«Մայր կդառնաս, կհասկանաս»

«Մայր կդառնաս, կհասկանաս»

820

Իմ առավոտներն ամեն անգամ սկսվում են այդ օրվա համար պլանավորած հագուստս փնտրելով: Տակնուվրա եմ անում ամեն ինչ, չեմ գտնում, ու այդ պահին, որպես իսկական փրկիչ, սենյակ է մտնում մայրս ու աչքիս առաջ դրված հագուստը տալիս ինձ: Զարմացել եմ ու միշտ կզարմանամ՝ այդ ի՞նչ գերմարդկային հատկություն է, որով օժտված է մայրս: Պարզվում է՝ նա միայնակ չէ. այդպիսին են բոլոր մայրերը:

Մարդկության մեջ անթերի տեսակներ եք դուք՝ մայրե՛ր, որ միշտ ուրախացնում եք, գոտեպնդում, անչափ սիրում ու հույս տալիս անտեղ, որտեղ հույսի նշույլ անգամ չի երևում:

Ստեղծագործական ձիրքով այդ գրողներն ու բանաստեղծները չեն, որ միայն փայլում են, մայրերի ստեղծագործելու ունակությունն ու շնորհն այլ է, նրանք ստեղծագործում են իսկական կյանքեր, որ պիտի շնչեն ու հավերժ շնորհակալ լինեն այդ ամենի համար:

37 տարեկան հասակում նա կարողացել է երկու անգամ «ստեղծագործել». այդ ստեղծագործություններից մեկը 20 տարեկան է, մյուսի 17-ն էլ մի ամսից կլրանա…

Իմ ու մորս տարիքային տարբերությունը 17 տարի է, գուցե սա է պատճառը, որ իրեն տեսնելու դեպքում ինձ հետ ծանոթանալն ավելորդություն կհամարվի: 

Ամեն անգամ ինձ մորս նմանեցնելիս հպարտանում եմ, շշմում` արդյո՞ք ես էլ եմ այդքան կատարյալ, վախենում այդպես չլինելու դեպքում, ու հստակ նպատակ դնում` նմանվել իրեն ամեն քայլով, արարքով ու ասածով…

Մայրիկիս սիրում են բոլորը. պակասն էլ նա չէ: Բոլորին սիրում է, չի նյարդայնացնում, չի բարկացնում և կամ էլ անհագստացնում․ այստեղ ես աշխատելու շատ տեղ ունեմ իրեն նմանվելու համար:

Այդ սիրող մարդկանց կողքին իրենց դիրքերը չեն զիջում մեր շենքի հարևանները։ Սուրճի սեղանի անբաժան խոսակցություններից մեկը միշտ այն պատմությունն է, թե ինչպես է մայրս առաջին անգամ ծանոթացել իրենց հետ (հարևանիների համար սա հատուկ արարողակարգ կարծես լինի նորահարսերին ճանաչելու համար )։

Մեր հարևան Անուշ տատը պատմում է, որ առաջին անգամ, երբ եկան ծանոթանալու մորս հետ, սեղանին դրված է եղել իր պատրաստած անուշահոտ միկադոն․ բույրը զգալուն պես սկսել են ինքնամոռաց վայելել խմորեղենը՝ մոռանալով այն հարցերի հսկայական շարանը, թե ով է, որտեղից է, ինչով է զբաղվել մինչև ամուսնանալը, քանի երեխա է ուզում ունենալ․․․

«Մայրդ գիտեր էլի՝ ինչպես մեր բերանը փակեր»,- պատմում  է Անուշ տատը ու միշտ խոսքի մեջ յուրօրինակ խմանքով ասում, որ մայրիկիս բոլորն էլ հավանել են առաջին հայացքից։

Տատիկս` Անահիտը,  պատմում է, որ այն վայրկանից, երբ մայրս ոտք է դրել ամուսնու տուն որպես հարս, նրան ընդունել են որպես հարազատ աղջիկ. տատիկիս ու մորս հարաբերությունները ևս ընդօրինակաման են արժանի…

