«Չկա որևէ ատյան, որ չիմանա այս խնդրի մասին, բայց մինչև օրս ոչինչ...

«Չկա որևէ ատյան, որ չիմանա այս խնդրի մասին, բայց մինչև օրս ոչինչ չի արվել». ՀՀ զինանշանը փոփոխության կարիք ունի

362

Հայաստանի Երրորդ Հանրապետությունը, լինելով Առաջինի իրավահաջորդը, հենց նրանից էլ վերցրեց իր պետական խորհրդանիշները: Այսօր կա տեսակետ՝ Ալեքսանդր Թամանյանի և Հակոբ Կոջոյանի ստեղծած զինանշանը ունի լրամշակումների կարիք: Այդ մասին խոսել ենք ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, պրոֆեսսոր Կարեն Աղամյանի հետ:

-Զինանանշանը ի՞նչ հիմնական լրամշակումների կարիք ունի, և որո՞նք են գլխավոր թերությունները՝ Ձեր դիտարկմամբ:

-Ինչպես գիտեք, պետական զինանշանները խորհրդանշում և նկարագրում են տվյալ սուբյեկտի պատմությունը, գոյությունը և, ամենակարևորը, նպատակներն ու ձգտումները։ Զինանշանի նկարագրությունը պետական խորհրդանիշների մասին ՀՀ օրենքում՝ ըստ հերալդիկ կանոնների, ճշգրիտ չէ, եթե չասեմ, որ գրագետ չէ։ Այս պահին Հայաստանում նույնիսկ պետական մակարդակով օգտագործվում են զինանշանի մի քանի տարբեր պատկերներ, ինչն անընդունելի է։ Դրանցում, բացի ծայրահեղ կասկածելի պատկերներից, ես տեսնում եմ վնասակար նշաններ և խորհրդանիշներ։ Տեսնենք, թե ինչպես ենք մենք աշխարհին ներկայանում մեր զինանշանի միջոցով և ինչպես ենք կոդավորում: Աջակիցներից մեկը՝ առյուծը, ակնհայտորեն թույլ է, նա ճաղատ է, բավականին հիվանդ ու ծեր, և վախով սեղմել է ականջները: Անսիմպաթիկ դունչն անատամ է և նվնվացող: Զինանշանի ստորին հատվածում սուրը զուրկ է իր հիմնական բաղադրիչից. չկա սայրի ամբողջական պատկերը, իսկ օգտագործված որոշ տարբերակներում սուրը կոտրված է և ցուցադրվում է հենց այդպես: Բացի այդ, մեր սուրը շղթայված է, ճյուղը չունի հստակ նշում, ինչը նույնպես անթույլատրելի է։ Ժապավենը, որպես կանոն, պատկերվում է միայն այն պետությունների զինանշանների վրա, որոնք կարգախոս ունեն, մենք կարգախոս չունենք, իսկ ժապավենը ոչ միայն դատարկ է, այլև շրջված է հակառակ։

-Ե՞րբ եք նկատել այս խնդիրները և ընդհանրապես ե՞րբ առաջացավ զինանշանի վրա լրամշակումներ անելու միտքը:

-2010 թվականից ես նկատել եմ այս ամբողջ սխալները և հետո փորձեցի ահազանգել: Առաջինը, իհարկե, այդ մասին տեղեկացրի երկրի առաջին դեմքին: Եվ դրանից բացի սկսեցի աշխատել այս ամենի վրա մինչև հիմա: Ու, իմ կարծիքով, հասել եմ այն տարբերակին, որ արժի կյանքի կոչել: Բացի այդ, նաև պիտի խորհրդակցել կապված կարգախոսի հետ, որովհետև չունենք կարգախոս, իսկ դա նոնսենս է: Արդեն կլինի 10 տարի, ինչ ես աշխատում եմ այս ամենի վրա:

-Իսկ ի՞նչ արձագանք է եղել համապատասխան կառույցների կողմից:

-Չկա այսօր որևէ ատյան, որ չիմանա այս խնդրի մասին: Բոլորը մինչև օրս, ծանոթանալով խնդրին, ասում են, որ պիտի փոխվի: Բայց մինչև այսօր ոչինչ չի արվել: 2018 թվականին, իշխանափոխությունից հետո, ամռանը հանդիպում եմ ունեցել նորանշանակ վարչապետի, հանձին նրա առաջին տիկնոջ հետ:

-Ձեր խոսքում նշեցիք, որ այժմ ՀՀ-ում օգտագործվում է զինանշանի մի քանի տարբերակ: Սա թույլատելի՞ է:

-Դա դեմ է Սահմանադրությանը: Ոչ մեկ իրավունք չունի զինանշանը կամ պետական սիմվոլները պղծել: Դա քրեորեն պատժելի է, իսկ այսօր Հայաստանի պետական ատյանները օգտագործում են մի քանի տեսակ զինանշան: Առանց հասկանալու, որ դրանք կեղծ են:

-Չկա՞ որևէ մարմին, որը պիտի զբաղվի այդ հարցերով:

-Բոլոր կայացած երկրներում գոյություն ունի հերալդիկայի խորհուրդ՝ նախագահին կից, որը զբաղվում է պետական սիմվոլների ճշգրտությամբ, պահպանմամբ: Եվ ոչ միայն պետական սիմվոլների, առհասարակ, այն ամենով, ինչը էմբլեմայական է: Դա է հենց հրաձիգ խորհուրդը, որը մենք չունենք:

-Ձեր էսքիզներում նկատելի է, որ զինանշանը հիմնովին փոփոխության չի ենթարկվում: Միայն վերամշակմա՞ն խնդիրն է:

-Լրամշակումներ ենք անելու: Սահմանադրությունում հստակ գրված է, թե ինչ է պատկերված մեր զինանշանի վրա: Ես ամեն ինչ արել եմ, որ պահպանվի այն, ինչ գրված է:

-Իսկ փոփոխությունների ժամանակ միջազգաին փորձը հաշվի առե՞լ եք:

-Ես կարող եմ օրինակ բերել ԱՄՆ-ի զինանշանը, որը պատմության մեջ երևի մոտ 10 անգամ փոփոխվել է, վերամշակել են, լավացրել: Այսինքն, մարդիկ աշխատում են դրա վրա, իսկ մենք հերիք չի վատն ենք ստեղծել, հետո էլ հայտնվել են օրինակներ, որոնք մեկը մեկից վատն են:

-Ի՞նչ եք կարծում, վերջին 2 տարիներին՝ 44-օրյա պատերազմից, դրանից հետո սահմանային լարված իրավիճակից ելնելով, զինանշանի փոփոխության խնդիրը ավելի կարևոր է դարձե՞լ, թե՞ նույն տեմպով շարունակում են ուշադրություն չդարձնել խնդրին:

-Ամեն ինչ այսօր պիտի կարևորել: Զինամթերք ունենալն էլ է կարևոր, գիտությունը զարգացնելն էլ, կրթությունն էլ, ամեն ինչն էլ: Հիմա այս խնդիրը կա, զուգահեռ պիտի արվի: Ռուսաստանի զինանշանը 30 անգամ փոփոխվել է, ու ես իմ հարցազրույցներից մեկում նշել են, որ դրանք ստեղծվել են նախորոք՝ կանխագուշակելով իրենց ապագան: Հիմա մեզ մոտ թուրը ջարդած է: Մեր պաշտպանները՝ առյուծը, արծիվը ծեր ու հոգնած: Ես սնապաշտ չեմ, բայց այս խնդիրը շատ կարևոր է:

-Եթե լինեն փոփոխություններ, դրանք իրենց հետևանքները կբերեն՝ անձնագրերի, տարբեր փաստաթղթերի և այլ բաների մեջ: Արդյո՞ք դա շատ ժամանակ կպահանջի:

-Թող կամաց-կամաց անեն, 2-3 տարի էլ թող մեզ տրամադրեն: Մի քանի կարևոր հիմնարկների վրայի նշաններն են ծախսատար, բայց դա Կառավարության համար, կարծում եմ, մեծ բան չէ:

-Հասարակության կողմից այս գաղափարն ինչպե՞ս է ընդունվում:

-Ես ինչքան այս թեմայի վերաբերյալ սոցկայքերում իմ հարցազրույցները, նյութերը տեսել եմ, մեկնաբանությունների դաշտում միայն դրական կարծիքներ են: Ուղղակի պետք է ժողովրդին բացատրել, իրազեկել, թե ինչն է սխալ, և ինչու ենք ուզում լրամշակումներ անել:

Անի Հակոբյան

3-րդ կուրս

Կիսվել