Կորեական մշակույթը պոպուլյար է դառնում Հայաստանում

Կորեական մշակույթը պոպուլյար է դառնում Հայաստանում

907

Համացանցի և մեդիայի դարում Kpop (Քեյ փոփ) երաժշտությունը դարձել է համաշխարհային երևույթ եւ նշանակալի դեր է կատարում Հարավային Կորեայի տնտեսության, զբոսաշրջության և այլ ոլորտների զարգացման մեջ։ Փոփ երաժշտության այս տեսակը ծագել է 20-րդ դարի վերջին Հարավային Կորեայում և ներառում է հիփ հոփ, ռոք, էլեկտրոնային երաժշտություն և ժամանակակից ռիթմ ընդ բլյուզ։ Երաժշտությունը  հագեցած է գունային լուծումներով, լուսային էֆեկտներով, ռեփի, խորեոգրաֆիայի և դերասանական արվեստի օգտագործումով։ Kpop-ը (Քեյ փոփը) այլ կերպ կոչվում է «Հալյու», որը վերաբերում է կորեական փոփ մշակույթին և կորեական հեռուստաշոուներին, երաժշտությանը և ֆիլմերի ժողովրդականությանը Ասիայում և աշխարհի այլ մասերում։ Այդ ալիքը եկավ նաև Հայաստան։ Երևանում ստեղծվեցին Քեյ փոփ պարի խմբակներ, ինչպիսիք են` Michyos, NP Project, Bang Dance Studio, ExoL Armenia, որոնք   կազմակերպում են ֆլեշմոբեր, միջոցառումներ, հանդիպումներ Հարավային Կորեայի մշակույթով հետաքրքրված հայ երիտասարդների համար։  Michyos խմբի գլխավոր պարուսույցը` Անին պատմեց խմբի ստեղծման մասին։ Ամեն տարի «Քեյ փոփ»-ը գնալով տարածվում էր Հայաստանում, մենք էլ որոշեցինք ընդլայնել խումբը և ստեղծել «Michyos»-ը։ Հայ քեյփոփերները ոչ միայն Երևանում են, այլև Հայաստանի այլ մարզերում։

Մենք զրուցել ենք 20-ից ավելի երիտասարդների հետ, ովքեր հաճախում են կորեերեն դասընթացների, Քեյ֊փոփ պարերի և հետաքրքրված են կորեական մշակույթով։

Իրենց սերն այդ մշակույթի նկատմամբ նրանք բացատրում են տեսահոլովակների և երգերի յուրահատուկ ոճով,  գեղեցիկ պարային համարներով, մոտիվացիոն բնույթով և անձնակազմի մեծ աշխատանքով։ Հայաստանում կարելի է հանդիպել կորեական դորամաներ «դրամաներ» դիտող երիտասարդների, որոնց թվում ոչ միայն կորեասերներն են, այլև այն մարդիկ, ովքեր հետաքրքրված չեն կորեական մշակույթով, բայց հաճույքով դիտում են այդ սերիալները։ «Սերը դեպի դորամաներ եկել է դպրոցական դորամաներ դիտելուց։ Ինձ դուր էին գալիս դպրոցի հետ կապված դորամաները, թե ինչպես էին աշակերտները միանման համազգեստ հագնում, դասապրոցեսը, դասերից դուրս ինչ զբաղմունքների էին գնում, ինչպես էին տնօրինում իրենց օրը և այլն»,- ասում է ԵՊՀ Ժուռնալիստիկայի ուսանող  Արփինե Ավետիսյանաը։

 Պարի, երաժշտության և սերիալների հետ մեկտեղ Երևանում տարածվեց նաև կորեական խոհանոցը։ Kim Yam-ում, Guabao-ում,  Janpho-ում  և այլ կորեաասիական ռեստորաններում մատուցվում են ազգային ուտեստներ՝ տոկպոկի, ռամեն, բաոներ, տակոյակի և այլն։ Չնայած նրան, որ Հայաստանում չկա Հարավային Կորեայի դեսպանատուն, ամեն տարի նշվում է երկու երկրների բարեկամական կապը, իսկ այս տարի  մայիսի 26-ին տեղի ունեցավ հայ-կորեական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված կորեերենի բանավոր մրցույթ, և արդեն ավանդույթ դարձած քեյ փոփ պարի մրցույթը, որի առաջին հորիզոնականում հայտնվեց Michyos խումբը։ Բազմաթիվ երիտասարդներ հաճախում են  կորեերենի դասընթացների ԵՊՀ-ում, ԵՊԼՀ-ում և այլ լեզվի կենտրոններում։ Ցանկանում են յուրացնել լեզուն, որպեսզի կարողանան հասկանալ կորեացիներին, ընկալել  երգի բառերը և ձեռք բերել նոր ընկերներ։

 Նրանց մի մասը  ապագան պատկերացնում է Հարավային Կորեայում իր սիրելի երգչի/խմբի համերգին, դորամաների (կորեական սերիալներ) հայտնի վայրերում զբոսնելիս, կամ էլ Հարավային Կորեայում սովորելիս։

«Ինձ հետաքրիր է ամեն ինչ՝ կապված Կորեայի հետ, թե դորամաները, թե երգերը, թե պատմությունը, որի մասին մեծ մասամբ սերիալներից եմ տեղյակ, իմ մեջ մեծ մոտիվացիա է արթնացնում գնալ Կորեա ոչ միայն որպես զբոսաշրջիկ, այլև որպես ուսանող։ Իմ երազանքներից մեկն է սովորել Կորեայում։»,- ասում է ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանող Լուսինե Հակոբյանը։

Հարավային Կորեան Ասիայի առաջադեմ երկրներից է։ Կորեացիները, լինելով կիրթ և նորարար, չեն մոռանում պահպանել իրենց ավանդույթներն ու սովորույթները և սերնդեսերունդ դրանք փոխանցում են։

Լուսինե Սարգսյան

3-րդ կուրս

Կիսվել