«Ամեն առիթ օգտագործում էր, որ ինձ ապտակի, վիրավորի և ստորացնի». բռնության ենթրակված...

«Ամեն առիթ օգտագործում էր, որ ինձ ապտակի, վիրավորի և ստորացնի». բռնության ենթրակված անչափահաս

637

Ընտանիքում բռնություն նշանակում է ընտանիքի մի անդամի կողմից երկրորդի նկատմամբ  սահմանադրական իրավունքների և ազատությունների խախտում՝ ֆիզիկական, հոգեբանական, տնտեսական, սեքսուալ բռնությամբ կամ հարկադրաբար:

2021 թվականին Մարդու իրավունքների պաշտպանին է հասցեագրվել 105 դիմում-բողոք, որոնցով բարձրացվել են ընտանեկան բռնությանն առնչվող հարցեր:  28 դիմում-բողոքների դեպքերով ընտանեկան բռնության են ենթարկվել երեխաներ, որոնցից 10-ի դեպքում՝ իգական սեռի ներկայացուցիչներ, 8-ի դեպքում բռնության են ենթարկվել տղաներ, իսկ  10-ի դեպքում՝ երեխայի սեռի հետ կապված տվյալներ

չեն ներկայացվել։

Այս երևույթը տարբեր դրսևորումներով տարածված է ամբողջ աշխարհում, այդ թվում նաև Հայաստանում։

Journalist.am-ի զրուցակիցը, ում ինքնությունը չենք կարող բացահայտել, անչափահաս տարիքում ենթարկվել է ֆիզիկական և հոգեբանական բռնության ընտանիքի անդամների կողմից։ Ընտանիքում առկա խնդիրների պատճառով դժվարություններ է ունեցել նաև դպրոցում.

 «Ծնողներս անհաշտ են եղել, բայց մայրս միշտ հանդուրժել է։ Փոքրուց ամբողջ ընտանիքով, բացի մայրիկիցս, ստորացնում էին։ Պապս ընկերուհուս հետ խաղալու համար փայտով ծեծում էր, իսկ ընկերուհուս վռնդում էր տանից»։

Միջազգային վիճակագրությունը փաստում է, որ յուրաքանչյուր 4-րդ ընտանիքում տեղի է ունենում բռնություն, որը կարող է ունենալ մի շարք պատճառներ` սթրեսային իրավիճակ ընտանիքում, ոչ բավարար եկամուտներ, բնակարանային վատ պայմաններ, աշխատանքի բացակայություն, սերունդների արժեքային համակարգերի բախումներ, ալկոհոլի չարաշահում և թմրանյութերի օգտագործում, երեխային ոչ բավարար ուշադրության և ժամանակի տրամադրում: 

«Մի անգամ վիճեցի հորս հետ։ Ապտակեց ինձ, աշխարհի ամենավատ բառերով վիրավորեց, հետո մայրիկիս էր վիրավորում։ Ամեն առիթ օգտագործում էր, որ ինձ ապտակի, վիրավորի և ստորացնի»։

Հայաստանի Հանրապետությունում գործում է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգման մասին» օրենքը, որը կանոնակարգում է ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության կազմակերպաիրավական հիմքերը, սահմանում է ընտանիքում բռնության հասկացությունը, ընտանիքում բռնության կանխարգելման և ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության բնագավառում իրավասու մարմինների լիազորությունները, պաշտպանության միջոցների տեսակները, դրանց կիրառման հիմքերը, ընտանիքում բռնության ենթարկված և ընտանիքում բռնություն գործադրած անձանց հաշտեցման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց վերաբերյալ տեղեկությունների իրավական պաշտպանության առանձնահատկությունները:

Ցավոք, ոչ բոլորն են տեղեկացված, թե ուր կամ ում կարող են դիմել, եթե ենթարկվել են բռնության։ 

ՀՀ ոստիկանության բաժիններում գործում են անչափահասների և ընտանիքում բռնության դեմ պայքարի բաժին, ովքեր հենց այդ հարցերով են զբաղվում։ Ինչպես նաև աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության տակ գործում է թեժ գիծ ընտանիքում բռնության ենթարկված կանանց և նրանց երեխաների համար ((010) 542828): 

Անչափահասի նկատմամբ բռնության հետքի գոյության ժամանակ դատարանը իրավասու է ժամանակավոր միջոց կիրառել բռնություն կիրառող ծնողից/ծնողներից առանձնացել անչափահասին: Իսկ 14 տարեկանից անչափահասը ունի իրավունք, դիմել դատարանին սեփական իրավունքների և օրինավոր հետաքրքրությունների պաշտպանության համար:

Տաթևիկ Գաբրիելյան

4-րդ կուրս

Կիսվել