Պատա՞նդ «մահաբեր լաբիրինթոսներում», թե՞ պարզապես համակարգչային խաղ

Պատա՞նդ «մահաբեր լաբիրինթոսներում», թե՞ պարզապես համակարգչային խաղ

629

Արմեն եւ Արման Ղարիբյանները զույգ եղբայրներ են: Նրանք միմյանց նման են ոչ միայն արտաքինով, այլեւ հետաքրքրություններով: Եղբայրները սիրում են օրվա մեծ մասը անցկացնել համակարգչային խաղերի առջեւ: Նրանց մայրը՝ Աստղիկ Ղարիբյանը, պատմում է, որ վերջերս նկատել է, թե ինչպես է տղաներից Արմենը քնած տեղից վեր թռչում եւ բղավում այնքան բարձր, որ տանը բոլորը արթնանում են.

«Սկզբից մտածեցի, որ տարիքի հետ է կապված, բայց երբ տեսա, թե ինչ սարսափելի խաղեր է խաղում, ամեն ինչ պարզ դարձավ: Մեկ շաբաթ է, ինչ արգելել եմ համակրգչային խաղեր խաղալ, հիմա ամեն բան կարգին է»,-ասում է Աստղիկը եւ ցույց տալիս «Call of Duty» խաղի սկավառակը:

Եղբայրներից Արմանն էլ խոստովանում է, որ նախկինում ինքն էլ եղբոր նման տարված էր տեսախաղերով, սակայն այդ զբաղմունքը նրա վրա ոչ թե բացասական, այլ դրական ազդեցություն է թողել.

«Սկսեցի հետաքրքրվել համակարգչային խաղերի ստեղծմամբ, հիմա Թումոյում խաղեր եմ ստեղծում, հետագայում վստահ եմ, որ այս ոլորտում մեծ հաջողություններ կունենամ»,-ասում է Արմանը եւ ցույց տալիս իր ստեղծաց խաղի հերոսներից մեկին:

11-ամյա Արսեն Հովսեփյանի վրա համակարգչային խաղերի ազդեցությունը ավելի լուրջ եւ խորքային է եղել: Մայրը՝ Անի Հովսեփյանը, ասում է, որ ուշ են նկատել երեխայի վարքի փոփոխությունը. երեխան Grand Theft Auto (կրճատ՝ GTA) համակարգչային խաղն է խաղացել այն ժամանակ, երբ ծնողները աշխատանքի վայրում են եղել.

«Սկզբում մտածում էի, որ երեխա է, երևակայությունը շատ զարգացած է, բայց երբ սկսեց հարվածել իր փոքր քրոջը, ձևացնել, թե սպանում է նրան, հասկացանք, որ խնդիրը շատ մեծ է եւ երեխային տարանք հոգեբանի մոտ»,-ասում է Արսենի մայրը:

Աշխարհահռչակ GTA տեսախաղը, բազմաթիվ մրցանակներ հաղթած եւ բեստսելլեր համարվող համակարգչային խաղերի շարքին է դասվում: GTA խաղում հերոսը գողանում է մեքենաներ, սպանում է մարդկանց եւ չի պատժվում: Համակարգչային այս խաղը Արսենի նման շատ երեխաների վարքային փոփոխության պատճառն է դարձել: Արսենի մայրը ասաց, որ հոգեբանի մոտ այցելելուց հետո, տղան համակարգչային խաղեր այլեւս չի խաղում.

«Փառք Աստծո, հիմա ամեն բան լավ է, Արսենն այլ զբաղմունքներ ունի, նկարչության է գնում, առաջադիմությունն էլ լավացել է»,-ասում է մայրը եւ ցույց տալիս որդու նկարած վերջին նկարը:

14-ամյա Սեդա Կարապետյանի համար վիդեոխաղերը եղել են պատմության եւ պատմական իրադարձությունների հանդեպ սիրո առաջացման պատճառ.

«12 տարեկանում առաջին անգամ խաղացի Rome համակարգչային խաղը, որը ներկայացնում էր պատմական զանազան դեպքեր: Խաղը օգնեց ինձ պատմական շատ վայրերի  ու դեպքերի հետ ծանոթանալ, որոնցով հաճախ զարմացնում եմ պատմության դասատուիս»,-ասում է Սեդան:

Խա՞ղ, թե՞ հոգեբանական զենք

5 ամիս ամեն օր 17-ամյա Կարեն Նահապետյանը դասերից անմիջապես հետո գնացել  է իրենց շենքի հարևանությամբ գտնվող համակարգչային խաղերի սրահ: Օրական 3 ժամ անցկացրել է Counter-Strike խաղի առջեւ: Վարքային փոփոխությունը, առաջադիմության անկումը առաջինը դպրոցում են նկատել եւ զգուշացրել ծնողներին:

Կարենի մայրը՝ Ալվարդ Նահապետյանը, այս մասին պատմելիս հիշում է, թե ինչպես է տղան կոտրել համակարգչի մկնիկը այն պատճառով, որ պարտվել է ինչ-որ մարտական խաղում.

«Հայրը տեսավ դա ու արգելեց մոտ գնալ համակարգչին եւ այլեւս գումար չի տալիս համակարգչային խաղերի սրահ այցելելու համար»,-ասում է Ալվարդ Նահապետյանը:

Կարո՞ղ է համակարգչային խաղերը հոգեբանական ազդեցություն ունենալ երեխայի ներաշխարհի վրա: Հոգեբան Գայանե Մինասյանը ասում է, որ այդ խաղերը երեխային պահում են լարված, կտրում կապը շրջապատի հետ, որոշակի դեպքերում դարձնում նաեւ ագրեսիվ.

«Վարքային փոփոխության պատճառը այն է, որ բնական խաղի ժամանակ երեխան շփման, խոսքի միջոցով արտահայտում է բացասական ապրումը, իսկ համակարգչային խաղի դեպքում չի արտահայտում, ինչն էլ վերածվում է ագրեսիայի»,-ասում է հոգեբանը:

Հոգեբանի խոսքով՝ համակարգչային խաղերը ազդում են անձի ինքնագնահատականի վրա եւ հանգեցնում իր ուժերի հանդեպ հավատաի անկմանը, ինչը կարող է դառնալ անգամ ինքնասպանության պատճառ։

Համակարգչային խաղերի սրահի աշխատակից Դավիթ Հովհաննիսյանը ասում է, որ սրահ այցելում են ինչպես դեռահասներ, այնպես էլ չափահաս անձիք.

«10 րոպե խաղի արժեքը 100 դրամ է, սակայն կան դեռահասներ, ովքեր ժամերով մնում են սրահում»,-ասում է Դավիթը եւ հավելում, որ ամենաշատը դեռահասները խաղում են ֆուտբոլ, «GTA», «Call of Duty», «PUBG», «Counter-Strike», «Mortal Combat» խաղերը: Ամենապահանջված խաղերը «մահվան լաբիրինթոսներ» եւ սպանության տեսարաններ են պարունակում, որոնք հոգեբանական լուրջ ազդեցություն կարող են թողնել անձի ներաշխարհի վրա:

Հոգեբան Հարություն Յալտարյանի խոսքով՝ երեխաների հոգեբանության վրա տեսախաղերը ամենաշատը ազդում են, երբ երեխան իրեն նույնականացնում է գլխավոր հերոսի\հերոսների հետ կամ խաղում է դաժան տեսարաններով լի տեսախաղեր.

«Համակարգչային էկրանի վրա այս ու այն կողմ են թռչում ողնաշարի մնացորդներով կտրված գլուխներ, ձեռքեր ու ոտքեր, ցայտում է արյունը, գալարվում են հոգեվարքի մեջ գտնվող մարմինները։ Իսկ որոշ ծնողներ զարմանում են, թե ինչու է երեխան գիշերը վեր թռչում մղձավանջային երազներից»,-ասում է հոգեբանը:

Իսկ ինչպե՞ս օգնել երեխային, որպիսզի նա չդառնա վիդեոխաղերի զոհ: Հոգեբան Գայանե Մինասյանը կարևորում է ծնողի վերահսկողությունը.

