Վերականգնված Սուրբ Հովհաննես եկեղեցին երկար կշահագործվի, եթե չլինի շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը

Վերականգնված Սուրբ Հովհաննես եկեղեցին երկար կշահագործվի, եթե չլինի շրջակա միջավայրի բացասական ազդեցությունը

271

2019 թվականին «ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» ֆինանսավորմամբ ամրակայվեց Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցին և վերականգնվեցին եկեղեցու որմնանկարները: Իր նրբագեղ որմնանկարներով եկեղեցին ոչ միայն հայկական, այլեւ համաշխարհային ժառանգության բացառիկ արժեքներից է: Եկեղեցում կատարված աշխատանքների մասին խոսել ենք շինարար-տեխնոլոգ Հասմիկ Քարամյանի հետ։

Ո՞րն էր շինարար-տեխնոլոգի դերը Մեղրու Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման ժամանակ։

-Քանի որ բնական քարերը լայնորեն շահագործվում են և անսպառ չեն, առաջանում է դրանք նոր նյութերով փոխարինելու անհրաժեշտություն, և առհասարակ շինարարար-ճարատարագետ-տեխնոլոգի խնդիրն է՝ ստանալ տվյալ նյութերի բնութագրերին մոտ կամ նույնիսկ գերազանցող բնութագրերով նյութեր։ Մեղրիի Սուրբ Հովհաննես եկեղեցու վերականգնման դեպքում ևս կար նոր բաղադրակազմերի մշակման  անհրաժեշտություն։

Մեր նախնական զրույցում ասացիք, որ ի սկզբանե նախատեսված էր միայն եկեղեցու վերանորոգում։ Ինչո՞ւ իրականացվեցին նաեւ վերականգնողական աշխատանքներ։

-«ԱՄՆ դեսպանների մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» աննձնակազմը հիացել էր տարածաշրջանում նմանը չունեցող, որմնանկարչության հայկական ու պարսկական ոճերը մեկտեղող, Մեղրի քաղաքի Փոքր թաղում գտնվող վերականգնման ենթակա Սուրբ Հովհաննես եկեղեցու բացառիկ որմնանկարներով։ Պատմական ու մշակութային մեծ արժեք ներկայացնող կառույցի պահպանման համար սկզբնական շրջանում առաջարկվեցին վերանորոգման աշխատանքներ, սակայն հետագայում պարզվեց,  որ կառույցի թե՛ հիմքում, թե՛ տանիքում կան ամրության ցուցանիշների վրա անդրադարձող խնդիրներ։ Հետևաբար, առաջարկվեց նախ վերացնել նշված խնդիրները, այնուհետև անցնել վերանորոգման աշխատանքներին։ Աշխատանքների իրականացման համար ամերիկյան կողմը նվիրաբերեց 510 հազար ԱՄՆ դոլար։

Դժվարություններ կամ տարաձայնություններ առաջանո՞ւմ էին շինարարների, նկարիչների, ճարտարապետի հետ աշխատելիս։

-Նման խնդիրներ չեն եղել, քանի որ նախապես իրականացվում էր ընդհանուր քննարկում, որտեղ մասնագիտական տեսանկյունից ներկայացվում էին տարբեր կարծիքներ։ Իսկ բուն աշխատանքի ընթացքում յուրաքանչյուրն իր աշխատանքն էր կատարում։ Օրինակ՝ նկարիչները կառույցի ներքին պատերի  որմնանկարներն էին վերականգնում, շինարարները՝ քարաշարվածքի երեսասվաղի և պատերի ներարկման աշխատանքներն իրականացնում։

Աշխատանքն արա՞գ էր ընթանում, թե երկար ու լուրջ հետազոտությունների կարիք կար նախքան նյութը պատերի մեջ ներարկելը։

-Աշխատանքի արագությունը պայմանավորված է հիմնականում կառույցում ի սկզբանե կիրառված նյութերի լաբորատոր համալիր հետազոտությամբ և նոր բարդ շաղախախառնուրդների մշակմամբ, ինչպես նաև՝ շինարար-վարպետների կատարած աշխատանքի ծավալներով։

Ի՞նչ նյութերով էիք աշխատում։

-Այսօր ավերված և վնասված կառույցների պատմական արժեքների պահպանման և վերականգնման գործընթացում կարևորվում է ոչ միայն ճարտարապետական ոճի պահպանման անհրաժեշտությունը, այլև պահպանված և կիրառվող նոր նյութերի հարակցման ու համատեղ աշխատելու ունակությունները։ Հետևաբար,  վերականգնողական աշխատանքներում նյութի կիրառումը պայմանավորված է կառույցում ի սկզբանե կիրառված կրային շաղախների բաղադրակազմերի ու դրանց ֆիզիկամեխանիկական բնութագրերի  լաբորատոր համալիր հետազոտությամբ և, հետազոտման բնութագրերի առանձնահատկություններին համապատասխան, նոր բաղադրակազմով ու նոր տեխնոլոգիաներով շաղախախառնուրդների մշակմամբ։

Գրեթե 4 տարի է անցել եկեղեցու վերակառուցումից, կա՞ արդյոք նոր վտանգի ռիսկ։

-Կարծում եմ, եթե վերականգնողական ու վերականգնման և առհասարակ ցանկացած շինարարական աշխատանք իրականացվի գործող նորմերի համաձայն, ապա  կառույցները երկար կշահագործվեն։ Սակայն չպետք է մոռանանք նաև, որ շրջակա ագրեսիվ միջավայրը, անկախ ամեն ինչից, նույնպես ունենում է բացասական ազդեցություն կառույցի վրա։

Ջուլյա Ոսկանյան

3-րդ կուրս

Կիսվել