Կամավորությունը կյանքիդ լավագույն փորձն է դառնում

Կամավորությունը կյանքիդ լավագույն փորձն է դառնում

598

Դեկտեմերի 5-ն ամբողջ աշխարհում տոնվում է որպես կամավորության միջազգային օր: Այդ առիթով զրուցել ենք ժուռնալիստիկայի ֆակուլտետի 3-րդ կուրսի ուսանողուհի Լինա Մեհրաբյանի հետ, որն արդեն մոտ 6 տարի կամավորությամբ է զբաղվում:

-Ի՞նչ է Ձեզ համար կամավորությունը: Ի՞նչ է այն Ձեզ տվել:

-Կամավորությունը ցանկացածի շանսն է օգնել ու այդ օգնությունից կարևոր դասեր և փորձ քաղել: Սա փոխադարձ փորձի ու օգնության  հնարավորություն է:   Կամավոր լինելը որոշ չափով անվերապահ գործն է,  ամեն պահի պատրաստակամ ու անձնազոհ լինելը: Կամավորությունն ինձ տվել է շատ ավելին քան ցանկացած կրթական հաստատություն, որ երբևէ հաճախել եմ կյանքիս ընթացքում: Անկեղծ մարդկային շփում, նոր ծանոթություններ, գիտելիք: Բայց ամենակարևորն, ինչ ստացել եմ, բազմաթիվ երախտապարտ աչքերն են, ջերմ խոսքերը: Այն զգացողությունը, երբ հասկանում ես, թե գործդ ինչքան գնահատված է, ոչնչի հետ չեմ փոխի: 

-Դուք ուսանող եք, մինչդեռ կամավորությունը, կարծես թե, Ձեր գրաֆիկի անբաժան մասն է կազմում: Ինչպե՞ս եք համատեղում:

-Կամավորությունը ժամանակի հետ ամենամեծ հոբբիդ է դառնում: Իսկ անգամ ամենածանրաբեռնված գրաֆիկի դեպքում էլ մենք ինչ-որ կերպ ժամանակ ենք «պոկում  մեր սիրելի զբաղմունքների համար: Կամավորությունը պակաս կարևոր չէ, քան համալսարանական կրթությունը, ուստի երկուսի միջև ժամանակային հավասար բաշխում եմ կատարում:

-Շատ կարծրատիպային արտահայտություններ կան, օրինակ՝ «Ինչի՞ համար պետք է անվճար աշխատեմ», «Ուրիշներին ինչու՞ պետք է անվճար օգնեմ», «Այս ամենը մի թղթի կտորի համա՞ր: Այն էլ չգիտեմ պետք կգա, թե ոչ»: Կմեկնաբանե՞ք:

-Իրականում այս կարծրատիպերը մեծամասամբ Հայաստանում են տարածված, որովհետև կամավորությանը երբեք  ճիշտ մոտեցում չի ցուցաբերվել: Մենք սիրում ենք ամեն ինչի մեջ նյութական շահ փնտրել ու դրանով, անկախ մեր կամքից, արժեզրկում ենք մարդկայինը: Երբ նոր էի սկսել կամավորություն անել, նմանատիպ արտահայտություններ շատ հաճախ էի լսում, անգամ տանը: Սկզբում շատ դժվար էր բացատրել կամավորության ամբողջ էությունը: Շատ ժամանակ տանն արգելում էին քաղաքից դուրս կամավորական միջոցառումների գնալ, որովհետև դա բավական լուրջ չէին համարում: Մշտական վեճեր, հակասական կարծիքներ, որոնք շատ էին կոտրում ինձ: Բայց ցանկությունս շատ մեծ էր. ոչինչ ինձ չկանգնեցրեց: Ժամանակի հետ բոլորին «սովորեցրի» կամավորության կարևորությունը:  Դու անվճար չես աշխատում, դու անվճար փորձ ես ձեռք բերում: Քեզ կարող են թղթի կտոր չտալ, բայց տալիս են նոր ու անհամար հնարավորություններ ինքդ քեզ բացահայտելու ու ներկայացնելու: Իսկ մարդկանց օգնելու համար քեզ երբեք առիթ կամ պատճառ հարկավոր չէ, ուղղակի ցանկություն է պետք:

-Կպատմեք՝ ինչպե՞ս սկսեց Ձեր կամավորության ուղին:

