Բնակարանների վարձերի թանկացման պատճառով ուսանողներն անելանելի դրության մեջ են

Բնակարանների վարձերի թանկացման պատճառով ուսանողներն անելանելի դրության մեջ են

370

Հայաստանյան բուհերի բազմաթիվ ուսանողներ հեռավոր մարզերից են։ Կրթություն ստանալու համար նրանք ստիպված են ժամանակավոր բնակություն հաստատել Երևանում։ Սակայն մայրաքաղաքում բնակարանների վարձերի թանկացումը՝ պայմանավորված ռուս-ուկրաինական պատերազմի հետեւանքով ռուսների մեծ ներհոսքով Հայաստան, ուսանողներին լուրջ խնդրի առաջ է կանգնեցրել: Շատերը, որ նախկինում նույն բնակարանը վարձակալում էին ցածր գնով, թանկացման պատճառով կամ տանտերերի պահանջով ստիպված լքում են:

Մեզ հետ զրուցած ուսանողները նշում են, որ ամսական միջինում մոտ 60.000-70.000 դրամ են ծախսում սննդի եւ տրանսպորտի վրա , սրան գումարվում է ուսման վարձը, և եթե այս ամենի հետ մեկտեղ թանկանում է տան վարձը, ապա իրենք հայտնվում են անելանելի դրության մեջ:

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական համալսարանի ուսանողներից մեկը, որ չցանկացավ ներկայանալ, պատմում է. «Տանտերը զանգահարեց օգոստոսի կեսերին, պահանջեց լքել բնակարանը, ասաց, որ մեր փոխարեն ռուս աղջիկ է բնակվելու, ով պատրաստ է վճարել 50 %-ով ավելի: Ես սկսեցի տուն գտնելու փնտրտուքները, բայց իզուր: Այդքան կարճ ժամանակահատվածում դժվար էր տուն գտնել՝ այն էլ հարմար գներով, ստիպված եղա համաձայնության գալ տանտիրոջ հետ: Այժմ բնակվում եմ նույն բնակարանում, վճարում եմ 50%-ով ավելի, քան նախկինում, բայց կարծում եմ՝ չարժե այդպես վարվել հատկապես ուսանողների հետ, որոնք դժվարանում են նույնիսկ համալսարանի վարձերը փոխանցել»:

Նրա վարձատուն նշեց, որ բողոքներ շատ է լսել տարբեր վարձակալներից, բայց ոչինչ չի կարող անել, հանգամանքներն են ստիպում.«Բոլորն էլ թանկացրել են, ես առաջինն ու վերջինը չեմ, հիմա կա՞ էդպիսի բան, որ չի թանկացել, պիտի կարողանանք գոյատևել, ես էլ ընտանիք ունեմ, ուզում եմ ապահովել ընտանիքիս գոնե նորմալ սննդով: Իմ եկամտի աղբյուրն էլ սա է, հասկանում եմ՝ դժվար է, բայց ի՞նչ կարող ենք անել»:

Հարցին՝ հետագայում կլինի՞ վարձավճարի իջեցում, պատասխանեց. «Կարծում եմ՝ ռուսների գնալուց հետո գները էլի կիջնեն, ես էլ կփորձեմ ավելի մատչելի գնով վարձով տալ տունը, հույս ունենանք՝ ամեն ինչ կկարգավորվի»:

Էմմին Ոստիկանության ակադեմիայի ուսանող է, Սյունիքի մարզից տեղափոխվել է Երևան։ Պատմում է, որ տանտիրոջ պահանջով ստիպված է եղել դուրս գալ բնակարանից, երկար ժամանակ տուն է փնտրել, սակայն չի գտել.«Վերջին ժամանակներս օրվա մեծ մասը անց եմ կացրել List.am-ում, սարսափելի բարդ է հարմար գնով տուն գտնելը, նախընտրում էի փոքր տուն մինչև 120.000 դրամի սահմաններում, բայց չկար, լինելու դեպքում էլ առաջին անհրաժեշտության պարագաները բացակայում էին՝ սառնարան, լվացքի մեքենա և այլն, ստիպված վարձակալել եմ տուն Մասիվում՝ 150.000 դրամով, ինչը, իհարկե, բավականին թանկ է ինձ համար»,-ասում է նա։

Այս հարցի շուրջ զրուցեցինք նաև անշարժ գույքի գործակալ Արման Հակոբյանի հետ, ով նշեց, որ վարձավճարների բարձրացումը պայմանավորված է ռուսների մեծ ներհոսքով, վարձավճարի չափը որոշում է տանտերը, և այս ամենը ժամանակավոր միտում ունի:

Մարիամ Վարդանյան

3-րդ կուրս

Կիսվել