«Ամենալավ պահը, երբ օտարերկրյա զբոսաշրջիկը գոհ է մնում, սկսում է սիրել ու...

«Ամենալավ պահը, երբ օտարերկրյա զբոսաշրջիկը գոհ է մնում, սկսում է սիրել ու հիանալ քո երկրով ու ասում է, որ անպայման կվերադառնա Հայաստան». Նարինե Վարդանյան

1031

-Ինչպե՞ս սկսվեց ձեր ճանապարհը զբոսաշրջության ոլորտում:

-Ունեմ   իրավաբանական կրթություն, բայց ինձ միշտ դուր է եկել գիդի աշխատանքը, չնայած, որ ինձ երբեք չեմ պատկերացրել այդ ոլորտում: 2018թ. որոշեցի անցնել One Way Tour տուրիստական ընկերության կազմակերպած «Զբոսավարների պատրաստման դասընթացը»: Բարեհաջող ավարտեցի և ինչպես, որ խոստացել էին (լավագույններին ապահովել աշխատանքով), ընդունվեցի աշխատանքի: Կյանքս 180 աստիճանով փոխվեց: Սերը հայրենիքի նկատմամբ էլ ավելի ամրապնդվեց ու գնալով ավելի ու ավելի սիրեցի Հայաստանի ամեն մի անկյունը:

-Ի՞նչ անհրաժեշտ որակներ, բացի պրոֆեսիոնալներից, պետք է ունենա զբոսավարը:

-Կողքից նայողներին թվում է, թե շատ հեշտ գործ է, բայց իրականում, ինչպես գրեթե ամեն աշխատանք, զբոսավարությունն էլ ունի իր բարդ կողմերը: Միայն գիտելիքները բավարար չեն զբոսավար դառնալու համար: Զբոսավարը պետք  է ունենա ծով համբերություն, կազմակերպչական ջիղ, լսելի ու ընկալելի խոսք, լիդեր լինի, պարտաճանաչություն ունենա, ինֆորմացված լինի ամեն ինչից և իհարկե սիրի իր աշխատանքը:

-Ո՞ր ուղղությունն են նախընտրում զբոսաշրջիկները:

-Դա կախված է, թե որ երկրից են զբոսաշրջիկները: Այն հյուրերը, ովքեր առաջին անգամ են Հայաստանում, նրանք սկզբում շրջում են այսպես կոչված «կլասիկ» ուղղություններով (Գառնի, Գեղարդ, Խոր Վիրապ, Սևան, Դիլիջան ևն): Բայց Հայաստանում մի քանի անգամ եղած զբոսաշրջիկներին նոր վայրեր են հետաքրքրում, այդ իսկ պատճառով նոր մշակված ուղղություններից, ինչպես նաև արշավներից նույնպես շատ են օգտվում:

-Ինչպե՞ս է զարգացած կրոնական զբոսաշրջությունը Հայաստանում, և ո՞ր վայրն են ամենաշատը այցելում զբոսաշրջիկները:

-Կրոնական տուրիզը  մեր երկրում զարգացման անհրաժեշտություն ունի: Ուխտագնացություններից օգտվում են մեծամասամբ տեղացիները: Չնայած դրան, մեր գրեթե բոլոր զբոսաշրջային ուղղություններում գոնե 1 եկեղեցի  պարտադիր ունենք ներառած: Դա նշանակում է, որ անկախ դավանած  կրոնից, զբոսաշրջիկը ծանոթանում է Հայաստանի հոգևոր մշակույթին` պատմության հետ զուգահեռ: Հայաստան ժամանած  շատ  տուրիստներ չգիտեն, որ աշխարհում առաջինը մենք ենք  ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն:

-Ի՞նչ խորհուրդ կտաք զբոսաշրջիկներին՝ ինքնուրույն այցելել շրջագայության, թե՞ օգտվել տուրիստական ընկերությունների ծառայություններից: 

-Միանշանակ օգտվել տուրիստական ընկերությունների առաջարկներից և անպայման զբոսավարի ուղեկցությամբ: Այս պարագայում մեր երկիրը ճիշտ ու գեղեցիկ ներկայացնելուց է կախված, զբոսաշրջիկը 2-րդ անգամ կայցելի Հայաստան, թե ոչ:

-Ներկայումս կան զբոսաշրջային հեռուստածրագրեր, որոնք նույնպես ներկայացնում են Հայաստանի գեղեցիկ և թաքնված անկյունները: Արդյո՞ք այս հեռուստանախագծերը կարող են նպաստել զբոսաշրջության զարգացմանը:

-Ինչքանով, որ ես եմ տեղյակ, կան ծրագրեր, բայց շատ չեն: Ըստ իս, հիմա հեռուստածրագրերը չեն կարող նպաստել տուրիզմի զարգացմանը մեր երկրում, ինչը չէի ասի սոցիալական ցանցերի մասին:

Որքանո՞վ է դժվար զբոսավարի մասնագիտությունը:

-Չեմ կարող ասել, թե որքանով, բայց բավականին: Ուղղակի կասեմ, որ մենք` զբոսավարներս, հանդես ենք գալիս որպես մեր երկիրը ներկայացնող դեսպան, ու մեր արած աշխատանքից շատ բան է կախված: Նախորդ հարցերում նշեցի, թե ինչ որակներ են անհրաժեշտ զբոսավար դառնալու համար և ինչ դեր է խաղում մեր աշխատանքը տուրիզմի զարգացման հարցում:

Հետաքրքիր դեպքեր գրեթե ամեն անգամ լինում են, առհասարակ Ձեր աշխատանքը արկածներով լի է:

-Մի դեպք հիշեցի այս պահին միայն. տուրի սկզբում  միշտ ներկայացնեմ եմ այցելվող վայրերը, ու մի  անգամ տուրի կանգառներից էր նաև Լոռե բերդը: Դե բնականաբար այդտեղ էլ եղանք, պատմեցի, շրջեցինք: Օրվա վերջում, երբ արդեն քաղաք էինք հասնում,  մի կին իր գոհունակությունը հայտնեց օրվա վերաբերյալ, բայց և զարմացած ու լուրջ դեմքով  ասաց. «Բոլոր վայերը մեզ  տարաք, բայց այդպես էլ բանտը չտեսանք»:

-Ի՞նչն եք ամենաշատը սիրում ձեր աշխատանքում:

– Առանց տուրերի կյանքս չեմ պատկերացնում: Ինչքան էլ հոգնեմ, տուրերը ինձ էներգիա են տալիս, շատ մեծ սիրով եմ անում իմ գործը, բայց ամենալավ պահը, երբ օտարերկրյա զբոսաշրջիկը գոհ է մնում, սկսում է սիրել ու հիանալ քո երկրով   ու ասում է, որ անպայման կվերադառնա Հայաստան:

Աննա Խռոյան

4-րդ կուրս

Կիսվել