Հեռուստատեսությունը մահանում թե՞ մոդեռնիզացվում է

Հեռուստատեսությունը մահանում թե՞ մոդեռնիզացվում է

446

Ինտերնետի մասսայական սպառումն ու տարբեր սոցիալական ցանցերի ի հայտ գալը հանգեցրել է դասական հեռուստացույցի սպառման որոշակի անկման: Մեզանից շատերը վերջին անգամ հեռուստացույցի դիմաց նստել կամ հեռուստաալիքները թերթել են անհիշելի ժամանակներում: Հարց է առաջանում, մի՞թե հեռուստացույցի գոյությունն ու հեռուստաալիքների առաջարկած կոնտենտը դառնում է անպիտան: Իհարկե, 21-րդ դարում մարդն ունի կոնտենտի սպառման տեսակի անսպառ ընտրություն: Հեռուստաալիք կամ հաղորդում դիտելու համար պարտադիր չէ գամված մնալ հեռուստացույցի դիմաց: Բազմաթիվ հեռուստաալիքներ, հաղորդումներ ու հեռուստաշոուներ ստեղծում են սեփական պորտալը, որտեղ իրենց սպառողը կարող է գտնել յուրաքանչյուր հաղորդման էպիզոդ կամ սերիալ:

Քսանամյա Հասմիկը օրվա մեծ մասն անցնկացնում է համացանցում։ Նա հեռուստացույց  չի դիտում, միայն 7 վայրկյան նայում է հեռուստացույցի էկրանին, այն էլ երբ երեկոյան սենյակից սենյակ է անցնում։

«Ինձ անհրաժեշտ ինֆորմացիան ես գտնում եմ համացանցում, ֆեյսբուքյան էջերում, այնտեղ ամեն տեղեկատվություն կա, ավելորդ եմ համարում նույնը մեկ անգամ ևս դիտել հեռուստացույցով: Ի վերջո, մարդկանց համար ավելի հարմար է օգտագործել իրենց ձեռքի տակ եղած շարժական սարքերը՝ սմարթֆոն, համակարգիչ և այլն»,- ասում է նա:

Գևորգը ամենից շատ ժամանցային հաղորդումներ է սիրում դիտել, միայն ոչ թե հեռուստացույցով, այլ հեռախոսով` իր հետ տեղից տեղ ման տալով.

«Ես ցանկացած պահի իմ սիրելի հաղորդումը կարող եմ դիտել այնտեղից, որտեղից հարմար է, կարող եմ առաջ տալ այն, հետ տալ, կանգնցեցնել, հետո դիտել, իսկ հեռուստացույցը չունի այդ հնարավորությունը։ Գուցե կան արդեն զանազան հնարավորություններ ունեցող հեռուստացույցներ, բայց օրինակ մեր տան հեռուստացույցը չունի։ Կարծում եմ՝ հեռուստացույցները արդեն ավելորդ են, մեծ տեղ են զբաղեցնում, կան դրանց փոխարինող տարբերակներ, որոնք ավելի հարմար են»։

Վաթսունյոթամյա Ռաֆայել պապն էլ օրվա մեծ մասն անցկացնում է հեռուատացույց դիտելով, նա երիտասարդներին հորդորում է հաճախ դիտել հետուստացույց, քանի որ այն կրթում է, դաստիարակում, հաղորդում է պաշտոնական տեղեկատվություն, ավելի վստահելի է ու պահպանում է հինը։

««Տելեվիզորները» մեր մշակույթի մի մասն են, սկսենք այն ժամանակվանից, երբ Հովհաննես Ադամյանը ստեղծեց գունավոր հեռուստատեսությունն ու մեզ  լայն հնարավորություններ տվեց։ Ժամանակակից աշխարհը մերժում է հեռուստատեսությունը, մերժում է հինը, վազում է դեպի նորը, չհասկանլով, որ կորցնում է ամենակարևորը։ Հաճախ եմ լսում, երբ ասում են՝ մի քանի տարի հետո հեռուստացույցները այլևս չեն լինի, ես թերահավատորեն եմ մոտենում այս հարցին և բացարձակապես դեմ եմ, եթե նույնիսկ այդպես լինի»,- ասում է նա:

Ռաֆայել պապը համոզված է, որ հեռուստատեսությունը կշարունակի մնալ երկրի ամենապահանջված ԶԼՄ տեսակը և կպահպանի իր գոյությունը անկախ ամեն ինչից:

Մեդիա հետազոտող Արայիկ Խաչատրյանի կարծիքով հեռուստատեսությունն այսօր մոդեռնիզացվում է.

