«Դպրոցներում ադրբեջաներեն կամ թուրքերեն սովորեցնելը ավելորդ բան է, որովհետև այն ոչ թե...

«Դպրոցներում ադրբեջաներեն կամ թուրքերեն սովորեցնելը ավելորդ բան է, որովհետև այն ոչ թե ստեղծում է հնարավորություններ, այլ ընհակառակը՝ մեծացնում է ռիսկերը»․ Վարուժան Գեղամյան

614

Այս տարվա սեպտեմբերից Հայաստանի որոշ դպրոցներում որպես երրորդ օտար լեզու  դասավանդվում են տարածաշրջանային լեզուները, այդ թվում ադրբեջաներենն ու թուրքերենը։ Սա ամրագարված է Հայաստանի կրթության՝ մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրով։ Ըստ որոշման՝ ադրբեջաներենն ու թուրքերենը կուսուցանվեն միայն ավագ դպրոցներում։ Սովորելու հնարավորությունների, սպառնալիքների և լուծման տարբերակների մասին խոսել ենք պատմական գիտությունների թեկնածու, թյուրքագետ Վարուժան Գեղամյանի հետ։

-Բազմիցս նշվել է, որ թշնամու լեզուն պետք է իմանալ նրան հաղթելու, ապատեղեկատվությանը դիմակայելու համար։ Այժմ արդեն նոր որոշում կա, ըստ որի` ադրբեջաներենն ու թուրքերենը կուսուցանվեն հանրակրթական դպրոցներում։ Պարո՛ն Գեղամյան, ըստ Ձեզ, որքանով է կարևոր այս լեզուների իմացությունը, ի՞նչ կտա այն մեր պետությանը։

-Ժողովրդական հայտնի խոսքը՝ «թշնամու լեզուն պետք է իմանալ», պետք չէ հասկանալ բառացի։ Ժողովրդական խոսքերը կարճ ձևակերպված բայց մեծ մտքեր են, հետևաբար հնարավոր չէր, որ այս խոսքը միայն լեզվին վերաբերեր։ Թշնամուն հաղթելու համար անհրաժեշտ է իմանալ իր պատմությունը, մշակույթը, քաղաքական համակարգը, քաղաքական գործիչներին, լեզուն և մնացածը։ Լեզու ասելով պետք է հասկանալ, թե ինչպես է թշնամին մտածում, ինչպես է հաղորդակցվում, ինչպես է կառուցում իր հարաբերությունները, և եթե բառացի չես հասկանում այդ արտահայտությունը, դա նշանակում է հետևյալը, որ եթե դու ուզում ես հաղթել թշնամուն, ապա պետք է համալիր կերպով ճանաչես թշնամուդ։ Մեր երկրի պարագայում, մենք ժառանգել ենք բավական մեծ հարստություն գիտական դպրոցների տեսանկյունից, որը մեզ հնարավորություն է տալիս մեր թշնամուն ճանաչել, ընդ որում ճանաչել բոլոր հնարավոր ասպեկտներից։  Օրինակ՝ ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետը հենց էդպիսի տեղ է, որտեղ թյուրքագիտության ամբիոնում ուսուցանում են ադրբեջանի և թուրքիայի վերաբերյալ համալիր գիտելիքներ, և ուսանողները սովորում են այդ համալիր գիտելիքները։ Հետևաբար մենք ունենք մարդիկ, ովքեր թշնամու լեզուն ճանաչում են։ Ինչ վերաբերում է բուն դպրոցներին, ես կարծում եմ, որ դա ավելորդ բան է, որովհետև այն ոչ թե ստեղծում է հնարավորություններ, այլ ընհակառակը՝ մեծացնում է ռիսկերը։

-Որո՞նք են այն ռիսկերը, որոնք կստեղծվեն թշնամու լեզուն դպրոցներում ուսուցանվելու արդյունքում։

-Միայն լեզուն սովորելը հնարավորություններ չի ստեղծում, որովհետև դպրոցում կարճ ժամանակահատվածում լեզուների ուսուցումը հնարավորություն չի տալու աշակերտներին լիարժեք տիրապետել այդ լեզվին, հետևաբար տրվելու է այսպես ասած կիսատ գիտելիք։ Էլ չեմ խոսում այն մասին, որ Հայաստանում չկա այնքան թուրքերենի կամ ադրբեջաներենի մանկավարժ մասնագետ, ով կարող է լավ մակարդակով դպրոցներում ոսուցանել լեզուները։ Այն ստեղծում է սպառնալիքներ, որովհետև միայն բառացի լեզվին տիրապետողը ինքնուրույն չի կարողանալու կողմնորոշվել, թե որն է ադրբեջանական և թուրքական կողմից եկող հակահայկական քարոզչությունը, որտեղից պետք է ինֆորմացիան կարդալ, ինֆորմացիայի իրական իմաստը որն է, դրա տողատակերում ինչ է գրված, և փաստորեն հեշտ թիրախ է դառնում թշնամու քարոզչության համար։

