ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՆԵՐ

ԼԱՎԱԳՈՒՅՆ ԸՆԿԵՐՆԵՐ

2434

Ընտանի կենդանիները մարդկանց լավագույն ընկերներն ու բարեկամներն են։ Այն մարդիկ, ովքեր պահում են ընտանի կենդանիներ, նախընտրում են օրվա մեծ մասն անցկացնել նրանց հետ։ 17-ամյա Անուշիկի խոսքով` իր շանը ավելի է վստահում, քան իր շրջապատին։

«Ես նրա հետ խոսում եմ, կիսվում, նրան պատմում եմ իմ բոլոր գաղտնիքները։ Ինչքան էլ ընկերներդ լավը լինեն ու դու նրանց վստահես, միևնույն է, կենդանիների նման հավատարիմ էակներ միայն նրանք են»։

Կենդանիները մարդկանց հետ շփման արդյունքում ձեռք են բերում վերջիններին բնորոշ հատկանիշներ։ Նրանք հնարավոր է կրկնօրինակեն այն ամենն, ինչ անում է իրենց տերը։ Երեխաների վրա ևս մեծ ազդեցություն ունի կենդանի պահելն ու նրանց հետ շփումը։ Շփման արդյունքում նրանք դառնում են բարի, պատասխանատու և հոգատար։

Հոգեբանների կարծիքով, երբ երեխաները տեսնում են, որ ծնողները հոգատար վերաբերմունք են ցույց տալիս ընտանի կենդանիների նկատմամբ, իրենք էլ են ինքնըստինքյան դառնում այդպիսին։

Կենդանիներն իրենց դրական ազդեցությունն ունեն մարդկանց առողջական համակարգի վրա։ Հայտնի է, որ կատուները կարգավորում են ճնշումը, շները ևս դրական են անդրադառնում մարդկանց առողջության վրա, նրանց հետ զբոսանքը օգտակար է տիրոջ առողջ ապրելակերպի համար, ձկները հանգստացնում են մարդու նյարդային համակարգը։

Փոքրիկ Արթուրը պատմում է, թե ինչպես մի օր իր կատուն օգնեց, որ տատիկը լավանա։

«Հայրիկն ու մայրիկը շատ էին վախեցել, երբ տատիկն իրեն վատ էր զգում, իմ կատուն գնաց և նստեց նրա ոտքերին, մի փոքր անց նա իրեն լավ էր զգում, և բոլորս ուրախ էինք»։

Մարդ – կենդանի հարաբերություններն այնքան պարզ են, մաքուր ու առանց պատճառների, որ բարի նախանձով ես նայում ու հույս հայտնում, որ մի օր էլ մարդկային հարաբերությունները կլինեն նույնքան ջերմ։

 

Մարիամ Ալոյան

5-րդ կուրս

Կիսվել