-15 տարեկանում (երբ նոր էի ընդունվել ավագ դպրոց), տեղեկացա «Մեդիագրագիտություն» վերնագրով դասընթացի մասին, որը կազմակերպում էր Վանաձորի «Ինֆոտուն» հասարակական կազմակերպությունը: Մի քանի անգամ դասընթացին հաճախելով՝ հասկացա, որ ես այնտեղ ոչ թե աշակերտ եմ, այլ տարբեր միջոցառումներ կազմակերպող անձանց խմբի մի մասն եմ դարձել: Այն ժամանակ դեռ չէի գիտակցում, որ կամավոր եմ: Հետո կամավորների միջազգային օրը պաշտոնապես դարձա «Ինֆոտուն» ՀԿ-ի կամավոր: Դրանից հետո կամավորությունը դարձավ առօրյայիս անբաժան մասը: Որպես անգլերենի ուսուցիչ-կամավոր ընդունվեցի «Օրրան» երեխաների խնամքի կենտրոն, որը կյանքիս ամենակարևոր ու ճիշտ որոշումներից մեկն եմ համարում: Հիմա դրան զուգահեռ կամավոր եմ «ENGin» ուկրաինական ծրագրում, որը պատերազմից տուժած անձանց օգնում է իրենց լեզվի զարգացման ճանապարհին:

-Իսկ ի՞նչ կասեք դժվարությունների մասին: Ի՞նչ դժվարություններ եք ունեցել:

-Ամենամեծ դժվարությունը, որին հանդիպել եմ, մանկահասակ երեխաներին ու դեռահասներին վստահություն ներշնչելն ու նրանց հետ ամուր կապ ստեղծելն էր: Հիմա երբ հետ եմ նայում, հասկանում եմ, որ ցանկացած դժվարություն հաղթահարել արժեր նրանց համար: Երեխաներից ավելի երախտապարտ ու գործը գնահատող ոչ ոք չկա:

-Ամբողջ աշխարհում ընդունված է կամավորությունը, իսկ Հայաստանում դեռ նոր են ինչ-որ քայլեր ձեռնարկում կամավորություն եզրույթն ընդունելու և առօրյայի մի մասը դարձնելու: Դուք ի՞նչպես եք վերաբերվում այս հարցին:

-Որպես հետսովետական երկիր՝ Հայաստանը բավականին հետ էր մնում ժամանակակից հումանիտար արժեքային համակարգից: Երբ ամբողջ աշխարհում գովաբանվում էր կամավորական աշխատանքը, մենք դեռ զբաղված էինք ԽՍՀՄ-ի բացթողումները լրացնելով, պատերազմի ու երկրաշարժի հետևանքները վերացնելով ու սեփական շահը բավարարելով: Մի արդարացում կար միայն.  «Եվրոպայում ու Ամերիկայում լավ    են ապրում, առանց գումարի կարող են աշխատել, մենք դրա հնարավորությունը չունենք»: Հասկանալի է, որ մեր մոտ կամավորության համար շատ շուտ էր:  Բայց հիմա նոր սերունդը հասկանում է կամավորության կարևորությունը, ինչը շատ ողջունելի է: Հուսով եմ, կամավորությունը մեր ազգակիցների արժեքային համակարգի մի մասը կդառնա:

-Դեկտեմբերի 5-ն ամբողջ աշխարհում նշվում է կամավորության միջազգային օր: Այդ օրը նշու՞մ եք, ինչպե՞ս եք տոնում:

-Վերջին երկու տարիների ընթացքում չեմ տոնել, քանի որ անկախ կամավոր եմ եղել, մեծ խմբից դուրս: Բայց երբ «Ինֆոտան» անդամ էի, մեծ միջոցառումներ էինք կազմակերպում, դասընթացներ ու մեր կամավորական ուղին ներկայացնող ուղերձներ անում, ֆոտոշարքեր ներկայացնում: Ինձ համար ամենահիշվողը այդ օրերից այն է, երբ բոլոր կամավորներով հավաքվում էինք ու խմում ինքներս մեր կենացը, ամենակարևորը՝ հյութով: Իսկ ամենավերջում ուտում էինք տորթը ու այդպես քաղցր ավարտում օրը:

-Ո՞վ է Ձեզ համար կամավորը:

-Կամավորը անշահախնդիր մարդն է, ով պատրաստ է «զոհասեղանին դնել» իր ազատ ժամանակն ու էներգիան ինչ-որ մեկին օգնելու կամ ինչ-որ մեծ փոփոխություն անելու համար:

-Ձեր խորհուրդը այն մարդկանց, որոնք դեռ կամավոր չեն:

-Կամավորությունը կյանքիդ լավագույն փորձն է դառնում: Մի կորցրեք գեղեցիկ զգացողությունները մի քանի կարծրատիպերի պատճառով:

Լիլիթ Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել