«Հեռուստասերիալները ձևավորում են արժեքային համակարգ». Մարինե Հարությունյան

«Հեռուստասերիալները ձևավորում են արժեքային համակարգ». Մարինե Հարությունյան

776

Հեռուստասերիալների թողած ազդեցության մասին զրուցել ենք հոգեբան Մարինե Հարությունյանի հետ։

-Հեռուստասերիալները/սիթքոմները ինչպիսի ազդեցություն են թողնում մարդկանց վրա:

-Հեռուստասերիալները միանշանակ ունենում են ազդեցություն մարդկանց վրա, որը կարող է լինել և՛ դրական, և՛ բացասական: Դրականն այն է, որ ձևավորում է արժեքային համակարգ, դաստիարակում, սովորեցնում է հայրենասիրություն, սեր, հարգանք, հոգատարություն, ապահովում է բազմաթիվ մարդկանց զբաղվածությունն ու կտրում իրենց հոգսաշատ կյանքից: Բացասական կողմին վերաբերում է այն, որ ներշնչվող անձինք հաճախ են ընկնում կերպարների ազդեցության տակ, վերապրում են ամբողջ սերիալը որպես իրենց կյանք, կրկնօրինակում են հերոսների վատ բառապաշարը և ագրեսիվ վարքը։

-Հեռուստասերիալները ազդեցություն ունենու՞մ են երեխաների վրա, եթե այո,ապա ո՞ր տարիքում և ինչպե՞ս։

-Կան ապացույցներ, որ հեռուստասերիալներ նայելը ազդում է երեխայի տեսողության, լսողության, վարքի և նյարդային համակարգի վրա։ Առավել վնաս է փոքր տարիքում դիտելը, նամանավանդ 3-5 տարեկանում, երբ երեխաները ակտիվ կլանվում են, կտրվում իրականությունից, դառնում են ցրված, չլսող, հրահանգները ժամանակին չեն կատարում: Կարող է նաև խանգարվել քունը, առաջանալ մղձավանջային երազներ, վախեր։ Երկար ժամանակ էկրանների առջև նստելը նաև ազդում է երեխաների ֆիզիկական ակտիվության վրա, դառնում են ալարկոտ, իսկ էկրանի առաջ սնվելը հանգեցնում է ճարպակալման։

 -Ի՞նչ միջոցներ կառաջարկեք վտանգները կանխելու համար։

-Ամենակարևորը մինչև 1 տարեկան երեխաներին հեռու պահել հեռուստացույցից, 1-2 տարեկան երեխաներին միայն սահմանափակ ժամանակով թույլատրել՝ 30-60 րոպե։ Հետևեք նյութի բովանդակությանը, որպեսզի հիմնականում դրական ազդեցություն ունենա հուզական ոլորտի վրա: Եթե զգացել եք, որ երեխան առավել ագրեսիվ է դառնում, ապա փորձեք զրուցել, հարցնել, թե ինչ էր զգում և ինչն իրեն դուր չեկավ, մեկնաբանեք՝ բացատրելով լավը, վատը, բարին, չարը։ Եվ ամենավերջում, առավել հաճախ ժամանակ անցկացրեք առանց էկրանի, միասին զբոսնեք, հորինեք իրական խաղեր, որի շնորհիվ ձեր հուզական կապը առավել առողջ կդառնա և բալիկը առավել բավարարվածություն կզգա։

Զառա Մնացականյան

4-րդ կուրս

Կիսվել