«Հայաստանում շատ հեռուսատընկերություններ ժամանակի ընթացքում իրենց կոնտենտը թողարկում են նաև Youtube-ում: Եվ դրանք որոշակի ժամանակաշրջանում կարողացել են գրանցել շոշափելի արդյունքներ: Փաստացի այսօր հեռուստաալիքների կոնտենտը սպառվում է օնլայն տիրույթում, և ինչպես ամբողջ աշխարհում, Հայաստանում նույնպես հեռուստացուցի «օգտատերերի» 18-34 տարիքային խումբը ենթադրաբար ավելի քիչ կնստի հեռուստացույցի դիմաց քան ավելի մեծ սերնդի ներկայացուցիչները,  սակայն օնլայն տիրույթում կունենանք հակառակ պատկերը»:

Արայիկ Խաչատրյանն ընդգծեց նաև հեռուստաալիքի մոդեռնիզացման բիզնես արժեքը: Ըստ նրա՝ անցել են այն ժամանակները, երբ գովազդատուն լսում էր միայն գեղեցիկ բառեր ու հնչյուններ գովազդի արդյունավետության մասին: Այսօր շատ բիզնեսմեններ շարժվում են բացառապես վիճակագրությամբ, ուստի հեռուստաընկերություններից շատերի հանդեպ ունենում են անվստահություն. ինչքա՞ն կդիտեն, որքա՞ն կլինի գովազդի արդյունավետությունը, ո՞վքեր են տվյալ պահին տվյալ հեռուստաընկերության լսարանը և այլ հարցեր:

«Թվային տիրությում խնդիրը պակաս բարդ է, քանի որ բիզնեսը, առնվազն, ունի շոշափելի ու տեսանելի թվեր, որոնցով կարողանում է չափել որոշակի խնդիրների լուծման արդյունավետություն: Հեռուստաընկերությունն էլ կարողանում է ցանկացած բիզնեսի հետ խոսել ավելի վստահ սեփական ուժերի նկատմամբ»,- ասում է նա:

Այժմ տեխնիկական նոր հնարավորությունների շնորհիվ հեռուստադիտողը կարող է փոխազդել ծրագրերի հետ հեռուստատեսության միջոցով՝ անհատականացնելով միջոցները և ընտրելով, օրինակ, պահանջվող հաղորդումներ, կինոնկարներ և սերիալներ, ինչպիսիք են Smart TV-ն:

Այնուամենայնիվ, TV-ի սպառումը դեռ ակտուալ է, բայց տեսականորեն ընդունենք, որ այն մի օր ընդհանրապես չդիտելու միտումներ կան: Երբ մենք ասում ենք՝ ո՞վ է TV-ի նայողն այս դարում, դեռ չի նշանակում, որ դրա ստեղծած կոնտենտը նույնպես չի սպառվելու այլևս: Նույն հաջողությամբ կարո՞ղ ենք ենթադրել, որ օրերից մի օր սմարթֆոնը կհնանա, իհարկե, կարող ենք, բայց չի նշանակում, որ մարդիկ դադարելու են սոցիալական ցանցերից օգտվել: Իհարկե, այստեղ շատ կարևոր է նաև հեռուստաընկերությունների՝ փոփոխություններին ադապտացվելու ունակություններն ու այն, թե ինչքան արագ իրենց սպառողին «կտանեն» դեպի սմարթֆոն:

Սաթենիկ Խալաթյան

3-րդ կուրս

Կիսվել