ավազանի խոշոր բնակավայրերով անցնող մյուս գետերի մասին: Գետաբերանում Սևանա լիճ թափվող մյուս գետերը գնահատվել են միջակ և անբավարար։ Ջրային ռեսուրսների աղտոտման աղբյուրներն ու նման իրավիճակի պատճառները սննդի արդյունաբերությունը, հանքարդյունաբերությունը և գյուղատնտեսությունն են։

Տարիների ընթացքում Ձկնագետի ջրի որակը կարող է փոփոխվել։ Դա կախված է այն բանից, թե բնակավայրից ինչ քանակով կեղտաջրեր կհոսեն ու կուղղվեն դեպի Սևանա լիճ։ Լիճն ամենաշատն աղտոտվում է նաև կից բնակավայրերից կենցաղային և տնտեսական աղբ պարունակող կեղտաջրերից, որոնք հարուստ են օրգանական ու անօրգանական տարբեր նյութերով: Լճին հարակից համայնքներից կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններ ունեն Գավառը, Մարտունին և Վարդենիսը: Սակայն ջուրը չի ենթարկվում կենսաբանական մաքրման և վարակազերծման: Արդյունքում` կեղտաջրերը գետերի միջոցով լցվում են լիճ` աղտոտելով այն:

«Էկոլուր» տեղեկատվական հասարակական կազմակերպության համակարգող Ինգա Զարաֆյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այժմ կեղտաջրերի մաքրման խնդրով զբաղվում է EU4Sevan նախագիծը, որը մեկնարկել է 2021 թվականի մարտի 15-ին։ Ծրագիրն իրականացվում է գերմանական GIZ-ի GmbH-ի, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) կողմից՝ ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության համակարգմամբ։

ՄԱԶԾ-ի հետ համատեղ ծրագրի նպատակն է Հայաստանում Սևանա լճի էկոհամակարգի կառավարման հետագա և կայուն բարելավումը: Ծրագիրը նաև նպատակ ունի պետական ​​և մասնավոր շահագրգիռ կողմերի կարողությունները զարգացնել՝ ապահովելու կեղտաջրերի մաքրման գործընթացը և աջակցելու տեղական շահագրգիռ կողմերին` էկոհամակարգի համար բարենպաստ և ջրապաշտպան հողերի օգտագործման և մշակման գործում: EU4SEVAN ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 5,7 միլիոն եվրո, իսկ ծրագրի շահագործման ժամկետը՝ 2020 թվականի սեպտեմբերից մինչև 2024 թվականի օգոստոս է:

Կենսաբանական մաքրման կայանները` վարակազերծման միջոց

2019-ի սեպտեմբերի 30-ի կառավարության որոշմամբ Սևանի էկոհամակարգի վերականգման 2020-ի միջոցառումների մեջ ընդգրկված էր Գավառի, Մարտունու և Վարդենիսի կեղտաջրերի մեխանիկական մաքրման կայաններին կից կենսաբանական մաքրման բաղադրիչի կառուցման համար նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակումը։ 

Սևանա լճի ծաղկման խնդիրը նույնպես օրհասական է, և այն լուծելու առաջնային պայմանը լճի ջրհավաք ավազանի բնակավայրերում կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրումն ու գործարկումն է։ Դա հնարավորություն կտա մաքրել կոյուղաջրերն ու կեղտաջրերը, որպեսզի վերջնարդյունքում գետերի ջրերը մաքուր լցվեն լիճ։ Սևանա լիճը ծանրաբեռնված է մարդու գործունեության հետևանքով առաջացած կեղտաջրերով «հարստացած» կենսանյութերով, և կեղտաջրերի պատշաճ մաքրումը ևս շատ կարևոր է։

Ջրային քաղաքականության վարչության պետի տեղակալ Լիանա Ալիխանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Սևանի ավազանում, բացի երեք խոշոր բնակավայրերի, Գավառի, Մարտունու և Վարդենիսի մեխանիկական մաքրման կայաններից, նախատեսվում է նոր մաքրման կայանների կամ համակցված մաքրման բնական համակարգերի ստեղծում, որոնք կեղտաջրերի մաքրման խնդրին որոշ չափով լուծում կտան։ Չնայած կենսաբանական մաքրման բաղադրիչը դեռ ներդրված չէ, բայց EU4SEVAN ծրագրով ուսումնասիրությունները շարունակվում են։

«Մասնագետները կենսաբանական բաղադրիչի ներդնումը նպատակահարմար չեն գտնում, որովհետև կեղտաջուրը որակապես այդքան հագեցված չէ, որ ներդրումն իրեն արդարացնի։ Այսինքն` բազմաթիվ քննարկումների արդյունքում եզրակացնում են, որ մեխանիկական մաքրումն այս պահի դրությամբ Սևանա լճին ավելի մեծ օգուտ է բերում, քան մի քանի գետերում կենսաբանական բաղադրիչի ներդնումը»,- ասում է նա։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը դեռևս ուսումնասիրում է Գեղարքունիքի մարզի՝ վերը նշված երեք քաղաքների կեղտաջրերի կենսաբանական մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտությունը։

Համայնքներով անցնող գետերի կեղտաջրերի մաքրման աշխատանքները տարբեր կազմակերպությունների ֆինանսավորմամբ է տեղի ունենում։ Սակայն քաղաքացիները նույնպես շահագրգռված են լուծելու այս խնդիրները։ Ջրային քաղաքականության վարչության պետի տեղակալը տեղեկացնում է, որ դրական դիրքորոշում են հայտնել Վարդենիկ ու Ծովինար համայնքների բնակիչները, որոնք կեղտաջրերի համակցված մաքրման, ընդհուպ` կենսաբանական մաքրման ծրագրի իրագործման համար առաջարկել են իրենց աջակցությունը։

Այսինքն` երբեմն բնակիչներն իրենք են պատրաստակամություն հայտնում օգնել ու փորձել լուծել աղբահանության ու մաքրության մի շարք խնդիրներ։ Ի վերջո, Սևանա լճի հիմնախնդիրներում մենք մեր մեղավորությունն ունենք։

Լուսինե Հենրիկի Հակոբյան

2-րդ կուրս

Կիսվել