Օտարերկրյա երաժիշտները՝ հայ մշակութային տուրիզմի զարգացման խթան

Օտարերկրյա երաժիշտները՝ հայ մշակութային տուրիզմի զարգացման խթան

448

Սեպտեմբերի 24-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի ունեցավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի «Արմենիա» միջազգային փառատոնի հերթական համերգը։ Փառատոնը ներառում է 7 համերգներ՝ սեպտեմբերի 3-ից մինչև հոկտեմբերի 8-ն ընկած ժամանակավատվածում: Հայաստանում կհյուրընկալվեն բազում երաժիշտներ՝ ջութակահարներ Ջուզեպպե Ջիբբոնին, Սերգեյ Կռիլովը, ֆլեյտահար Ջասմին Չոյը, դաշնակահար Ֆեդերիկո Կոլլին, թավջութակահար Միշա Մայսկին։ Օրերս կայացած համերգին մենակատարը իտալացի դաշնակահար Ֆեդերիկո Կոլին էր, դիրիժորը՝ Հանսյորգ Շելենբերգերը։ Համերգի նպատակը և՛ հայ, և՛ օտար երկրներից ժամանած բնակիչներին ևս մեկ անգամ մշակութային կյանքին ինտեգրել էր։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի փոխտնօրեն Աշխեն Բեգլարյանի տեղեկացմամբ՝ «Արմենիա» միջազգային փառատոնը մշակութային առաքելությունից բացի ունի նաև այլ նպատակ՝ բարձրացնել Հայաստանի հեղինակությունը՝ որպես մշակութային ակտիվ կենտրոն և մեր երկիրը գրավիչ դարձնել օտարերկրյա զբոսաշրջիկների համար։ Տիկին Բեգլարյանը մանրամասնելով շարունակեց՝ քանի որ փառատոնի շրջանակներում հանդես են գալիս համաշխարհային բարձր հեղինակություն վայելող մեծանուն երաժիշտներ, որոնց համերգներին հաճախելը անգամ աշխարհի հեղինակավոր դահլիճներում բոլոր երաժշտասերներին չէ, որ հասանելի է, ուստի վերջինս նաև Հայաստան է բերում մեծաթիվ զբոսաշրջիկների: Նաև հավելեց. «Ակնկալվում է՝ այն աջակցությունը, որը տրվում է փառատոնի իրականացման համար, դրանից մի քանի անգամ ավելին ուղղվում է ՀՀ տնտեսությանը զբոսաշրջիկների կողմից՝ մեր երկրում նրանց կողմից կատարված ծախսերի միջոցով: Մասնավորապես, «Արմենիա» փառատոնը ներգնա տուրիզմի զարգացմանը կարող է նպաստել՝ պայմանավորված նաև Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությամբ, տարածաշրջանային քաղաքականությամբ և այլն: Օրինակ՝ շատ երաժիշտներ չեն կարողանում համերգներով հանդես գալ Ռուսաստանում, հետևաբար՝ այս իրավիճակում այս փառատոնը կարող է լավագույն հնարավորությունը դառնալ ինչպես տարածաշրջանի, այնպես էլ բազմաթիվ այլ երկրներից Հայաստան մեկնելու համար, որպեսզի ներկա գտնվել նրանց համերգներին: Մեր երկրում մշակութային տուրիզմը զարգացման նախադրյալներ ունի․ դա վկայում են թանգարաններ, թատրոններ, համերգներ համեմատաբար մեծ թվով մարդկանց այցելությունները»։

Համերգը փակ էր, որն ուներ ևս մեկ նպատակ․ ներկայիս սերնդին մոտեցնել դասականին, և հայ երիտասարդներին հորդորել այցելել դասական համերգների։ Աշխեն Բեգլարյանը խոսեց նաև իրենց մեկ այլ «Իմ սիմֆոնիկը» ծրագրի մասին։ Նրա խոսքով՝ ծրագիրը նպատակ ունի ստեղծել միջավայր, որպեսզի ուսանողները նորովի ընկալեն դասական համերգների բովանդակությունը,  դառնան մշակույթին վերաբերող տեղեկատվության տարածման առանձնահատուկ  դեսպաններ երիտասարդության և հանրության շրջանում։ 

Վ․Բրյուսովի անվան պետական համալսարանի տուրիզմի բաժնի ուսանողուհի Նոնա Գևորգյանը նշեց, որ  նմանատիպ համերգները կարողանում են ներգրավվել օտարերկրացի զբոսաշրջիկներին, ինչն  ուրախություն է պատճառում իրեն: Ուսանողուհին շարունակեց. «Հանդիսատեսի կազմում բացի զբոսաշրջիկներից նաև ուսանողներն էին, որոնց հետաքրքրությունը դասական երաժշտության նկատմամբ նույնպես ուրախալի էր։ Նաև ինձ համար հետաքրքիր էր տեսնել օտարերկրացի արտիստների, նրանց վարպետությունը: Հույս ունեմ, որ այսպիսի ծրագրերը կլինեն շարունակական, որպեսզի մյուս ուսանողները ևս կարողանան մասնակցել»։

Լիլիթ Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել