Մեծ պատմություններ Ախթալայի փոքր բակերից մեկում

Մեծ պատմություններ Ախթալայի փոքր բակերից մեկում

433

Ախթալայում օրը սկսվում է աքլորականչով ու ավարտվում բակում՝ սեղանի շուրջ հավաքված հարևանուհիների զրույցով։ Կանայք, արևից վառված դեմքով ու հողից կոշտացած ձեռքերով, հավաքվում են, խոսում, քննարկում, բարկանում, ատում ու սիրում աշխարն ու իրար։

Եթե դու հայտնվել ես նրանց հետ նույն սեղանի մոտ, ապա պատրաստ եղիր սիրտդ բացելու, գաղտիքներդ պատմելու և իրենցն էլ քոնը դարձնելու։ Այստեղ չկան սահմաններ։ Նրանց համար սահմանը միայն լուրերում է, այն էլ թշնամու տեսքով և ոչ շատ հեռու՝ մեկ կամ մի քանի սար այն կողմ։

Այսօր սուրճի սեղանը հարուստ է։ Բերել են ընկույզ, խնձոր, խաղող՝ ամենքն իր այգուց։ Սուրճն էլ բերում է ամենամոտ տանն ապրող հարսը, ու սկսվում է երեկոյան զրույցը՝ մայր մտող արևի շողերի, երեխաների խաղի ու չորացած տերևների խշշոցի ներքո։

Նրանցից շատերի որդիները արտերկրում են, իրենք էլ ապրում են միայնակ։ Միգուցե երեկոյան այս զրույցները լցնում են ընտանեկան ջերմության պակա՞սը՝ չգիտեմ:

Այսօր քննարկման թեման հետաքրքիր էր։ Հարևաններից մեկն ամուսանցել էր երրորդ անգամ։ Հարևանուհիներն իրար պատմում էին․ «Իմանո՞ւմ ես, իրեք կնիկ ա ուզել, չիմնուն (բոլորին) դուս արել։ Բերել ա, 3-4 օրից եդը դուս արել, օժիտն էլ տվել չի։ Ըրևանա մի քույր աղջկա մի գռուզավիկ վեշ բերուց, մի ամսեն եդը դուս արավ, մի ասեղ չտվուց։ Հմի էլ գնացել ա, Ճոճկանեցի իրեք ըրեխեն հետը բերել ա»։

Երևի երկար կշարունակվեր քննարկումը, եթե տիկին Ժենյան հանկարծ ինձ չնկատեր։ «Ամունացա՞ծ ես»,-հարցրեց։ «Չէ»,-պատասխանեցի։ «Բա ինչո՞ւ»,- հետաքրքվեց ու չսպասեց պատասխանի։ Հիշեց հանգուցյալ ամուսնուն ու իրեն՝ ջահել ժամանակ․ «Քշերը մին էլ տենեի, աղջիկ ջան, Կլառնետ Մարտունին, Չոբանյան Սուրիկին բերել, եկելա։ Վի՛ կաց, ասեր, սրանց սիրտը ավլուկի ճաշա ուզում»։

«Բա հետո, անո՞ւմ էիք»,-հարցրի՝ փոքր-ինչ վիրավորված աղջկական ինքասիրությամբ։ «Վա՜յ»,- բացականչեց, նայեց ինձ իր խորը, կանաչ թաց աչքերով, ժպտաց  ու շարունակեց․ «Մի լիտր արաղ դնեի սեղանին, ասեր՝ էտ ի՞նչ ա, որ ստոլի վրա ես դրել, սեղանը ջարդեր, ասեր՝ պետքա բալոնով դնես»։

Հարցրի՝ դժգո՞հ է իր ապրած կյանքից, տիկին Ժենյան պատասխանեց՝ չէ․․․ ամուսնուց էլ չի դժգոհում․ «Աշխատող, ղոչաղ, ամեն ձևի շնորհքով էր։ 19 տարի մենակ գնաց աշխարհի սանատորիաներով, սիրեկաններով ապրեց։ Դե ինքն էլ գեղեցիկ, սիրուն մարդ էր։ Ախթալեցիք ասեին էս ո՞նց ա քեզ ուզել»։

«Խի՞, դու սիրուն չե՞ս»,-  հարցրին հարևանուհիները։

«Չէ՜, նա սիրուն էր, շա՛տ»,- չհասցրեց խոսքն ավարտել տիկին Ժենյան, երբ վազելով եկավ փոքրիկներից մեկը՝ ձեռքին հեռախոս․ « Ժենյա՜ տատիկ, Տիգրանն ա զանգում, վերցրո՛ւ»։

«Հա՛, ցավդ տանի՛մ, հա տատը մեռնի գլխիդ․․․մենք լավ ենք, դու ո՞նց ես, խու կրակում չե՞ն․․․»։

Թոռն էր՝ ծնկների վրա մեծացած իր Տիգրանը։

Իսկ Տիգրանի ծնողները դրսում են՝ արտերկրում, աշխատում են, որ այստեղ տիկին Ժենյան ու Տիգրանը լավ ապրեն, որ ընտանեկան ջերմության պակասը լցնեն բակային զրույցներով ու խոսակցություններով․․․

Էմիլյա Հոսյան

3-րդ կուրս

Կիսվել