«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երկրաշարժեր եղել են, կան ու լինելու...

«Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երկրաշարժեր եղել են, կան ու լինելու են, իսկ թե ե՞րբ, որտե՞ղ և ի՞նչ հզորության, ոչ ոք չի կարող ասել»․ Նիկոլայ Գրիգորյան

557

Այսօր Երևանի պետական համալսարանի Ժուռնալիստիկայի ֆակուլտետ էր այցելել «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնի տնօրեն, փրկարար ծառայության գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը։ Քննարկվող թեման արտակարգ իրավիճակների լուսաբանումն էր, առիթը՝ 1988թ. ավերիչ երկրաշաևժի 34-րդ տարելիցը:

«Արտակարգ իրավիճակների լրատվությունը պետք է լինի լավատեսական, կյանք ու հավատ ներշնչող և մարդասիրական, որպեսզի քեզ հավատան ու վստահեն»։

Նիկոլայ Գրիգորյանը ներկայացրեց տարիների իր փորձը արտակարգ իրավիճակներ լուսաբանելիս՝ անդրադառնալով մասնավորապես Սպիտակի ավերիչ երկրաշարժին։

Հայաստանում 34 տարի առաջ՝ 1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցավ խոշոր բնական աղետ, ավերիչ երկրաշարժ՝ էպիկենտրոնում 10 բալ ուժգնությամբ, որը լուրջ մարտահրավեր դարձավ երկրի համար: Հաշված վայրկյանների ընթացքում ավերիչ երկրաշարժը հազարավոր շինությունների փլուզման, մարդկանց մահվան պատճառ դարձավ: Տուժեցին 21 քաղաք և շրջան, 342 գյուղ։ Անօթևան մնաց 514 հազար մարդ:

«Սպիտակի երկրաշարժից հետո ես հասկացա, որ մեր բնակչությունը չի տիրապետում արտակարգ իրավիճակների կառավարման ոչ մի հմտության։ Ով իրազեկված է, նա պաշտպանված է։ Եթե փլատակում ես, պետք է իմանաս՝ առանց ջրի կարելի է ապրել յոթ օր, իսկ առանց սննդի՝ 15 օր, և պետք է գիտակցես, որ քեզ փնտրում են»։

Նիկոլայ Գրիգորյանը նշում է՝ Սպիտակի երկրաշարժը ամբողջ աշխարհում ամենաուսումնասիրվածն է։ Վերլուծությունները ցույց են տվել, որ վնասի գլխավոր պատճառներից են եղել ապօրինի կառուցված շինությունները, երբ քանդել կամ ծակել են հիմնաքարերը։ Մյուս գլխավոր պատճառն էլ իրազեկվածության պակասն էր, օրինակ՝ երբ աշակերտներին հայտնաբերել են առանց վնասվածքի, բայց մահացած։

«Ոչ մեկը երեխաներին չէր սովորեցրել, որ թաշկինակով կամ կտորով քիթը պետք էր փակել, որ փոշին չսպաներ»։

Իսկ այն պնդումը, թե 1988-ին պայթյուն է եղել, ոչ թե երկրաշարժ, Նիկոլայ Գրիգորյանը վստահեցրեց՝ դա չի համապատասխանում իրականությանը։ Մենք ապրում ենք մի երկրում, որտեղ երկրաշարժեր եղել են, կան ու լինելու են, իսկ թե ե՞րբ, որտե՞ղ, ի՞նչ հզորության, ոչ մեկ չի կարող ասել։«Եթե ձեզ ասեն, որ մեկ ժամից երկրաշարժ է լինելու, դա բացահայտ սուտ է,  անգրագիտություն է և մտածված խուճապային ահաբեկություն»։

Ուսանողները դիտեցին նաև «Սպիտակի երկրաշարժի յուրացված դասերը» ֆիլմը, որտեղ նշվում էին բոլոր պատճառները, որոնք բազմաթիվ ավերածությունների հիմք են հանդիսացել՝ անորակ շինանյութի օգտագործումը, շինությունների սխալ կառուցվածքն ու ռիսկերի ոչ ճիշտ գնահատումը։

Ուսանողների հետ հանդիպման վերջում էլ Նիկոլայ Գրիգորյանը նշեց, որ լրագրողի կարևորագույն խնդիրը ոչ թե արձագանքողի դերում լինելն է, այլ հետաքննելն ու բացահայտելը այն, ինչը կարող է հանդիսանալ խնդիր արտակարգ իրավիճակում։

Լիանա Խաչատուրյան

3-րդ կուրս

Կիսվել