«Կույր լինելը մարդուն ամենևին չի փոխում․ նա նույն մարդն է»․ Ժորա Մարտիրոսյան

«Կույր լինելը մարդուն ամենևին չի փոխում․ նա նույն մարդն է»․ Ժորա Մարտիրոսյան

627

Երևանի պետական կամերային թատրոնի բեմում օրերս 10 տարվա պատմություն ունեցող, սակայն մեր ժամանակների համար ևս արդի «Ի՞նչ տարբերություն, թե ում հետ» ներկայացումն էր։

Պատմությունը կույր տղայի մասին է, որն արդեն երկու  անգամ սիրահարվում է երկու տարբեր, բայց միևնույն ժամանակ նույն բնավորությունն ունեցող աղջիկների: Աղջիկներից մեկը, ում սիրում էր, լքել է իրեն, իսկ մյուսը՝ Ջիլ Բենսոնը, նրա հարևանուհին է: Երկու տարբեր «տներ» են, որոնք ընդամենը բաժանված են մեկ դռնով. մի սենյակում ապրում է տղան՝ Դոնալդը, իսկ մյուսում՝ Ջիլը: Աղջիկը չգիտեր տղայի կուրության մասին և իմանում է սուրճ խմելիս, երբ մոխրամանը վերցնում է, իսկ տղան ծխախոտի մոխիրը թափում է սեղանին՝ չիմանալով, որ մոխրամանն այլևս այնտեղ չէ: Գլխավոր դերակատարները երիտասարդ դերասաններ  Մարիկա Դովլաթբեկյանն ու Ժորա Մարտիրոսյանն են: Ժորա Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Առաջարկն ընդունել եմ առանց մտածելու, միանգամից ու առանց վախենալու: Եթե դու դերասան ես ու տեսնում ես ֆանտաստիկ մի բան, արդեն ուզում ես լինել դրա մեջ: Իհարկե, գիտակցել եմ կերպարի ծանրությունը, հատկապես այն, երբ դու տեսնում ես, բայց չպետք է տեսնես: Ամենախանգարողը սա էր»։

Ներկայացման ընթացքում բեմում լույսերը յուրաքանչյուր տեսարանի համար ստեղծում են մի մթնոլորտ, որը ստիպում է հանդիսատեսին մխրճվել ներկայացման մեջ ու գամված նայել ամեն վայրկյանը: Ջիլը համարձակ կերպար է, կյանքին թեթև նայող, որ փորձում է գրավել տղային, սակայն ի վերջո ինքը ևս տարվում է տղայով: Ջիլի դերակատար Մարիկա Դովլաթբեկյանը նշեց․ «Աղջկա կերպարն ինձ հետ առանձնապես կապ չունի և նա ինչ անում է, ես երբեք այդպես չէի վարվի: Այս առումով ինձ դժվար է հասկանալ կերպարին: Կերպարը մարսելն, իսկապես, դժվար է եղել ինձ համար, քանի որ ես ուղեղով եմ մտածում, իսկ կերպարս սրտով է առաջնորդվում»։

Պատմությունն ազդեցիկ է, անգամ երբ կարդում ես, իսկ երբ խաղն ես նայում, առավել ազդեցիկ է: Կերպարները զգացմունքներ են փոխանակում միմյանց ու հանդիսատեսի մեջ. կա և՛ լաց, և՛ ծիծաղ, և՛ տառապանք, և՛ ծնող-երեխա հարաբերություններ. մի խոսքով այն ամենն, ինչ արդի է այսօր:

Ժորա Մարտիրոսյանը պատմում է, թե ինչպես է յուրացրել կույր տղայի կերպարը. «Փորձերի ընթացքում ռեժիսորի օգնությամբ և իմ անհատական մոտեցմամբ ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ միայն ես կարողացա հաղթահարել այդ բարդությունը: Փորձերից հետո բոլորը տուն էին գնում, ես մնում էի բեմում, լույսերը անջատում ու սկսում էի քայլել, շոշափել: Ընկերներիս էի խնդրում՝ ասելով, որ եթե չօգնեք, կընկնեմ, ու օգնում էին: Առօրյայում փորձում էի մտնել կերպարիս մեջ և ոչ միայն այս, ցանկացած այլ կերպարի, քանի որ միայն փորձով չէր լինի: Ուղեղի, մտքի աշխատանքը կառավարելով՝ ես ինձ համոզում եմ, որ չեմ տեսնում: Հայացքս մնում է մի տեղ, ես այլ բաների մասին եմ մտածում: Սա այն է, երբ ցանկացած մարդու հայացքը սառում է մի կետի, դու լսում ես, բայց հայացքդ մի տեղ է, ու տպավորություն է՝ չես տեսնում»:

Ներկայացման ասելիքներից մեկն այն է, որ ինչ կապ ունի կուրությունը, մարդը մարդ է՝ կույր, թե լիարժեք տեսողությամբ: Մարիկա Դովլաթբեկյանն այս առիթով նշեց․ «Ջիլն իմանում է Դոնալդի կուրության մասին մոխիրը սեղանին թափելուց հետո: Զարմանում, ապշում է, նաև ջղայնանում, որ մինչ այդ իր կամակորություններով փորձում էր գրավել տղային: Դոնալդը շատ նուրբ է սիրում, և սա հետաքրքիր առանձնահատկություն է, որ բոլոր մարդիկ չունեն, Դոնալդն առավել զգայուն է: Եվ աղջկան հենց դա էլ գրավում է»:

Սեր, խանդ, տառապանք. այս զգացմունքներն ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ Ջիլը պետք է ընդունվի թատրոն աշխատանքի ու իր ռեժիսորի հետ գալիս է Դոնալդի տուն: Դոնալդը մռայլվում է, իսկ աղջիկը կարծես չի էլ հասկանում ռեժիսորի մտադրությունները: Ամեն ինչ էլ ավելի է խառնվում, երբ Ջիլն ասում է, որ տեղափոխվում է ռեժիսորի հետ ապրելու: Դոնալդն իրեն կորցնում է, ամեն ինչ խավարից վերածվում է քաոսի, և նա կորցնում է ինքնատիրապետումն ու ցանկանում է ինքնասպան լինել: «Ես փրկում եմ նրան»,-ասում է Մարիկան ու հավելում․ «Էմոցիոնալ տեսանկյունից շատ և միանգամից ապրումներ են: Դեռ տեսարաններ կան չեմ կարողանում հաղթահարել: Ես չպետք է ինձ կորցնեմ ու նմանվեմ մյուս այն դերասաններին, որոնք ինձնից առաջ խաղացել են այս կերպարը, ես նոր գույն եմ բերում, ու արդեն մոտ 3 տարի է, այդ գույներն են ներկայացման մեջ»։

Ներկայացման հանդիսատես Դավիթ Մանոյանը մեզ հետ զրույցում նշեց՝ ներկայացման ավարտն ընդհանրապես ակնկալելի չէր․ «Ներկայացման ողջ ընթացքում սպասում էինք տեսնել՝ ինչ է լինելու, գլխավոր հերոսներն ինչ եզրահանգման կգան: Շատ գրավիչ էր և կցանկանամ, որ բոլոր ներկայացումները միշտ այսպիսին լինեն»։ Ներկայացումը տևեց մոտ 2 ժամ, սակայն հանդիսատեսի դեմքին նայելով՝ կարելի է ենթադրել, որ այն նոր է սկսվել կամ նոր պետք է սկսվի:

Լիլիթ Հովհաննիսյան

3-րդ կուրս

Կիսվել