«Հասակը կարճ էր, բայց մեծ գործեր է արել». Դավիթ Սեդրակյանը հոր՝ ժողովրդական...

«Հասակը կարճ էր, բայց մեծ գործեր է արել». Դավիթ Սեդրակյանը հոր՝ ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանի մասին

503

Պատմական անցյալ ու ազգային պայքար, ռազմի տեսարաններ, ամենատարբեր արտաքինով կանայք, վարդապետ Կոմիտաս. անհամատեղելի թվացող այս մարդիկ ու երևույթները մեկ շաբաթ շարունակ կողք կողքի էին։ Համատեղողն էլ ՀԽՍՀ ժողովրդական նկարիչ Մկրտիչ Սեդրակյանն է:

Մկրտիչ Սեդրակյանի 100-ամյակի առիթով Հայաստանի նկարիչների միությունում հոկտեմբերի 19-26-ը ցուցադրվեցին Մկրտիչ Սեդրակյանի, նրա երկու որդիների` Վարդան և Դավիթ Սեդրակյանների հեղինակած  հարյուրից ավելի բազմագույն և բազմաժանր նկարներ։

Կրտսեր որդին` Դավիթի Սեդրակյանը, մեզ հետ զրույցում պատմեց, որ հայրը մինչև նկարիչ դառնալը երկար ու դժվար ճանապարհ է անցել. «Հորս ծնողներին աքսորել են 30-ական թվականներին, նա մենակ է մնացել 10 տարեկան հասակում, հետո եկել է Երևան, 5 տարի ծառայել, ընդունվել ինստիտուտ. ամեն ինչ միայնակ է արել»։  Այնուհետև կես կատակ կես լուրջ հավելեց. «Բոյը կարճ էր, բայց մեծ գործեր է արել»: Այս ասելով՝ ծիծաղում էր ու ծիծաղի տակ խնամքով թաքցնում իր անսահման հպարտությունը հոր արածի առիթով։

Նշենք, որ ցուցահանդեսին ներկայացված գործերը Հայաստանի ազգային պատկերասրահի, Վանաձորի պատկերասրահի, ընտանեկան և մասնավոր հավաքածուներից են բերել:

Մկրտիչ Սեդրակյանի նկարներից յուրաքանչյուրն իր պատմությունն ունի:

Պատկերասրահի ուղիղ կենտրոնում` սյուներից մեկի վրա, առանձնացված ներկայացված է Էլմիրա Սարգսյանի դիմանկարը: Նրա դուստրը` Նունե Նիկողոսյանը, պատմում է, որ մայրը  Մկրտիչ Սեդրակյանի մոտ ազգականն է եղել, ընտանիքներով շատ մտերիմ են եղել։ Իրեն էլ են նկարել և′ Մկրտիչ Սեդրակյանը, և′ նրա երկու որդիները:

Սեդրակյանի և նրա որդիների գործերը մեկ շաբաթվա ընթացքում վայելեցին ընկերները, բարեկամները և շատ անծանոթ այցելուներ։ Նրանք ցուցահանդեսից հետո կարծես բարեկամանում էին նկարչի ու նրա անսահման տաղանդի հետ։  Այցելուներից Օֆելյան պատմեց, որ ցուցահանդեսների հաճախ է այցելում ու միշտ ինչ-որ առանձնահատուկ բան նկատում յուրաքանչյուր ցուցահանդեսին։ Սեդրակյանների գործերի ցուցադրության մասին ասաց․ «Այստեղ գույներն էին առանձնացնում ցուցահանդեսը, առատ գույները։ Մանավանդ հիմա մեզ գույներ շատ են հարկավոր։ Սեդրակյանը կարծես հասկացել է դա», պատմեց Օֆելյան:

Ժողովրդական նկարիչն ու իր որդիները անհամատեղելին համատեղելի են դարձրել` հիմքում դնելով նկարչական մեծ տանղանդ ու երևակայություն:

Անահիտ Ղազարյան

3-րդ կուրս

Կիսվել