«Ես Եվան եմ՝ կյանքը»

«Ես Եվան եմ՝ կյանքը»

326

Սկիզբ, արև և թակարդ…նա Եվան է՝ իր ստեղծած խորհրդավոր աշխարհով,  կամ, ինչպես ինքն է ասում, ես Եվան եմ՝ կյանքը: Երբ փորձում է ինքն իրեն նկարագրել, ասում է, որ իր խորհրդանիշն արև է, և իրենք շատ նման են իրար՝ սկսած հաճելի ջերմությունից մինչև  «մահացու» կրակներ. «Ես ստեղծում եմ հավերժականը, բայց ինքս եմ մնում ժամանակի թակարդում»:

Մեր հերոսուհին անսովոր մի աղջիկ է, ով վազում է կյանքի ռիթմին համապատասխանելու համար՝ մոռանալով, որ կյանքը հենց ինքն է, և ինքն է որոշում իր ռիթմը:

Եվան սովորում է Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետի երկրորդ կուրսում, ինչպես նաև Առաջին ալիքի Մեդիա ակադեմիայի լրագրության բաժնում: Իսկ թե ինչով է զբաղվում ազատ ժամանակ, ասում է՝ ամեն ինչով՝ մոմ պատրաստելուց մինչև ժայռ մագլցել, նկարելուց մինչև կավագործություն, լուսանկարչությունից մինչև ֆիլմեր դիտել, գիրք կարդալուց մինչև ձեռագործ թևնոցներ պատրաստել, և այսպես շարունակ:

Եվան հիմնականում նկարում է աչքեր: Ասում է, որ դրանք իր ներսում ապրող մարդկանց աչքերն են. «Սովորաբար նրանք համերաշխ են ու օգնում են ինձ բարդ որոշումներից առաջ: Ներքին թեժ քննարկումներից հետո դեպքեր են լինում, երբ որոշում եմ նրանցից մեկին այլևս չպահել իմ մեջ, այդ ժամանակ օգնության է գալիս կտավը: Ես նկարում եմ աչքերն ու բաց թողնում նրանց ՝ առանց մեղքի զգացումի: Ամեն ինչ ունի պիտանելիության ժամկետ, մենք ՝ նույնպես»:

Անծանոթ մարդիկ, երբ տեսնում են Եվային, նախ հարցնում են՝ դու հա՞յ ես, հաստա՞տ: Եվայի համար այս հարցերն արդեն սովորական երևույթ են դարձել, քանի որ նրան շատերը նմանացնում են, օրինակ, մեքսիկուհու կամ որևէ այլ ազգի ներկայացուցչի. «Տարիներ առաջ, երբ ինձ նմանացնում էին այլազգիներին ու ասում, որ սիրուն եմ ու տարբերվող, նման արտահայտություններից հետո ես ասում է շնորհակալություն՝ չգիտակցելով, որ դա այդքան էլ կոմպլիմենտ չէ»: Զրույցի ընթացքում Եվան հպարտորեն շեշտեց, որ ինքը գուցե նման չէ հայի, բայց, միևնույն է, հայ է ու չի ցանկանում, որ որևէ մեկը կասկածի տակ դնի իր՝ հայ լինելը:

«Եվան փոքրուց մարդամոտ է եղել. ցանկացած օտար տեղ մտնելիս հերթով բոլորին բարևում էր ու հարցնում՝ կգա՞ք ծանոթանանք»,- զրույցի ընթացքում պատմեց Եվայի մայրը: Նրա խոսքով՝ Եվան միշտ ինքնուրույն է եղել. ժամերով կարող էր կոշիկի թելերը կապել ու ոչ ոքից օգնություն չխնդրել, մինչև իր մոտ ստացվեր:

Իսկ Եվայի տատիկը թոռնուհուն միշտ ասում է . «Դու այս աշխարհից չես: Դու միանգամից մեծացած ես ծնվել»:

Փորձել ենք զրուցել նաև Եվայի մտերիմներից մեկի՝ Սոնայի հետ: Ըստ նրա՝ Եվան սիրում է իր անձնական տարածքը, միշտ լսում է արտաքին աշխարհի կարծիքները, բայց անում այն, ինչը ինքն էր որոշել. «Եթե վստահում է մարդուն, անսահման հավատարիմ ու բաց է, եթե հակառակը՝ նույն ծայրահեղությամբ չի սիրում»:

Եվայի հետ զրուցելն անգամ սովորական չէ. նրա բոլոր պատասխանները մեկը մյուսից ավելի հասուն են ու ինչ-որ չափով փիլիսոփայական: Նրա կյանքում կարևոր դեր է խաղացել «Жутко громко и запредельно близко» գիրքը: Ասում է, որ այդ գրքի շնորհիվ աշխարհի մասին իր ընկալումները փոխվել են. «Ես հասկացել եմ բաներ, որոնց մասին անգամ պատկերացում չեմ ունեցել»:

Եվան նաև փորձում է ընտանիքի անդամների հետ հետաքրքիր բաներ ստեղծել: Նա և իր հայրը միասին պատրաստում են արծաթյա զարդեր, նախկինում նաև էջանշաններ:

Սակայն այս ամենով էլ չի բավարարվում: Նա ստեղծել է իր փոքրիկ բիզնեսը. պատրաստում է ձեռագործ թևնոցներ:

Անահիտ Նահապետյան

3-րդ կուրս

Կիսվել