Ինքնվստահ, վառվռուն աչքերով աղջնակը՝ Միլենա Առաքելյանը՝ որպես մամուլի խոսնակ և հոգատար ընկեր

Ինքնվստահ, վառվռուն աչքերով աղջնակը՝ Միլենա Առաքելյանը՝ որպես մամուլի խոսնակ և հոգատար ընկեր

1061

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելիս 20-ամյա Միլենա Առաքելյանը չէր պատկերացնում, որ մի օր կգտնի իր համար սիրելի աշխատանք։ Միլենան, սիրելով ակտիվ աշխատանք, ընտրել է լրագրողի մասնագիտությունը։ Մեզ հետ զրույցում նա պատմեց․ «ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ ընդունվելու առաջին ամիսների ընթացքում հասկացա, որ սխալ ընտրություն եմ արել, քանի որ լրագրող չէի ուզում դառնալ։ Բայց երբ այդ ժամանակ ընդունվեցի Հանրային հեռուստաընկերության ակադեմիայի մարզական լրագրություն բաժինը, հասկացա, որ լրագրությունը կարծես թե իմն է։ Վեց ամիս սովորելուց հետո Օլիմպիական խաղերի երկու եթեր մեկնաբանեցի՝ յուրաքանչյուրը 3-4 ժամ, ու իրականում լավ ստացվեց, և′ փորձ ունեցա, և′ լավ հիշողություններ։ Իրականում կարող էի այդ ոլորտում շարունակել աշխատանքս, բայց մեկնաբանի աշխատանքը չնախընտրեցի»։

Մասնագիտությանը մոտ լինելու համար Միլենան ընտրել է ֆուտբոլային ակումբի մամուլի խոսնակի աշխատանքը։ Ներկայումս աշխատում է ԲԿՄ (Բանակի կենտրոնական մարզական) ակումբում․ «Ես մեր թիմի մամուլի քարտուղարն եմ, նաև թիմի ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերը ես եմ վարում, մշակում լուսանկարները, տեսանյութեր մոնտաժում: Ես իմ գործը շատ եմ սիրում՝ մանավանդ խաղերի օրերին։ Առավոտ շուտ հրապարակում եմ, որ խաղ կա, լուսանկարում, թե վերջնական ինչպես ավարտվեց խաղը, հետո մեր գլխավոր մարզչի հետ անցկացնում եմ մամուլի ասուլիսը»։

Միլենայի ընտանիքի անդամները սկզբում դժվարությամբ են ընդունել  իր՝ այդտեղ աշխատելու փաստը, քանի որ 60 հոգանոց աշխատակազմի մեջ ինքը միակ աղջիկն է։ Այս առիթով պատմեց․ «Երբ հայրիկիս ասացի, թե որտեղ եմ աշխատելու, հարցրեց՝ մենակ դու ես աղջիկ լինելու՞, թե՞՝ ոչ։ Ինձ վստահելով թույլ տվեց աշխատել։ Հետո ճանաչեց մեր գլխավոր մարզչին, արդեն հանգիստ եղավ, որ լավ միջավայրում  եմ, ինձ չեն նեղացնի։ Մեր թիմում բոլորը ֆուտբոլիստները հայ են, իրենք ինձ շատ են հարգում, հավասարակշիռ են։ Այսքան ժամանակ՝ անգամ թեժ, բարկացած պահերին, դեպք չի եղել, որ իմ ներկայությամբ իրենք ավելորդություններ թույլ տան։ Շատ հավես միջավայր է, ոչ մի բանի պակաս չունեմ, կոնֆետներով միշտ ապահովված եմ» (ծիծաղում է)։

Անգամ աշխատանքից հետո տանը միշտ պատմում է իր օրվա մասին, հպարտությամբ ասում, որ մայրիկը անգամ մի քանի ֆուտբոլիստի անուն է սովորել։

Հարցազրույցի ընթացքում Միլենան մեծ ոգևորությամբ էր պատմում իր աշխատանքի մասին, կարելի է ասել, ավելի շատ թիմի մասին էր խոսում, քան իր։ Երբ հարցրի՝ ի՞նչ է իր համար երջանկությունն այս պահին, պատասխանեց՝ «իմ թիմի հաղթանակները, հաջողությունները» ու հավելեց. «Ես իմ երջանկությունը կապում եմ թիմիս հետ, քանի որ երբ մեր թիմը պարտվում է, առաջին մի քանի օրերին իմ տրամադրությունն ընկնում է, անգամ ընտանիքի անդամների տրամադրությունն է ընկնում։ Այս պահին ինձ երջանկացնում է այն, երբ իմ թիմը հաղթում է, կամ լավ է իրեն դրսևորում»։