Թե քանի տարի է աշխատում մայրս, հաշիվը կորցրել ենք բոլորս, կամ այս հարցը մի պատասխան ունի՝ աշխատում է միշտ։ Իրենց աշխատավայրում իրենից երկար դեռ ոչ ոք չի աշխատել։ Այս փաստից մարս հպարտանում է, բայց այտերն էլ հետաքրքիր կարմիր երանգներ են ստանում նույն պահին։ Նա պատմում է, որ իր գործընկերները միշտ իրեն ապացուցում են, որ կարևորը քանակը չէ, այլ որակը։ Գործընկերներից տիկին Աիդան, պատմում է, որ մայրս իրենց հավաքույթների «հոգին է» ու նաև միակ նախաձեռնողը։

«Եթե մայրդ էլ չկազմակերպի ինչ-որ բան, երևի մոռանանք, որ աշխատելուց բացի այլ բաներ էլ կան»,- նկատում է գործընկերուհին:

Մայրս  մի դեպքում է նյարդայնանում, երբ ինձ հետ ինչ-որ բան այն չէ, թեպետ չի բացառում, որ ես եմ այդ ամենի գլխավոր մեղավորը:

Հոգատար իր կերպարի մեջ նաև կա խստություն, կա պահանջ վաղվա իմ օրը ավելի լավը դարձնելու:  Իր այդ խիստ մայրական հայացքների մեջ բացահայտ գեղեցկություն կա` յուրօրինակ կանացի փայլով:

Իմ առավոտները սկսվում են մորս օգնությանը սպասելով, միչդեռ նրա  համար օրը վաղուց է լուսացել, խոհանոցի ամանները արդեն չորացված են, նախաճաշը պատրաստ, իր երկրորդ «ստեղծագործության» դպրոցական հագուստը խնամքով արդուկված. կարծես ամեն բան  քեզ հետ կազմ ու պատրաստ սպասում է տան մյուս անդամների արթնանալուն:

Իմ երեկոները վերջանում են էլի  նրան դիմելով, թե հաջորդ օրը ինչ հագնեմ, կամ իր նվիրած զարդերից որը կրեմ, մինչդեռ նրա  օրվա  ավարտը դեռ շատ հեռու է, ընթացքում սպասում են մրգի օշարակներն ու մուրաբաները, որ չգիտես  ինչու սիրում են պատրաստվել գիշերները` մայրիկիս քնի հաշվին:

Մայրիկս ամեն ինչ հասցնում է, բայց նրան կենցաղը չի խեղդում իր կանացիությունը մոռանալու աստիճան. ասում է, որ անգամ մեր ընթրիքը պատարստելիս չի մոռանում մազերի հարդարանքի մասին, սիրում է, երբ գոգնոցի գույները գեղեցիկ համադրվում են կրած հագուստի հետ, իսկ շրթներկի գույնը ընգդծում է իր գեղեցկությունը:

Մենք բոլորս սովորել ենք, որ ամեն բան պետք է կատարյալ լինի տանը, չէ՞ որ այդ ամենը անում է մայրս, իսկ նա ենթագիտակացաբար այդ մեծ պատասխանատվությունը վերցրել է իր  վրա, ու առանց տրտնջալու անում է :

-Մամ, էլի չեմ գտնում վերնաշապիկս, տեսե՞լ ես` որտեղ Է:

-Դիմացդ դրված է, լավ նայիր:

-Չեմ գտնում, մա՛մ:

-Վերցրու՛…

Ամեն առավոտ ես զարմանում եմ քո այս ունակությունից, հագնում վերաշապիկս ու գնում իմ գործերի հետևից` համոզված լինելով, որ տուն հասնելուն պես ընթրիքի հոտը ամբողջ տնով մեկ կտարածվի, կոկիկ հավաքված կլինեն առավոտյան տակնուվրա արած դարակներս, իսկ ինձ հետ զրուցելիս ժպիտի բացակայություն երբեք չեմ նկատի:

Այսպես է լինելու միշտ, դու ես մեզ այսպես սովորացրել ու միշտ մեծ ուրախությամբ կրում ես քո այդ պատասխանատվությունը: Հարցին, թե ոնց է այսքան բան հասցնում, պատասխանում է` մայր կդառնաս, կհասկանաս…

Անահիտ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել