Ինչպես սիրելի զբաղմունքը վերածվեց բիզնեսի

Ինչպես սիրելի զբաղմունքը վերածվեց բիզնեսի

679

Գունավոր թելերը, հելուններն ու ասեղներն արդեն մոտ 10 տարի է Վարդուհու աշխատանքային սեղանի ու առօրյայի մեծ մասն են կազմում։ Մասնագիտությամբ իրավաբան է, սակայն իր սիրելի աշխատանքը տիկնիկագործությունն է։

«Վեց տարեկանից տիկնիկների համար հագուստներ էի կարում և կարելի է ասել, որ հենց այս տարիքից էլ իմ մեջ սեր առաջացավ ինչ-որ բան ստեղծելու նկատմամբ։ Մանկուց թելերի գույները, դրանց հպվելն ու փափկությունը միշտ գերում էին»,-ասում է նա։

Առաջին աշխատանքի միտքը Վարդուհի Մարտիրոսյանը հղացել է համացանցից՝ 2014 թվականին, սակայն իր գտած լուսանկարի  տիկնիկի սխեման չկար։ Այդ հանգամանքն էլ դրդեց ստեղծել վարպետի իր ձեռագիրը։

«Սխեման չգտա ու ինքս, պատկերացնելով, ստացա նույն արդյունքը, ինչ նկարում էր։ Հենց այսպես էլ սկսեցին ստեղծագործել։ Գծագրում էի իմ սխեմաները, իմ նախընտրած գույներով ու ձևով։Կարծես արհեստն ինձ իրենով էր արել։ Ցանկացած պատկեր՝ թե իմ պատկերացմամբ, թե մուլտֆիլմերից և թե նկարներից ստանում էի ձեռագործ խաղալիքի տեսքով։ Կարծես նրանց կենդանություն էի տալիս»,-ասում է նա։

150-ից ավելի ձեռագործ խաղալիք է պատրաստել Վարդուհին, բայց ոչ մի օրինակ ձեռքի տակ չունի․ հիմնականում նվիրում է ծանոթներին ու փոքրիկներին։

«Եթե դուք հիմա ինձ հարցնեք՝ արդյո՞ք ունեմ ինչ-որ անկյուն, որն իմ պատրաստած տիկնիկների համար է, ես զարմանալիորեն կպատասխանեմ՝ ոչ։ Աղջիկներս մինչ օրս մտահոգված են, թե ինչու իմ հորինած խաղալիքներից յուրաքանչյուրից գոնե մի նմուշ չունեմ տանը։ Այս ընթացքում իմ հորինած ձեռագործ խաղալիքերի թիվն օր օրի ավելանում է։ Հիմա էլ, երբ պատվեր եմ ստանում, ամեն անգամ  նորն եմ հնարում»։

Տիկնիկների գաղափարները երբեմն պատվիրատուներն են տալիս։

«Մի անգամ կերպարային տիկնիկ պատվիրեցին ու ասացին, որ ուզում են տիկնիկի ձեռքին շշերով քյաբաբ լինի, տակն էլ՝ անպայման լավաշ։ Անհեթեթ էր թվում ու երբևէ չէի մտածել  նման տիկնիկ ստեղծելու մասին, բայց ստացվեց»,-ասում է նա։

Սիրելի զբաղմունքը աշխատանքի վերածելու գործում ճակատագրական էր Գորիսի արվեստի դպրոցի տնօրենի հետ ծանոթությունը։ Նրա շնորհնիվ իմացավ կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոնի» մասին, որը զբաղվում է ձեռագործ խաղալիքների վաճառքով։ Հենց այդ պահից էլ սիրելի զբաղմունքը դարձավ գումար վաստակելու միջոց։

 «Մի անգամ կենտրոնից զանգեցին, գիշերը մեկն էր երևի, ասացին, որ գերմանացի գործընկեր կա, ով պանդա կենդանու հելունագործ տարբերակն է ուզում՝  մեծ, փոքր, միջին։ Մինչև լսուսաբաց պատրաստեցի, հետո հավանեցին ու մոտ 600 հատ պանդայի պատվեր ստացա։ Պայմանագիրը կնքեցին, բայց քանի որ նման քանակի համար ժամանակը քիչ էր, միացան նաև այլ վարպետներ, սխեման տվեցի ու սկսեցինք աշխատել։ 285 հատ պանդա հասցրեցի անել»,-պատմում է Վարդուհին ու հավելում, որ իր աշխատանքը «չգիտի՝ ժամն ինչ է, կարևոր է, որ սիրով աշխատես»։

Ամենամեծ պատվերը հայկական տարազով տիկնիկներն են եղել։ Ավելի քան երկու տարի տարազով տիկնիկի գաղափարի վրա աշխատելուց հետո Ամերիկայից առաջարկ ստացավ՝ մոտ 1000 տիկնիկ։

Հիմա Վարդուհին սեփական բիզնես էջ ունի, որի առաջխաղացմամբ ու տիկնիկների վաճառքով կրտսեր  դուստրն է զբաղվում։

«Ամեն անգամ, երբ պատվիրատուն փորձում է իջեցնել գինը ու աղջիկս խորհրդակցում է ինձ հետ, մենք գրեթե միշտ վիճում ենք, քանի որ ես համաձայնում եմ անգամ ինձ համար ոչ շահավետ պայմաններով գործել։ Չէի ասի, թե սա նշանակում է, որ չեմ գնահատում իմ աշխատանքը, ինչպես աղջիկս է ասում, այլ երևի պարզապես հենց այդ պահերին ես հասկանում եմ, որ ուղղակի հաճույք եմ ստանում իմ աշխատանքից ու բոլորովին էլ կարևոր չի, թե ինչքան եկամուտ կունենամ,- ասում է Վարդուհին։

Ջուլյա Ոսկանյան

3-րդ կուրս

Կիսվել