«Գերադասելի է այդ վերահսկողությունը անվանել «ընկերական վերահկողություն»։ Ծնողը ստանձնելով ընկերոջ դեր, երեխայի հետ սկսում է զրուցել, ընթացքում ճիշտ մեկնաբանություններ եւ խորհուրդներ տալով»,-ասում է հոգեբանը եւ հավելում, որ երեխային միանգամից արգելել համակարգչային խաղ խաղալ, կարող է հակառակ ազդեցությունը ունենալ. չէ՞ որ արգելված պտուղը միշտ քաղցր է։

Աչքերն ավելի խոցելի են

Արսեն Հովսեփյանի մայրն ասում է, որ թեեւ հիմա երեխայի ներաշխարհի եւ հոգեկան առողջության հետ ամեն ինչ կարգին է, սակայն նա շարունակում է ակնոց կրել.

«Համակարգչի առաջ ժամերով նստելու հետեւանքով նրա տեսողությունը վատացել էր այն աստիճանի, որ անգամ վիրահատական միջամտության ենք դիմել»,-ասում է Անի Հովսեփյանը:

Ակնաբույժ Յանա Օգանովան ասում է, որ համակարգչային խաղերի բացասական ազդեցությունը երեխայի տեսողության վրա մեծ է.

«Մարդու աչքն նախատեսված է հոծ գծերի նայելու համար, ու եթե մենք նայում ենք առարկային իրականության մեջ, մենք հոծ ենք տեսնում այն, նույն առարկան էկրանի վրա կազմված է միլիոնավոր մանր կետերից, իսկ բազմաթիվ կետերն արդեն իսկ աչքը ծանրաբեռնում են ու խնդիրներ առաացնում»,-ասում է ակնաբույժը եւ ավելացնում, որ խնդիրները հիմնականում նկատվում են 9 տարեկանից սկսած, երբ երեխաների մոտ սկսվում է հորմոնալ փոփոխությունների շրջանը:

Ակնաբույժ Սոֆյա Կասյանը խորհուրդ է տալիս հետեւել նաեւ համակարգչի ճիշտ լուսավորությանը, ինչպես նաեւ երեխայի եւ էկրանի հեռավորությանը.

«Համոզվեք, որ երեխան շատ մոտ չէ մոնիտորին, աչքերի եւ պատկերի միջեւ օպտիմալ հեռավորությունը պետք է լինի 60-70 սմ»,-ասում է ակնաբույժը:

Յանա Օգանովայի խոսքով՝ տեսողության խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է սահմանափակել համակարգչի առջև երեխայի անցկացրած ժամանակը՝ հասցնելով այն օրական առավելագույնը 2 ժամի: Խրախուսվում է նաև տան պայմաններում արվող աչքերի վարժությունները. օրինակ՝ փակ աչքերով նկարել 8 թիվը, կամ նայել մատին, հետո նայել պատուհանի մոտ գտնվող ամենահեռու կետին մի քանի վայրկյան։ Այս վարժությունները կմեղմացնեն աչքերի ցավը:

Ողնաշարը նույնպես հարվածի տակ է

Համակարգչային խաղերը ազդում են ոչ միայն երեխայի հոգեբանական առողջության եւ տեսողության վրա, այլեւ դառնում են ողնաշարի ծանրաբեռնվածության ու ծռվածության պատճառ:

Վնասվածքաբան-օրթոպեդ Լիպարիտ Կարապետյանը ասում է, որ համակարգչի առջեւ երկար նստելու հետևանքով երեխաների մոտ առաջանում է ողնաշարի S-աձեւ եւ C-աձեւ ծռվածություններ: Նորմայում մեր ողնաշարը ունի ֆիզիոլոգիական կորություններ, այսինքն՝ որոշակի թեքումներ, որը ողնաշարի ուղղաձիգ ծանրաբեռնվածությունը մեղմացնում է.

