«Թող ընթերցողս նայի գրքին սրտով, գաղափարով թող չնայի»․ Դավիթ Խառատենց

«Թող ընթերցողս նայի գրքին սրտով, գաղափարով թող չնայի»․ Դավիթ Խառատենց

676

«Կանաչ և թվային զարգացում հանուն էներգետիկ անցման»

Նոյեմբերի 11-ին Խնկո Ապոր գրադարանում տեղի ունեցավ Դավիթ Խառատենցի «Վերադարձի՛ր» գրքի շնորհանդեսը։ Դավիթը նշեց, որ Խառատենցն իր տոհմի ազգանունն է, ու թեև ունի Մարտիրոսյան ազգանունը՝ իր պարտքն է համարել ներկայանալ որպես Խառատենց։

Հեղինակը պատմեց՝ գիրքը գրվել է զինվորական ծառայության ժամանակ՝ 2021 թվականի մարտի 8-ից մինչև դեկտեմբերի 24-ը: Նա գիրքը գրելու ցանկություն միշտ ունեցել է, իսկ թե ինչո՞ւ այն անվանեց «Վերադարձի՛ր» և ինչու՞ պատերազմյան սեր, հեղինակն այս առիթով ասաց. «Ապրեցինք դրանով, և մեզ շարժառիթ պետք էր, որ մեր հույզերն ինչ-որ ձևով կարողանանք արտահայտել: Դա որպես հիմք դարձնելով՝ գրքի թե՛ սյուժեն, թե՛ նկարագիրը տանում են դեպի պատերազմ, որպեսզի այն, ինչ եղել է պատերազմի ժամանակ, կարողանա գեղարվեստորեն ներկայացնել գրքի մեջ, բայց ոչ թե պատերազմը, այլ սերը, որն ապրում է անգամ պատերազմի ժամանակ»։

Շնորհանդեսը վարում էր Արմավ հրատարակչության խմբագիր, գրքի խմբագիր Արմեն Ավանեսյանը: Նա նշեց. «2020 թվականի աշունն իրոք սարսափելի եղավ, կարելի է ասել, որ ահավոր տերևաթափ եղավ: Արմավ հրատարակչությունը հրատարակել է  բազմաթիվ գրքեր պատերազմի թեմային առնչվող և աջակցել շատ գրողների իրենց գրքերի տպագրման համար։ Գրքերի բազմազան ցանկին ավելացավ ևս մեկը՝ «Վերադարձի՛ր»-ը, որը պատերազմի մասնակցի աչքերով տեսածի ու զգացածի մասին է։ Գրքի խորհուրդը, որ ես ուզում եմ բացել, այդ տղաների կողքին կանգնած, նրանց երևի թե շատերի հետ հաղորդակից եղած, կյանքի ու մահու կռիվ տված կյանքի վկայություններ են։ Գիրքն իրականում մի քանի երիտասարդների կյանքի մասին է, որոնք սիրում են կյանքը, ուսանողներն են, արվեստով են ապրում, սիրահարվում են: Բնականաբար, կա այդ հետաքրքիր սիրահարին բնորոշ սյուժետիկ քայլը, որտեղ մարդու կերպարը կա, և ահա այս մարդկային նորմալ խաղաղ կյանքը հանկարծ գլխիվայր շրջվում է, որովհետև պատերազմի արհավիրքն է գալիս առաջ»:

Դավիթի քույրը՝ Տաթևը «731 օր քեզ համար» գրքի հեղինակն է: Նա պատմում է, որ պատերազմի ժամանակ եզակի մարդկանցից է եղել, ում հետ Դավիթը հեռախոսազրույց էր ունենում ու ամենաշատն էր պատմում թե՛ պատերազմի, թե՛  իր ապրածի մասին։ Նա նշեց. «Մի անգամ Դավիթը  խնդրեց, որ ես խոստանամ, որ եթե ինքը չվերադառնա, ես տպագրեմ գիրքը, գրեմ վերջաբան, ամեն ինչ ես անեմ։ Միասին որոշում էինք, թե ոնց պիտի լինի շնորհանդեսը, գրքի հասույթը ինչի վրա ենք ծախսելու։ Բայց այդ ժամանակ ես լուռ լսում էի, որովհետև գիտակցում էի, որ ամեն վայրկյան կարող է զանգը վերջինը լինել, ու ես չեմ ուզում, որ իրեն թվա, թե ես իր գործը կիսատ եմ ուզում թողնել։ Ուզում եմ ասել՝ ես հպարտ եմ, որ ես ոչինչ չեմ արել այս գրքի համար, ու Դավիթը հենց ինքն է ամեն ինչ արել ու հենց ամենամեծ բանը արեց. վերադարձավ»:

Դավիթը նշում է՝ առաջին բանը, որ գրել է, եղել է հենց վերադաձի՛րը: Նա պատմեց. «Բացեցի տետրը ու գրեցի: Եվ դա դարձրի վերնագիր: Այս գրելուց հետո ես զգացի, որ իմ մեջ մեծ սպառում եղավ. Այն, ինչ պետք է տայի այդ պահին, ամբողջը տվեցի վերնագրին։ Գրքի թեման․․․ երևի հայրենիքի և սիրո միավորումն է, այսինքն՝ տարբերություն չկա՝ հայրենիք, թե սեր, եթե հայրենիք, ուրեմն սեր, եթե սեր, ուրեմն հայրենիք»:

Գրքի հերոսի անունը Դավիթ է, բայց որևէ կապ չունի հեղինակի  հետ, ուղղակի ըստ հեղինակի՝ հերոսին շատ կսազեր այդ անուն։

Շնորհանդեսի ընդացքում Դավիթն իր ընկերների հետ երաժշտական երկու կատարմամբ հանդես եկավ։

Դավիթ Խառատենցն իր հեղինակած գիրքն ընթերցողներին խորհուրդ է տալիս. «Թող ընթերցողս նայի գրքին սրտով, գաղափարով թող չնայի, որովհետև գիրքը մինչև գաղափար լինելը նախ խոսում է այն ամենի մասին, ինչ մարդու ներսում է կատարվում»:

Էլեն Միքայելյան

3-րդ կուրս

Կիսվել