«Այսօրվա գործը վաղվան չեմ թողնում»

«Այսօրվա գործը վաղվան չեմ թողնում»

1132

Journalist.am-ի հարցազրույցը երիտասարդ երգահան Վարդան Գալստյանի հետ:

Վարդա՛ն, Դուք, լինելով բավական երիտասարդ, արդեն իսկ շատ երգերի երաժշտության և տեքստերի հեղինակ եք. ինչպե՞ս եք կարողանում հասցնել այդ ամենը։

-Երաժշտությունն իմ աշխարհն է։ Այդ աշխարհում ես ինձ  պաշտպանված եմ զգում։ Շատ եմ աշխատում, հիմնականում գիշերները։ Իմ հիթային երգերը ծնվում են լուսադեմին, արևի առաջին շողերի հետ։

-Վերջին շրջանում շատ հայտնիների հետ եք համագործակցում. ինչպե՞ս է Ձեզ հաջողվում «ճեղքել» սիրված արվեստագետների ներաշխարհը։

-Այո՛, Դուք ճիշտ եք։  Համագործակցում եմ  նաև հայտնի երգիչների հետ։

Այս ասպարեզում ես շատ ընկերներ ունեմ։  Աշխատանքային շփումը բերում է նոր առաջարկներ, իսկ արդյունքում ծնվում է երգը, հոգու երգը` մի քիչ «շաքարով համեմված»։ Երաժշտի հույզերը պետք է սրտի երգ դառնան ու տարածվեն աշխարհով մեկ։

-Հասցրել եք շուրջ  60 երգի հեղինակ լինել և սիրվել ունկնդրի կողմից։  Օրինակ` Ձեր հեղինակած «Սարերով, ձորերով» երգը, որը կատարում է Արկադի Դումիկյանը,  մեծ սեր է վայելում։ Երգի քավր տարբերակն արդեն կատարում են տարբեր տարիքի մարդիկ։ Մեկ ամիս է անցել, բայց դիտումները գերազանցում են 5 միլիոնը և գուցե անցնեն։ Ո՞րն է սրա գաղտնիքը։

-Երգի հաջողությունն առաջին հերթին ապահովում են հեղինակը և կատարողը։ Արկադի Դումիկյանը մեր շոու֊բիզնեսի լավագույն ձայներից է և շատ անկեղծ է կատարում։ Երգը սիրել են նաև փոքրիկները։ Ամենուր երգում են այս երգը` փողոցում, մեքենայի մեջ, խաղահրապարակում,  ռեստորանում։ Այս երգը սիրվել է նաև սփյուռքահայերի կողմից։ Սփյուռքում տարածված երգ է։

Տեղին է հիշատակել նաև տեքստի հեղինակին` Հարություն Հարությունյանին, ով, կարծում եմ, սրտանց է գրել բառերը։ Հարությունի հետ մենք բանակային ընկերներ ենք, ծառայել ենք Ջաբրայիլում (Ջրական) և հաճախ ենք համագործակցում այս ֆորմատով։

Մեծ պահանջարկ ունի նաև Արամեի «Բայլա» երգը։

-«Բայլան»  սիրվեց և ունեցավ մեծ լսարան։ Արամեն փայլուն է կատարում։ Փայլում են նաև գործընկերները։ Կարծում եմ՝ երգի երկրորդ մասը դեռ կծնվի ու կհասնի ուկնդրին։

-Վարդա՛ն, Ձեր երկրպագուներին հետաքրքրում է, թե ինչ կրթություն ունեք։

-Ես ավարտել եմ Խ.Աբովյանի անվան Մանկավարժական համալսարանի Գեղարվեստական կրթության ֆակուլտետը։ Օրեր առաջ ավարտեցի երաժշտական կրթության մագիստրատուրան։ Պաշտպանեցի «Առնո Բաբաջանյանի կինոերաժշտությունը» թեզը։ Ուսման ընթացքում աշակերտել եմ շատ տաղանդավոր արվեստագետների, որոնց երախտապարտ եմ։

Աշխատում եմ այսօրվա գործը վաղվան չթողնել, և դա ինձ հաջողվում է։

Հարցազրույցը վարեց Բագրատ Մարտիրոսյանը

Կիսվել