«Մարդիկ, ովքեր երկար ժամանակ նստում են համակարգչի դիմաց՝ լրացուցիչ առաջանում է մկանային թուլություն, որը բերում է ֆիզիոլոգիական առկա ծռվածության շատացմանը»,-ասում է օրթոպեդ Լիպարիտ Կարապետյանը։

Օրթոպեդը առաջարկում է մի քանի կանխարգելիչ միջոցներ: Երեխայի մոտ ողնաշարի ծռվածությության խորացված լինելու դեպքում անհրաժեշտ է ֆիզոթերապիայի հատուկ կուրսեր, որոնք կվերականգնեն մկանային տոնուսը։ Խորհուրդ է տրվում նաև զբաղվել լողով, ինչպես նաեւ ամեն օր մի քանի րոպե ձգվել պտտաձողից:

Կարեւոր է նաեւ ճիշտ համակարգչային աթոռ ունենալը: Եթե խնդիրը շատ է խորանում, կան նաեւ օրթոպետիկ սեխմաններ, որոնք ողնաշարի ճիշտ կեցվածք են ապահովում եւ շատ արդյունավետ են դեռահասների տարիքում։

Լիպարիտ Կարապետյանի խոսքով՝ խնդրի հայտնաբերման սկզբնական փուլում պետք է անմիջապես դիմել մասնագետ բժշկի՝ ճիշտ վարժությունների տակտիկա մշակելու համար.

«Քանզի կանխելը ավելի հեշտ է, քան հետագայում առաջացած խնդիրը բուժելը։ Առաջացած խնդիրը հետագայում՝ ավելի խորը դեպքերում, նույնիսկ գնում է վիրահատական միջամտության, իսկ կանխարգելիչ միջոցառումները ավելի արդյունավետ ու էֆֆեկտիվ են»,-ասում է Լիպարիտ Կարապետյանը:

Մեդալի հակառակ կողմը

Վիդեոխաղերի անթիվ թվացող բացասական կողմերը թվարկելիս չպետք է մոռանալ դրականների մասին: «Mentalfloss» ամերիկյան մեդիա ընկերության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ վիդեոխաղերն օգնում են դիսլեքսիայով հիվանդ մարդկանց: Կտրուկ փոխվող տեսարանները, կերպարների կարեւոր երկխոսությունները ստիպում են ուղեղին կենտրոնանալ:

Հոգեբան Գայանե Մինասյանը ասում է, որ եթե ծնողի կողմից կա ճիշտ վերահսկողություն, երեխայի կողմից՝ համակարգչային խաղի չափավորություն և ինտերվալ( այսինքն՝ օրը 30 րոպե կամ մեկ ժամ / կախված տարիքից/) ապա կարող ենք դրական ազդեցության մասին եւս խոսել։ Կան խաղեր, որոնք կարող են զարգացնել տեսողությունը, հիշողությունը, տրամաբանությունը և իմացական այլ գործընթացներ։

«Բացասական ազդեցությունն ավելի հաճախ կապված է նրա հետ, թե երեխան ինչ տեսակի խաղ է խաղում»,-ասում է հոգեբանը։

Հոգեբանի խոսքով՝ ժամանակակից շատ խաղերում կարևոր է արագ կողմնորոշվելու ունակությունը, և շատ հաճախ հերոսի կյանքը կախված է մեր իսկ որոշումներից, հետևաբար խաղերը զարգացնում են նաև արագ կողմնորոշվելու ունակությունը: Ուղեղի աշխատանքի զարգացման համար երեխաներին խորհուրդ է տրվում խաղալ Civilization, StarCraft II, Portal, Hearthstone համակարգչային խաղերը:

ՍՊԱՆԻ՛Ր ԿԱՄ ՍՊԱՆՎԻՐ. Ի՞նչ է կատարվում աշխարհում

Բազմահազարանոց լսարան ունեցող «Call of Duty: Black Ops» տեսախաղը, որի հիմնական պահանջը խաղացողից սպանությունն է, դարձել է ողբերգության պատճառ: 2011 թվականին Օկլահոմա Սիթիի 14-ամյա բնակիչ Քրիստիան Ռիվերան, կալանավորվել է «Call of Duty: Black Ops» խաղի ազդեցության տակ գործած սպանության պատճառով։ Խաղի ժամանակ Քրիստիանին շեղել է 9 ամսական քրոջ լացը, որից հետո Քրիստիանը պարտվել է խաղում։ Տղան բարկացել է ու մի քանի անգամ թափահարել երեխային, իսկ հետո մտցրել օրորոցի մեջ։ Աղջիկը մահացել է 3 օր անց հիվանդանոցում։

