Հարցազրույց հեռուստամեկնաբան Լիլիթ Աղբալյանի հետ

Հարցազրույց հեռուստամեկնաբան Լիլիթ Աղբալյանի հետ

1066

Բավականին երկար ժամանակ է, ինչ Դուք վարում եք «Լուրերի» թողարկում լրատվական ծրագիրը. ինչպե՞ս ստացվեց, որ հենց այդ ուղղությունն ընտրեցիք:

-Լրատվական ոլորտում հայտնվեցի, երբ դեռ փոքր էի: Սկզբից  աշխատել եմ «Հանրային» ռադիոյում, այնուհետև «Հանրային» հեռուստաընկերությունում, որտեղ վարում էի  մանկապատանեկան հաղորդումներ: Եվ այդ ընթացքում ինձ հաճախ ասում էին, որ իմ ձայնը լրատվական է, նույնիսկ մանկական հաղորդումները վարելիս ես շատ լուրջ էի: Առաջին քայլերս արել եմ «Արմենիա» հեռուստաընկերությունում, որպես լրագրող:  Առաջին լրատվական  եթերս եղել է «Շանթում» և այդպես շարունակել եմ աշխատել տարբեր հեռուստաընեկերություններում:

Եղե՞լ են դեպքեր, երբ ցանկություն է առաջացել լրատվական դաշտից դուրս, նաև ժամանցային ծրագիր վարել:

-Այո, եղել են դեպքեր, երբ մտածել եմ այդ ուղղությամբ: Ես շատ կցանկանայի, քանի որ լրատվությունը մարդուն որոշ չափով  հեռացնում է ստեղծագործական ժանրից: Դա ինձ վրա նույնպես ազդել է, և հիմա ես ամեն ինչ պատկերացնում  եմ ավելի լրատվական՝ լուրջ, հակիրճ խոսք, կարճ նյութեր, դիպուկ վերնագրեր, սուր անոնսներ:

Հեռուստամեկնաբանը ցանկացած նորություն հայտնելիս, ինչ տեսակի էլ որ այն լինի, պետք է չեզոք մնա. Դուք ինչպե՞ս եք Ձեզ դրսևորում եթերում:

Իհարկե մեկնաբանը պետք է  չեզոք դիրքից հանդես գա: Ես ՝ ինքս,  փորձում եմ պահպանել այդ չեզոքությունն: Կարծում եմ՝ հեռուստադիտողները դա կգնահատեն:

-Ի՞նչն է ապահովում հեռուստամեկնաբանի խոսքի վստահությունը։

-Տեղեկացվածությունը:  Եթե մեկնաբանը տեղեկացված է, լավ է տիրապետում գործին, այլ ոչ թե դեր է խաղում եթերում, ապա ավելի ինքնավստահ է: Սակայն մեկնաբանի աշխատանքն այնպիսին է, որ շրջապատող ամեն ինչ կարող ազդեցություն ունենալ, և պատահական չէ, որ աշխարհում էլ է ընդունված հեռուստաեթերից առաջ խրախուսել և լավ պայմաններ ստեղծել մեկնաբանի համար:

Ինչպիսի՞ գունային հագուստ եq նախընտրում հեռուստաեթերի ժամանակ, ո՞ր գույներն եք հաճախ կրում:

-Իմ հագուստները հիմնականում ես եմ ընտրում: Աշխատում եմ, որ դրանք լինեն զուսպ և եթերին համապատասխան, փորձում եմ օգտագործել բոլոր գունային երանգները՝ պահպանելով լրատվական սկզբունքները:

Պատահե՞լ է՝ ինչոր լուր հայտնելիս չկարողանաք զսպել Ձեր էմոցիաները:

-Նման դեպք չի եղել: Ես կարծում եմ, որ յուրաքանչյուր  մեկնաբան պարտավոր է և՛ ծիծաղը , և՛  լացը զսպել, կառավարել ինքն իրեն՝ անկախ նրանից, թե ինչ իրավիճակ է և ինչ է տեղի ունենում: Ըստ իս՝ հակառակը կարող է լինել միայն լսարան գրավելու և շատ դիտումներ ունենալու համար: Առայժմ ինձ հաջողվել է խուսափել նման դեպքերից :

Երբևէ ուղիղ եթերում հայտնվե՞լ եք անելանելի վիճակում, եթե այո՝ ինչպե՞ս եք հաղթահարել այն:

-Ուղիղ եթերում ամեն ինչ կարող է պատահել: Բազմիցս եղել է անելանելի վիճակներ, սակայն ժամանակի հետ կարողացել եմ դրանք հաղթահարել: Ըստ իս՝ դա պայմանավորված է երկար տարիների աշխատանքով:

Ի՞նչն է կարևոր հեռուստամեկնաբանի աշխատանքում:

-Գործին լավ տիրապետելը, իրադարձություններին  հետևելը և շատ կարդալը:

-Դուք սոցիալական կայքերում գրանցված չեք. ինչո՞վ է դա պայմանավորված:

-Մեծ հաշվով այդ հարթակը չեմ սիրում: Շատ գովազդել չեմ սիրում, հաճախ մերժում եմ հարցազրույցները: Մոտեցումս մի փոքր  այլ է: Ես կարծում եմ՝  այդ առումով ընտրությունը պետք խիստ լինի: Շատ դեպքերում իրենց և անձնական խնդիրների մասին  պատմող մարդիկ, հանրությանը ավելի շատ նյարդայնացնում են, քան հակառակը: Բացի այդ, սոցիալական հարթակը ավելի շատ նմանվել է բամբասանքի:

Սոնա Քյարունց

4-րդ կուրս

Կիսվել