Թաքնված գովազդը՝ արժեհամակարգային փոխակերպումների պատճառ

Թաքնված գովազդը՝ արժեհամակարգային փոխակերպումների պատճառ

1192

Հայաստանում թաքնված գովազդն ասոցացվում է հումորային նախագծերում, սիթքոմերում առկա բազմաթիվ «անթաքույց» թաքնված գովազդների հետ, սակայն թաքնված գովազդ կա նաև ֆիլմերում, լրատվական հաղորդումներում, շոու-բիզնեսի ներկայացուցիչների տեսահոլովակներում: Հայաստանի Հանրապետությունում թաքնված գովազդը սկսել է թափ առնել հարաբերականորեն վերջերս, որը գովազդի մասին ՀՀ օրենքով որևէ կերպ չի կարգավորվում, ուստի պատկերը հայաստանյան մեդիադաշտում  խիստ մտահոգիչ է:

Շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ և մի շարք սիթքոմների ստեղծագործական անձնակազմներ «չափն անցնում են»՝ տեղադրելով ահռելի քանակով թաքնված գովազդ և գովազդելով անառողջ մթերքների չարաշահում (չիփսեր, արևածաղիկ), ալկոհոլային խմիչքներ (օղի, գարեջուր, կոնյակ, վիսկի), բուքմեյքերական ընկերություններ (վիվարո, տոտո, աջարաբեթ): Դրանք նկատելի են Արմենչիկի (Արմեն Գոնդրաչյան), Շպռոտի (Անի Թովմասյանն) տեսահոլովակներում, «Ֆուլլ Հաուս», «Դոմինո» սիթքոմերում: Հաճախ տպավորություն է, որ ոչ թե մեդիաարտադրանքում առկա է թաքնված գովազդ, այլ թաքնված գովազդը երբեմն ընդհատվում է տվյալ ֆիլմով կամ հոլովակով:

Այս նախագծերի շուրջ ծավալվող քննարկումների հիմնական դժգոհությունը վերաբերում է անառողջ սննդակարգի, ալկոհոլիզմի, խաղամոլության պրոպագանդային և դրանք իբրև նորմալ ու ընդունելի երևույթ ներկայացնելուն:

Թաքնված գովազդը հաճախ պարունակում է մի շարք ռիսկեր ու առնչվում խնդրահարույց թեմաների: Այդ ռիսկերի ու խնդրահարույց թեմաների շարքում թերևս ամնաշոշափելիներից են արժեհամակարգային փոխակերպումները, որոնց զոհն են դառնում հիմնականում երեխաներն ու դեռահասները, քանի որ համեմատական առումով հենց նրանք են առավել հակված ֆանատիզմի դրսևորումներին: Երբ սիրելի արտիստն իր մասնակցությամբ նախագծերում, ֆիլմերում, հեռուստահաղորդումներում, տեսահոլովակներում, ինչպես նաև սոցիալական հարթակների իր օգտահաշիվներում գովազդի, թաքնված գովազդի միջոցով ներկայացնում է որևէ ապրանքատեսակ, ապրանքանիշ կամ ծառայություն, նրանք անմիջապես իրենց տեսածն ընդունում են որպես դրական  երևույթ՝ առանց քննության դնելու տեսածի բովանդակությունը: Օրինակ՝ 2014 թվականին եթեր հեռարձակված ու մինչև օրս արդիականությունը չկորցնող «Ֆուլ հաուս» սիթքոմում բավական հաճախ կարելի է նկատել «Վիվարո» բուքմեյքերական ընկերության «անթաքույց» թաքնված գովազդի բազմաթիվ օրինակներ, որոնցում օգտագործելով թաքնված գովազդի տարածման խոսակցական, ինչպես նաև օգտագործման կամ գործնական կիրառման ուղիները, պրոպագանդվում է խաղամոլությունը՝ այն ներկայացնելով որպես արագ ու հեշտ ճանապարհով մեծ գումարներ աշխատելու միջոց:

Այսպիսով՝ թաքնված գովազդը, միտված լինելով ազդել մարդու ենթագիտակցական մակարդակի վրա, հաճախ չարաշահվում է՝ մեդիակոնտենտ սպառողին հրամցնելով անառողջ սննդի չարաշահում, ալկոհոլիզմ, խաղամոլություն՝ դրանք պարուրելով գայթակղիչ մատուցման եղանակներով:

Դիանա Պետրոսյան

4-րդ կուրս

Կիսվել