Աշխարհահռչակ Grand Theft Auto (կրճատ՝ GTA) տեսախաղի ազդեցության տակ 2011-ին Գեւին Փրինսը գործեց սարսափելի արարք: 15-ամյա դեռահասին մեղադրում են սեփական մեծ տատիկին սամուրայական սրով սպանելու մեջ: Գեւինը համակարգչային խաղ է խաղացել, երբ նրա 77-ամյա մեծ տատիկը խնդրել է անջատել համակարգիչը, սակայն տղան չի ցանկացել տեղի տալ նրա պահանջներին։ Կարճ վեճից հետո Փրինսը հանել է սամուրայական թուրը և սպանել տատիկին։ Այնուհետև նա հարձակվել է 55-ամյա տատիկի վրա, ով հասցրել է թաքնվել սենյակում եւ ոստիկանություն կանչել։

Counter-Strike տեսախաղը 2012 թվականի դեկտեմբերի 14-ին դարձել է երկու տասնյակից ավելի մարդու սպանության պատճառ:   Նույն օրը առավոտյան 20-ամյա Ադամ Լանզան, կրակել եւ սպանել է անկողնում քնած մորը ու զինված ժամանել Սենդի Հուկ տարրական դպրոց։ Ժամը 09:35-ին ներխուժելով շենք՝ նա 11 րոպե կրակել է աշակերտների եւ ուսուցիչների վրա, իսկ հետո, տեսնելով, որ իրավապահները ժամանել են, ժամը 09:46-ից մինչև 09:53-ը դասասենյակներից մեկում ինքնասպան է եղել։ Ահաբեկչության հետեւանքով մահացել է 27 մարդ:

Այլընտրանք, կարգավորումներ եւ ոչ միայն…

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ համակարգչային խաղերի ստեղծման եւ դրանցից օգտվելու սահմանափակումների հետ կապված ՀՀ օրենսդրությամբ որեւէ կարգավորում չկա։

Օրենսդրական կարգավորումների բացակայությունը պետք է լրացվի ծնողների կողմից:

Նազենի Սողոմոնյանի երկու երեխաները մինչև 11 տարեկանը հետքրքրված էին համակարգչային խաղերով: Այդ հետաքրքրությունը մարեց այն ժամանակ, երբ երեխաների պապիկը նրանց նվիրեց ինտելեկտուալ սեղանի խաղ:

«Այդ օրվանից սկսած նրանք ազատ ժամանակը այդ ուսուցողական խաղերի հետ են անցկացնում: Երեխաներս արդեն անգլերեն են խոսում ու դա ի շնորհիվ Brainy անունով ինտելեկտուալ սեղանի խաղի»,-ասում է Նազենին և ցույց տալիս խաղի տուփը:

Համակարգիչների, հեռախոսների մեջ կան այնպիսի կարգավորումներ, որոնք կօգնեն ծնողներին վերահսկել իրենց երեխաներին: Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը ասում է, որ այդ գործիքները այսօր կան գրեթե բոլոր օպերացիոն համակարգերի վրա:

«Այդ գործիքները կոչվում են ընդհանրացված ծնողական վերահսկողության  գործիքներ (Parental controls), որը թույլ է տալիս կամայական սահմանափակում դնել։ Այսինքն՝ ինչ խաղ կարող է տեղադրել երեխան, ինչքան կարող է դրանից օգտվել, երբ, որ ժամերին է արգելվում եւ այլն»,-ասում է Սամվել Մարտիրոսյանը։

Հաջորդ օգտակար եւ կարևոր գործիքը, որը ստեղծվել է Եվրոպայում, Pegi հարթակն է, որտեղ ծնողները կարող են տեղադրել խաղի անվանումը եւ ստանալ տեղեկատվություններ՝ արդյոք այդ խաղը երեխաների համար վտանգավոր ռիսկեր պարունակում է, թե ոչ:

Քրիստինե Թորոսյան

3-րդ կուրս

Լուսանկարները՝ հեղինակի

Կիսվել