-Այսինքն միայն բառացիորեն լեզուն իմանալով մենք օգնու՞մ ենք թշնամուն։ Ինչպե՞ս է այս լեզուների իմացությունը դառնալու քարոզչական գործիք։ Որո՞նք են սպառնալիքները, պարո՛ն Գեղամյան։

-Թուրքիայում և Ադրբեջանում, որպեսզի հակահայկական քարոզչությունը գործունեութունը ծավալվի, ստիպված են, օրինակ, այսինչ լուրը հորինել, հետո թարգմանել հայերեն կամ անգլերեն․ որպեսզի հասցնեն հայկական լսարանին ու ապակողմնորոշեն, հիմա մենք իրենց գործը հեշտացնում ենք․լինելու են Հայաստանում բազմաթիվ մարդիկ, ովքեր գիտեն միայն լեզուն, որն էլ մեծացնելու է մեր անվտանգային սպառնալիքները։ Մեզ անհրաժեշտ է թշնամու լեզուն իմանալ, այսինքն լեզուն հասկանալ բառի լայն իմաստով, ճանաչել թշնամուն համալիր կերպով, առաջին հերթին քաղաքական համակարգից, քաղաքական առաջնահերթությունից մինչև հասարակական առանձնահատկություններ, և դրա համար պետք է լինեն մասնագետներ և իրենց գործը անեն։ Կարիք չկա ամբողջ պետությունով  տարածել, քանի որ լեզվի տարածումը նաև մշակութային ազդեցության տարածում Է, որը ցանկացած պետություն ուզում է այլ պետության տարածքում լինի։

-Այսինքն՝ ըստ Ձեզ, լեզուները պետք է ուսուցանվեն միայն հատուկ այդ նպատակով ստեղծված դպրոցներում։ Հաճախ է նշվում, որ Ադրբեջանում և Թուրքիայում նույնպես սովորում են հայերեն։ Այս դեպքում ի՞նչ ձևաչափով է ուսուցանվում մեր լեզուն այդ երկրներում։

-Ադրբեջանն ու Թուրքիան երբեք հանրակրթական դպրոցներում ազատ ձևով չի դասավանդել, չի դասավանում և չի դասավանդելու հայերեն․ իրենք ունեն հատուկ կրթական հաստատություններ, որում համալսարանական մակարդակի դասավանդում են հայերեն հատուկ ընտրված մարդկանց համար, և այդ ամեն ինչը արվում է հատուկ անվտանգային ծառայությունների վերահսկողությամբ։ Այսինքն՝ էնտեղ ոչ թե բոլորն են սովորում հայերեն, այլ ընտրյալ մադիկ, ովքեր ամբողջ կյանքում դրանով են զբաղվելու և լինելու են լիարժեք մասնագետներ, ովքեր տիրապետւմ են թե՛ հայերենին, թե՛ Հայաստանի պատմությանը։

-Իսկ ինչպե՞ս այդ դեպքում կանխարգելել թշնամական քարոզչությունը։  Ըստ Ձեզ՝ ի՞նչը պետք է լինի մեր առաջնային խնդիրը։

-Եթե պետությունը նպատակ է դրել լավ հակադարձել թշնամուց եկող քարոզչությանը և սպառնալիքներին, ապա մեր առջև խնդիր է դրված ոչ թե հանրակրթական դպրոցներում սովորել ադրբեջաներեն կամ թուրքերեն, այլ ուժեղացնել այն գիտակրթական հաստատությունները, որոնք զբաղվում են նեղ մասանգիտական ուսուցմամբ։ Եթե մեր խնդիրն է հանրության շրջանում մեծացնել գիակցության մակարդակը, ապա այստեղ ոչ թե լեզուն պետք է սովորել, այլ պետք է սովորեցնել տարածաշրջանը, և պատմել թե ինչ են իրենից ներկայացնում մեր հարևան պետությունները և ամբողջ Հյուսիսային Կովկասը։ Ես՝ որպես բուհի դասախոս, կարող եմ ասել, որ երբ ուսանողը ընդունվում է բուհ, իր մոտ կաղում են գիտելիքները հարևան տարածաշրջանների մասին։ Այ դա իսկապես կարևոր է, անկախ նրանից, թե մարդը ինչ մասնագիտություն պետք է ձեռք բերի։ Բուն լեզուն պետք է դասավանդվի համապատասխան նեղ ոլորտներում, որոնցից գխավորը մեր երկրում ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետն է։

