Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի նվերը՝ ԵՊՀ-ին

Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի նվերը՝ ԵՊՀ-ին

635

Արդեն երեք շաբաթ է` Երևանի պետական համալսարանի յոթերորդ մասնաշենքի առաջին հարկում «հյուրընկալվել են» Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողների և շրջանավարտների աշխատանքները։ Գեղարվեստի պետական քոլեջն այս աշխատանքները նվիրել է Երևանի պետական համալսարանին։

Արա Գեղեցիկից և Շամիրամից մինչև հայ զինվորի կերպար, ձիերից մինչև Տիգրան Մեծ զարդարում են համալսարանի պատերը։

Երևանի Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի տնօրեն Աննա Մնացականյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իրենց կրթական հաստատության առաքելություններից է գեղարվեստական մշակույթի ավանդույթների պահպանումն ու զարգացումը տեղեկատվական և տնտեսական նոր պայմաններում: Նա հավելեց.  «Մայր բուհը՝ Երևանի պետական համալսարանը, նույն սկզբունքով դարձավ մեր գործընկերը»։ 

Ուսանողներից շատերին հետաքրքրում են նկարները, կանգնում ու նայում են, բայց շատերը համալսարանի այդ հատվածով չանցնելու կամ արագ անցնելու պատճառով չէին նկատել արվեստի գործերը։

ԵՊՀ ուսանողներից Արուսը հավանել է Արա Գեղեցիկ և Շամիրամ նկարը։ Նա ասաց․ «Ինձ շատ է տպավորել այս նկարը, քանի որ գույները գեղեցիկ ու ազդեցիկ են»։ ԵՊՀ ուսանողուհի Էմիլյան էլ ասաց․ «Եկա ու կանգնեցի հենց Արա Գեղեցիկ և Շամիրամ նկարի առաջ։ Շատ լավն է։ Կերպարները զգացմունքային են, ամեն տարրին կարևորություն են տվել, և դա շատ լավ երևում է»։ ԵՊՀ մեկ այլ ուսանողուհի Անահիտը շատ է հավանել մարմնագույնի և կապույտի համադրությամբ աշխատանքը։ Նա հավելեց. «Չգիտեմ` ինչ իմաստ ուներ, բայց շատ հանգստացնող ու թեթև էր ամեն տարր։ Նաև շատ եմ հավանել զինվորների նկարը։ Զինվորների աչքերում քաջություն կա, նայում ես ու խաղաղվում, հասկանում, որ իրոք կերպարներ են կերտված»։ Ուսանողուհիներից Լիլիթի կարծիքով՝ այս նկարը փոխանցում է հայ զինվորի ուրախ ու մարտական ոգին։

Մեր հարցախույզը պարզեց՝ կան ուսանողներ, որոնք չեն հասկացել նկարների իմաստը, ասելիքը։ Ուսանողուհի Աննան ասաց. «Կան նկարներ, որոնց նայում ես ու չես հասկանում` ինչ իմաստ ունեն։ Էսքիզներ են, տարրեր են, բայց եթե ամեն նկարի կողքին մի փոքր նկարագրություն էլ լիներ`վատ չէր լինի»։ 

Քոլեջի տնօրենը տեղեկացրեց՝ իրենց կրթօջախի սովորողների նկարները նվիրել են ոչ միայն Երևանի պետական համալսարանին, այլև Արարատի, Արագածոտնի, Տավուշի մարզերին, Երևանի 15 հանրակրթական դպրոցների, գեղարվեստականորեն ձևավորել են Երևանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցը, Մոնթե Մելքոնյանի անվան ռազմա-մարզական վարժարանը, Մեղրիի քոլեջը, Երևանի թիվ 1 տուն-ինտերնատը, Բյուրեղավանի գիշերօթիկ դպրոցը, Շուշիի Կոմիտասի անվան երաժշտական դպրոցը, Երևանի Շենգավիթի շրջանի մանկապարտեզները և այլն:

Օֆելյա Հարությունյան

3-րդ կուրս

Կիսվել