Ծանր գրաֆիկի պատճառով Միլենան շատ բան չի հասցնում, բայց ամեն ինչ անում է նպատակներին հասնելու համար․ «Քանի որ հիմա գրաֆիկս շատ խիտ է՝ առավոտյան գնում եմ աշխատանքի, հետո՝ համալսարան, հետո տանը դասերս եմ անում, շատ բաներ չեմ հասցնում, անգամ անգլերեն եմ ուզում պարապել, բայց չեմ հասցնում։ Մարդիկ կան, որ ասում են «եթե ուզես, ամեն ինչ էլ կհասցնես», բայց ես համաձայն չեմ, արդյունում ուժասպառ կլինեմ, և ոչ մի արդյունք չի տա սովորածս»։

Աշխատանքից բացի շատ է սիրում երկու քույրերի հետ ժամանակ անցկացնել։ Միլենան պատմեց․ «Երկու քույր ունեմ, բոլորս աշխատում ենք, շատ հաճելի է լինում, երբ ազատ ժամանակ ենք ունենում, իրար հետ խոսում ենք, մի տեղ գնում զբոսնելու»։

Շատ են եղել դեպքեր, երբ փողոցում քայլելիս տեսել են Միլենայի նման մի գեղեցիկ աղջնակի, մոտեցել երկար խոսել են հետը, հետո պարզվել է, որ Միլենայի զույգ քույրն է։ Միլենայի քույրիկը մի դրվագ հիշեց․ «Մի անգամ, երբ Միլենայի հետ գնացել էի ակումբ, նստած էի միջանցքում, Միլենային էի սպասում, բոլորը գալիս, ջերմ բարևում էին, ես էլ չէի ճանաչում իրենց, ինձ սառն էի պահում։ Մի պահ մտածում էի, որ գիտեն Միլենայի զույգ քույրն եմ, բայց պարզվեց, որ մտածել են՝ Միլենան եմ։ Աշխատակիցներից մեկն անգամ հարցրեց՝ «Միլենան ինչո՞ւ է իրենց այսպես պահում» ու այդ ժամանակ ասել են, որ իր զույգ քույրն եմ․․․Մենք մանկուց չենք սիրել տարբերվել, միշտ միանման ենք հագնվում։ Մինչև հիմա էլ, եթե մեզ նույն հագուստը չեն գնում, մենք չենք հագնում»։

Քույրերը շատ են սիրում, երբ իրենց նմանացնում են։ Վերջին շրջանում սկսել են մի փոքր տարբերվել․ տարբեր մասնագիտություն են ընտրել, ժամանակը չներելու, իրար շատ չտեսնելու պատճառով տարբեր հագուստ են կրում, ինչն իրենց տխրեցնում է։

Միլենայի մտերիմ ընկերուհու՝ Անահիտի բնութագրմամբ՝ Միլենան հոգատար է։ Նա պատմեց․ «Մենք ծանոթացել ենք առաջին կուրսում, երբ դասերն առցանց էին, գնում էինք, համալսարանում միասին դասերին միանում, հետո տնայիններն էինք միասին անում»։

Անահիտն ասաց՝ Միլենան ուտել շատ է սիրում։ Կատակով ասաց, որ երբ Միլենան սկսում է նյարդայնացած խոսել, հասկանում է, որ սոված է․ պետք է ուտի, որ նյարդերը վերականգնվեն։

Միլենայի բնավորության գծերից Անահիտը շատ է սիրում ինքնավստահությունը․ «ցանկացած բանի, եթե վստահ է, որ կհասնի, ինքը հասնում է»։ Միլենան առաձնանում է իր արագոխոսությամբ։ Նա անկեղծացավ՝ շատ անգամ  է փորձել  դա շտկել, բայց չի ստացվել․ «Հայրիկս մի անգամ ասաց՝ դանդաղ խոսել սովորիր, ծխելը կթողնեմ, բայց անգամ այդ պարագայում էլ չկարողացա»։

Ալյոնա Մուժիկյան

3-րդ կուրս

Կիսվել