-Նաև դասավանդում եք ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետում։ Համալսարանում մանկավարժական դասընթացներ անցկացվու՞մ են, ուսանողները ունե՞ն մանկավարժական գիտելիքներ հետագայում դասավանդելու համար։

-Բուն մանկավարժական՝ ոչ, բայց ձեռք են բերում նաև մանակավարժական հմտություններ, որոնք հնարավորություն են տալիս դասավանդել և այդ նեղ մասնագետներին պատրաստել մեր պետության համար։

-Իսկ սովորելու ընթացքում բացասական վերաբերմունք, կամ մոտիվացիայի պակաս չի՞ նկատվում սովորողների շրջանում։

-Ոչ, քանի որ եթե դու ներկայացնում ես, թե ինչ են իրենցից ներկայացնում Ադրբեջանը և Թուրքիան, ինչ արտաքին քաղաքականության առաջնահերթություններ ու առանձնահատկություններ ունեն, բացատրում ես, որ այդ երկու պետությունները նպատակ ունեն թուլացնելու Հայաստանը պետական մակարդակով, այս դեպքում սովորողը ինքը հասկանում է, թե ինչ պետությունների հետ գործ ունի։

– Ձեր դասավանդման շրջանում դիմորդների թվի տատանումներ նկատե՞լ եք, ավելացում կամ պակաս կա՞։ Մեր երկրում գնալով ավելանում է այս լեզուների իմացության ցանկությունը։ Կարո՞ղ է դրա մոտիվացիայի պատճառը լինեն սահմանին անընդհատ լարված իրավիճակները։

Դիմորդների ավելացում կա ամեն տարի, անկախ ամեն ինչից, հենց Թյուրքագիտության բաժնում։ Առաջին հերթին դա արդյունքն է բարձր որակական կրթության։ Սահմանին լարված իրավիճակները մասամբ ազդում են, այո, բայց դա առաջային գործոնը չէ, առնվազն դատելով այն ուսանողներից, որոնք ընդունվում են, քանի որ նրանք գիտեն, որ թյուրքագետը պետականամետ մտածողության կրող է, և չի կարող այլ տարբերակ լինել։ Հետևաբար նաև իրենց մոտիվացիայի մեջ, կարծում եմ՝ գիատկցում կա, որ իրենք Էստեղ ընդունվելով փորձելու են իրենց գործունեությամբ օգտակար լինել մեր պետականությանը։

– Եվ վերջում խոսենք նաև հենց լեզուների բարդության մասին։ Որքա՞ն ժամանակում կարող ես տիրապետել լեզվին, քանի որ շատ հաճախ գովադզվում է, որ լեզուները կարող են սովորեցնել մի քանի ամսում։ Քերականական և բառապաշարի հետ կապված ինչպիսի՞ բարդություններ կան, այս առումով նմանություններ կա՞ն հայերենի հետ։

-Ամբողջ կայնքում։ Եթե դու ուզում ես լիարժեք տիրապետել լեզվին, ապա պետք է անադադար սովորես։ Շատ անհատական է։ Այն բոլոր գովազդները, որ արվում են տարբեր տեղերում, որ՝ մենք երկու ամսում կսովորեցնեքն այսինչ լեզուն, դա չի համապատասխանում իրականությանը, այո, շատ պարզ կենցաղային արտահայտություններ կովորես, բայց բուն լեզվին չես տիրապետի։ Առավել ևս իրենց քաղաքական տեսքտերը չես կարող հասկանալ, որովհետև դրանք լի են այլաբանություններով, միշտ չէ, որ ուղիղ են դրված, պետք է տողատակերը հասկանալ, և դրա համար պետք է մեծ ժամանակահատված։ Առնվազն սովորելու ժամկետը 4 տարին է, որպեսզի կարողանաս լեզվին տիրապետել։ Թուրքերենին տիրապետել սովորելը ավելի հեշտ է, եթե դու հայերենի կրող ես, այսինքն քերականական մտածողության որոշ ձևեր ավելի դյուրին են, եթե հայերենի ընկալում ունես։

Սյուզաննա Դեմիրճյան

3-րդ կուրս

Կիսվել