«Ոսկի սերմեր» կրթամրցանակակիրների և կանադահայ բարերարի հանդիպումը՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում

«Ոսկի սերմեր» կրթամրցանակակիրների և կանադահայ բարերարի հանդիպումը՝ ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում

297

Հոկտեմբերի 5-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում տեղի ունեցավ հանդիպում  «ՈՍԿԻ ՍԵՐՄԵՐ. երախտիքի և հարգանքի կրթամրցանակներ» ծրագրի մրցանակակիր ուսանողների և կանադահայ բարերար Արա Մուրադյանի հետ։

Հանդիպումը տեղի ունեցավ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արմինե Պետրոսյանի և ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի նախաձեռնությամբ ու մասնակցությամբ։
Կրթամրցանակը նվիրված է արցախյան 44-օրյա պատերազմի հերոս, ֆակուլտետի մագիստրոս Վաչագան Մանուկյանի հիշատակին։ 

Հիշեցնենք՝ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի էր ունեցել մայիսի 23-ին ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրագրող ազատամարտիկների լսարանում։ Բարերար Արա Մուրադյանն  այդ արարողությանը չէր կարողացել ներկա գտնվել, ուստի Երևանում կատարած այցի ժամանակ ցանկություն է հայտնել` հանդիպել, ծանոթանալ և շնորհավորել կրթամրցանակակիրներին։

Հանդիպմանը մասնակցեցին նաև ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ Դավիթ Պետրոսյանը և Վաչագան Մանուկյանի հայրը` բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը։

Հանդիպման սկզբում ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, կարևորելով կրթամրցանակների միջոցով հերոսների անունները կրթության առաջընթացին շաղկապելու՝ «Հայ Ձմեռ պապ» բարեգործական հիմնադրամի գաղափարը, ֆակուլտետի անունից պատրաստակամություն հայտնեց  շարունակել արդյունավետ համագործակցությունը և շնորհակալություն հայտնեց բարերարին։ Մրցանակակիրներ Լուսինե Հակոբյանը և Շողեր Սահակյանը պատմեցին իրենց մասին` խոսելով նաև նպատակների և որպես լրագրող` իրենց առաքելության մասին։

Կանադահայ բարերար Արա Մուրադյանն էլ, պատմելով իր մասին, խոսեց իր կյանքի անկումների և վերելքների, հայրենիքի կարոտի ու հայանպաստ գործունեության գիտակցման մասին։

Հանդիպման մասնակիցները նոր գաղափարներ և ծրագրեր քննարկեցին` կապված լրագրության ոլորտում ուսանողների ակտիվության և առաջընթացի հետ։

Լուսինե Արտակի Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել