Ուսուցիչների պակաս՝ դպրոցներում․ խնդիրներ և լուծման հնարավոր ճանապարհներ

Ուսուցիչների պակաս՝ դպրոցներում․ խնդիրներ և լուծման հնարավոր ճանապարհներ

643

«Այս պահին միանշանակ նկատվում է ուսուցիչների թվի նվազում»,-մեզ հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Ատոմ Մխիթարյանը:

Ըստ վիճակագրական տվյալների՝ վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանի դպրոցների ուսուցիչների թիվը շուրջ 900-ով նվազել է:

Ատոմ Մխիթարյանը նշեց․ «Ուսումնական տարվա սկզբին Հայաստանի ավելի քան 100 դպրոցներում կային ուսուցչի թափուր հաստիքներ, որոնք հիմնականում սահմանամերձ գյուղական բնակավայրերում են: Ուսուցիչների թվի անկման պատճառն այն է, որ մեզ մոտ կրթության որակն ընկել է, և մանկավարժական բուհերում ընդունելության քննությունների արդյունքներով՝ գրեթե մասնագետներ չեն պատրաստվում. այսինքն՝ մարդիկ չեն դիմում մանկավարժական բուհեր, չեն ընդունվում, հետևաբար նաև չեն գնում տարբեր գյուղեր կամ համայնքներ աշխատելու: Նույնիսկ այն մարդիկ, որոնք ավարտում են մանկավարժական բուհերը, խուսափում են աշխատել որպես մանկավարժ: Գաղտնիք չէ պատճառը. երիտասարդները ձգտում են աշխատել ավելի «գայթակղիչ» աշխատատեղերում, որտեղ ավելի շատ կվճարվեն: Ծայրահեղ դեպքերում աշխատում են քաղաքներում, իրենց բնակավայրերին մոտ հատվածներում»։

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի 3-րդ կուրսի ուսանողուհի Ն. Գևորգյանը սովորում է անգլերեն լեզու և գրականություն բաժնում, սակայն չի ցանկանում աշխատել դպրոցում՝ որպես ուսուցչուհի։ Նա ասաց․ «Ես ցանկանում եմ աշխատել որպես թարգմանչուհի, շրջել աշխարհով մեկ և լինել առավել ճանաչված»։

Ատոմ Մխիթարյանից հետաքրքրվեցինք՝ ո՞րն է այս խնդրի լուծումը, նա պատասխանեց․ «Խնդիրը կարելի է լուծել հետևյալ մեխանիզմով, որը վաղուց գործել է խորհրդային Հայաստանում. դրանք հատուկ պատվիրված տեղերն են։ Օրինակ՝ դպրոցն ունի կենսաբանության ուսուցչի կարիք, իր «լավ» շրջանավարտներին գործուղում է մանկավարժական բուհեր, ապահովում նրանց անվճար ուսուցումը, հենց սկզբից պայմանագիր կնքում, որ ավարտելուց հետո վերադառնան և մի քանի տարի դասավանդեն հենց այն դպրոցում, որն իրեն ֆինանսավորել է: Սա շատ լավ մեխանիզմ է, որ գործել է ոչ միայն Հայաստանում, այլև ուրիշ շատ այլ երկրներում: Գործարկելով այս մեխանիզմը՝ հնարավոր կլինի որոշ ժամանակ հետո լրացնել այդ թափուր աշխատատեղերը, որոնք գոյություն պետք է ունենան: Ցավով եմ նշում, որ մեխանիզմն այժմ չի գործում, քանի որ խորհրդային տարիներին շատ լավ գործել է և իրեն արդարացրել: Շատերը չեն մտածում, որ կլինեն մեծ թվով երիտասարդներ, որոնք հետաքրքրված կլինեն այս մեխանիզմով և կվերադառնան իրենց բնակավայրեր՝ արդեն որպես մանկավարժ»։

Կան խնդրի լուծման այլընտրանքային տարբերակներ: Դեռ 2018 թվականից գործում է էլեկտրոնային հեռավար ուսուցման փորձնական ծրագիրը, որը հնարավորություն է տալիս օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, հնարավոր միջոցները՝ ինչպես սովորեցնել ուսուցիչներին այդ ամենը, նաև դասավանդել հեռվից: Հարցին՝ արդյոք ծրագիրն իրեն արդարացնո՞ւմ է, պարոն Մխիթարյանը պատասխանեց. «Պետք է ողջունել այդ նախաձեռնությունը, որովհետև այն հնարավորություն է տալիս օգտագործել ժամանակակից տեխնոլոգիաները, հնարավոր միջոցները, ինչպես սովորեցնել ուսուցիչներին այդ ամենը, նաև դասավանդել հեռվից:  Սակայն բնական է, որ դա երբեք չի փոխարինի իսկական ուսուցչին, քանի որ կրթությունը միայն գրքում գրվածը կարդալն ու վերարտադրելը չէ, այն նաև դաստիարակություն է, երբ մարդը տեսնելով, լսելով, հասակակիցների հետ խմբային աշխատանքներ անելով է սովորում: Այսպիսով՝ անհրաժեշտ է առավել փորձառու մանկավարժ, որ աշակերտի կողքին լինի: Հավելեմ, որ որպես լրացուցիչ մեթոդ պետք է կիրառվի ՀՀ կրթական համակարգում»։

Ուսուցիչների պակասը լրացնելու համար ՀՀ-ում գործում են 18 մենթոր դպրոցներ, որոնց մենթոր ուսուցիչները հենց էլեկտրոնային տարբերակով աշխատում են մի քանի դպրոցների աշակերտների հետ: Փորձագետի փոխանցմամբ՝ ամեն ինչ համակարգված անելու դեպքում հնարավոր է զարգացնել այս գաղափարը և վերջնականապես լուծել մասնագետի պակասի խնդիրը. «Հայաստանում այժմ քայլեր արվում են այդ ուղղությամբ, որոնք, ցավոք, ցաք ու ցրիվ են, և չեն բերում կրթության որակի նշանակալի բարձրացման, որի ապացույցն են ամռանն անցկացված ընդունելության քննությունները: Մենք տեսանք, որ լավ սովորող շրջանավարտների 20%-ից ավելին ստանում է բացասական գնահատական առաջին իսկ քննության ժամանակ: Հարևան երկրների համեմատ Հայաստանը միշտ ունեցել է բարձր ցուցանիշներ, միջազգային օլիմպիադաներն էին դրա մասին խոսում, իսկ վերջին շրջանում մենք հետ ենք ընկել մեր հարևաններից՝ Վրաստանից և Ադրբեջանից, նաև Ռուսաստանից, ինչն իսկապես ամոթ է: Ինչ փոփոխություն էլ, որ արվում է կրթական համակարգում, պետք է առաջանցիկ զարգացման տեմպեր հաղորդի միտված կրթության զարգացմանը: Փոքր քայլերով առաջնորդվելու դեպքում մենք իսկապես հետ ենք ընկնում: Կրթությունն ամեն ինչի հիմքում է»:

Շատերը չեն ցանկանում աշխատել՝ որպես ուսուցիչ, քանի որ աշխատավարձը ցածր է: Այս խնդրի լուծումը ՀՀ կառավարությունը տեսնում է ատեստավորման մեջ: Այսինքն, որպեսզի բարձրացվի ուսուցչի աշխատավարձը, ուսուցիչները պետք է քննություն հանձնեն, մասնակցեն ատեստավորմանը, բարձր գնահատական ստանան: Ատոմ Մխիթարյանն ասաց․ «Ամենաշատը 10% ուսուցիչներն են, որ իրենց հետաքրքրում է այդ գործընթացը: Այսինքն՝ տասից մեկին է հետաքրքրում:  Ուսուցիչներից շատերը չեն մասնակցում. շատ «տարիքով» ուսուցիչներ չեն գնում և մրցում երիտասարդ ուսանողների հետ: Եվ այսպես չեն չափվում ուսուցչի ո՛չ հմտությունները, ո՛չ կարողությունները, միայն գիտելիքն է ստուգվում: Սա ևս շատ լուրջ խնդիր է. քանի որ ուսուցիչներից մեկը կարող է շատ լավ խնդիր լուծել, ուղղագրություն իմանալ, բայց չկարողանա իր գիտելիքները փոխանցել աշակերտին: Եվ ուսուցիչ լինել ամենևին չի նշանակում միայն գիտելիքներ ունենալ»։ Վայոց Ձորի Վայք քաղաքի դպրոցի տնօրեն Թարո Հակոբյանի փոխանցմամբ՝ այսօր իրենք դպրոցում 5 ուսուցիչ ունեն, որոնք կամավոր անցել են ատեստավորման փուլը: Աշխատավարձն այդ դեպքում նվազագույնը  200000 դրամ է: Եթե կարողանում են հավաքել իրենց անհրաժեշտ միավորները՝ 30 կրեդիտ, արդեն իսկ ստանում են բարձր աշխատավարձ:

Մանկավարժական համալսարանի ուսանողուհի Ն․ Գևորգյանը նշեց, որ պետք է ոգևորել երիտասարդներին՝ բարձրացնելով աշխատավարձը. «Դա ամենևին չի նշանակում արհեստականորեն բարձրացնել ուսուցիչների աշխատավարձերը։ Սա նաև նշանակում է բարձրացնել հարգանքը ուսուցչի նկատմամբ: Այսպես կբարձրանա ուսուցչի հանդեպ հարգանքը, ակնածանքը, նաև կբարձրանա հարգանքը կրթական համակարգի հանդեպ»։

Ուսուցիչների պակասը լրացնելու տարբերակ է նաև այն, որ վերջերս Հայաստանում ներդրվեց մի նախագիծ՝ ըստ որի՝ մանկավարժական կրթություն չունեցող, բարձրագույն կրթություն ունեցող անձը մասնակցի համապատասխան վերապատրաստման դասընթացների  և սկսի դասավանդել։ Այս առիթով Ատոմ Մխիթարյանն ասաց․ «Այսպիսի նախաձեռնությունները պետք է շատ լինեն, որոնք կոչված են մասնագետի բացը լրացնելուն: Չնայած կրթական համակարգում շատ են փոփոխությունները, սակայն ոչ միշտ են դրանք դրական: Վերջերս նաև օրենքում փոփոխություն եղավ, որ, օրինակ, վարչական պաշտոն զբաղեցնողը (օրինակ՝ տնօրենի տեղակալը) իրավունք չունենա դասավանդել: Շատ դպրոցներ դեմ արտահայտվեցին, նրանք կարող է ընդհանրապես ուսուցիչ չունենային այդ մասնագիտությամբ, ունենային մեկը, որը հենց տնօրենի տեղակալն է: Առանց այն էլ քիչ ուսուցիչ ունեին, այս օրենքն էլ ստիպում է ևս մեկ անգամ կրճատել ուսուցիչների թիվը: Այս պահին նախագիծ են մտածում, որ փոփոխեն այս դրույթները, և գոնե այս հնարավորությունից չզրկեն դպրոցներին: Այսպիսով՝ ստացվում է, որ մենք հաշվի չենք առնում՝ ինչ է կատարվում գյուղերում, իրավիճակը գնահատում ենք միայն Երևանի օրինակով և հենց Երևանի համար ենք օրենքներ գրում, որոնք ընդհանրապես կիրառելի չեն մյուս բնակավայրերի դպրոցներում և պայմաններում: Պետք է շրջահայաց լինել, ընդհանուր խորապատկերը դիտարկել, հասկանալ, իսկ այդ փոփոխությունները անել հնարավորինս դանդաղ: Փոփոխությունները որքան շատ են լինում, այնքան խառնիճաղանջ իրավիճակ է ստեղծվում, որը բնավ չի նպաստում իր հիմնական նպատակին՝ կրթության որակի բարձրացմանը»։ Այլընտրանքային տարբերակներին կրթության փորձագետը միանշանակ կողմ է, քանի որ ըստ նրա՝ ոչինչ չանելուց լավ է:

Լիլիթ Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել