Մարդ նմանվում է այն ամենին, ինչ ստեղծում է

Մարդ նմանվում է այն ամենին, ինչ ստեղծում է

658

Այսօր զրուցել ենք AgaTrend Handmade Accessories բրենդի հիմնադիր Աղավնի Տեր-Հովհաննիսյանի հետ։ Խոսել ենք նոր շունչ և թարմություն ստացող զարդերի պտրաստման  հետաքրքիր և նուրբ դետալների մասին, որոնք կհետաքրքրեն այսօրվա սպառողին։

-Ե՞րբ և ինչպե՞ս եք սկսել զբաղվել պայուսակների և զարդերի պատրաստմամաբ։

-AgaTrend-ի պատմությունը ծնունդ առավ 2018 թվականին նվիրական գաղափարից` աճող և գործող  բիզնես, որը սնվում և մոտիվացվում է ամենօրյա ստեղծագործ աշխատանքով։ Իր գործունեության բազմամյա տարիների ընթացքում AgaTrend-ը կյանքի է կոչել  մի շարք ստեղծարար մտքեր և գեղեցիկ էսքիզներ` շեշտադրելով այն կրողի ինքնատիպությունն ու առանձնահատկությունը։

-Իսկ ինչու՞ AgaTrend։

AgaTrend բացվածքը ինքնին կոչ է, որպեսզի սպառողն ասի «Այո՛» նոր թրենդերին, ինչպես նաև անվանումը բովանդակում է իմ՝ որպես դիզայների, անվան սկզբնամասը։

-Ձեռագործ  աշխատանքների վրա շատ ժամանակ և էներգիա է ծախսվում, հետևաբար ինչպե՞ս եք զարդերի և պայուսակների արժեքը սահմանում։

-Ցանկացած աշխատանք ժամանակ և սեր է ենթադրում, իսկ դրանք մեր կյանքի ամենակարևոր  ռեսուրսներն են։ Կարևոր է նաև մտքի արծարծումը, քանի որ միտքը ինքնին զարդի գաղափարն է։ Այս ամբողջի հանրագումարն էլ կազմավորում է աքսեսուարի  արժեքը։ Իհարկե հաշվի ենք առնում նաև սպառողի միջինացված վճարունակությունը և մշտապես կատարում ենք որոշակի գնային փոխզիջումներ` մեր յուրաքանչյուր հաճախորդին պարգևելով սեր և ուրախություն։

Ըստ Ձեզ՝ որքանո՞վ են հարմար միջին վիճակագրական սպառողին Ձեր սահմանած  գները։

-Աքսեսուարն առաջին սպառման առարկա չէ, և հիմնականում հաճախորդներն իրենց թույլ են տալիս նման գնում առիթից առիթ։ Մենք պարբերաբար մշտադիտարկում ենք շուկայի գնային սանդղակները և սահմանում մրցունակ գին` հարմար հաճախորդի գրպանին և էսթետիկ ճաշակին։

Ձեր  անհատականությունը ինչպե՞ս եք դրսևորում Ձեր աշխատանքներում։

-Ասում են, որ մարդ նմանվում է այն ամենին, ինչ ստեղծում է։ Ուստի և աքսեսուարները ևս ունեն ոգի և տրամադրություն։ Լինելով մինիմալիզմը գնահատող անհատ` ուրույն և նրբագեղ մոտեցում ունեմ աքսեսուարների ստեղծման հարցում։ Սրանով հանդերձ յուրաքանչյուր աշխատանքում ընդգծում եմ այն կրողի անհատականությունն ու գունային նախապատվությունը։ Արդյունքում ստացվում է զարդ ստեղծողի և զարդ կրողի յուրահատուկ սիմֆոնիա։

 -Շուկայում նմանատիպ աշխատանքների շատ ենք հանդիպում։ Ձեր աշխատանքները ինչո՞վ եմ տարբերվում մյուսներից։

 -AgaTrend-ի  ստեղծած աշխատանքների  պորտֆոլիոն հարուստ է ինչպես մեծաքանակ, այնպես էլ անհատական աշխատանքներով։ Պատվերի ընդունման ժամանակ պատվիրատուի հետ  մանրամասն քննարկվում է էսքիզի նախնական տեսքը, գունային ընտրությունն ու քարերի դասավորվածությունը։ Շուկայի աքսեսուարների ներկայացուցիչներից տարբերվում ենք մեր տեսլականով`  զարդ կրողի  անհատականության ընդգծումն ու ճիշտ էներգիայի փոխանցումը։ Չէ որ յուրաքանչյուր զարդ էներգիա է ստեղծում և հաղորդում այն կրողին։

-Ինչպիսի՞նն է այն տրամադրությունը, որը Դուք հաղորդում եք սպառողին Ձեր աշխատանքների միջոցով։

-Հաճելի և գոհունակ։

-Ի՞նչ հատկանիշներ է պետք ձեռագործ աշխատանքներ պատրաստելիս։

Մեծ համբերատարություն, գեղեցիկն արարելու պատրաստակամություն և նրբագեղ ճաշակ։

-Օնլայն հարթակում հանդես գալը ի՞նչ տվեց Ձեզ, բացի սեփական աշխատանքները  վաճառելուց։

-Օնլայն հարթակը այսօրվա բիզնեսին ընձեռում է մի շարք հնարավորություններ։ Այսօրվա նորագույն տեխնոլոգիաների դարաշրջանում օնլայն տիրույթում խանութ ունենալը հրամայական է։ Այն բիզնեսին տալիս է ծավալվելու նոր հորիզոններ, նոր հաճախորդներ ներգրավելու հնարավորություն և վաճառքները խթանելու առաջընթաց։ Եվ իհարկե կարևոր է նշել, որ յուրաքանչյուր բրենդ կարող է անցնել  երկար և հեռու ճանապարհ, եթե վայելում է իր պատվիրատուի սերն ու գոհունակությունը։ Ես շատ շնորհակալ եմ մեր բոլոր պատվիրատուներին իրենց կարևոր առիթների՝ նվերի և զարդերի ընտրությունը մեզ վստահելու համար։

-Այս աշխատանքի հետ կապված ի՞նչ պլաններ  ունեք հետագայում։

-Պլանները բազմավեկտոր և բազմաժանր են։ Առաջիկայում նախատեսվում են նոր ուղղությամբ և նոր ոճայնությամբ աքսեսուարների թողարկում,  որոնք կբովանդակեն գալիք տարվա նորաձևության թրենդերը։ Ինչպես յուրաքանչյուր բիզնեսին, այնպես էլ իմ գործունեությանը մշտապես փոխանցվում է նոր շունչ և թարմություն։

Օֆելյա Հովհաննիսյան

4-րդ կուրս

Կիսվել