Ուսանողից՝ զինվորին դեղորայք, սնունդ ու հագուստ

Ուսանողից՝ զինվորին դեղորայք, սնունդ ու հագուստ

641

Այս օրերին բուհերի բակերում ու միջանցքներում դրված են արկղեր, որտեղ ուսանողները հավաքում են չոր, չփչացող սնունդ, տաք հագուստ, ծխախոտ և այլ առաջին անհրաժեշտության իրեր։ Սեպտեմբերի 13-15-ն Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական ագրեսիայի օրերին և դրանից հետո տարբեր բուհերի ուսանողներ սկսեցին իրենց կամավորական աշխատանքները, որպեսզի օգնեն սահմանապահ զինվորներին։

Հենց առաջին օրերից ակտիվ գործունեություն սկսեցին ծավալել Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողները։ Բուհի կամավորական աշխատանքները համակարգող Ռոզա Ավետիսյանը հիշեցրեց, որ իրենք ակտիվ էին նաև 2020-ին՝ արցախյան 2-րդ պատերազմի օրերին։ Նրա խոսքով՝ այն ժամանակ իրենց էին միացել նաև մի շարք հայտնի մարդիկ, հիմա միայն ուսանողներն են։

Հարցին՝ ինչպե՞ս են որոշել սկսել կամավորական աշխատանքներ, Ռոզա Ավետիսյանը պատասխանեց. «Այսպիսի իրավիճակներում մենք շատ երկար խորհրդակցում ենք թե՛ ռեկտորի, թե՛ մեր դեկանների հետ։ Կապվում ենք զինված ուժերի պատասխանատուների հետ, տեղեկանում, որ մեր օգնության կարիքը կա, այդ դեպքում անցնում ենք կամավորական աշխատանքներին»։

«Իսկ հավաքված ամեն բան, հաստատ, հասնում է սահման»,- վստահ են  ու վստահեցնում են ուսանողները։ Շեշտենք, որ զինվորներին ուղարկված իրերի վրայից կամավորները ջնջում են կոդերը, որպեսզի բացառվի վերավաճառքը։ Հավաքում են նաև անհրաժեշտ դեղորայք։

Ռոզա Ավետիսյանը նշեց. «Սահման հասցնում ենք սեփական միջոցներով, սեփական մեքենաներով։ Լինում են դեպքեր, երբ անծանոթ մարդիկ են գալիս ու պատրաստակամություն հայտնում մեզ օգնելու, տուփերը սահման տեղափոխելու, եթե արժանանում են մեր վստահությանը, օգնում են»։

Մեզ հետ զրույցում ուսանողները պատմեցին, որ իրենք էլ զինվորներից են ստանում շնորհակալություն հայտնող նկարներ, տեսահոլոկավակներ ու նամակներ։

Կամավորական աշխատանքների մասնակից Նարե Մաշինյանն էլ ասաց. «Ճիշտ է՝ սահմանային լարվածությունը արդեն մի քանի օր է, ինչ թուլացել է, բայց կամավորական աշխատանքները շարունակվում են։ Մարդիկ դեռ բերում են սնունդ, անհրաժեշտ իրեր»։

Էմիլյա Հոսյան

3-րդ կուրս

Կիսվել