Օրենքները լիարժեք չեն, համապատասխան կառույց չկա, իսկ պատժամիջոցը հարցի միակ լուծումը չէ....

Օրենքները լիարժեք չեն, համապատասխան կառույց չկա, իսկ պատժամիջոցը հարցի միակ լուծումը չէ. զինանշանի փոփոխության թեման դեռ ակտուալ է

403

Մոտ 50 կայքից հեռացված զինանշանը ունի ավելի քան 30 լրամշակումների ու շտկումների կարիք: Թե երբ և ինչպես են այդ սխալները առաջացել, ինչ լուծումներ են դրանց պատրաստվում տալ, զրուցել ենք «Մենք» պետական և ազգային արժեքների հանրահռչակման հիմնադրամի տնօրեն Պավել Սարգսյանի հետ:  

-Պարոն Սարգսյան, Համացանցում այսօր օգտագործվում են զինանշանի սխալ տարբերակներ: Դուք, լինելով ազգային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն, ի՞նչ քայլեր եք ձեռնարկում սխալները կանխելու դեմ: 

-Դեռևս ստեղծման օրից ի վեր` 2010 թվականից մենք, տարբեր պետական կառույցների դիմելով, փորձել ենք կանխել զինանշանի կիրառման 4 սխալ տարբերակներ: 4 տարբերակներն էլ չէին համապատասխանում օրենքին կից հավելվածին: 2012 թվականին գործընթացը ավարտվեց և բոլոր պետական կայքերում, որոնց թիվը հասնում է մոտավորապես 50-ի, շտկումներ իրականացրինք: Սոցկայքերում սխալներ հիմա էլ կան, բայց այն քանակով չեն, ինչ առաջ:  Տարիների ընթացքում երկար աշխատանք ենք տարել՝ հասնելով նրան, որ 2017-ին Կառավարությունը հաստատեց էտալոնային նմուշ, որից պիտի օգտվեն պետական կառույցները: Այլ հարց է, որ նրանք այն չեն կիրառում կամ անգամ տեղյակ էլ չեն նմուշի մասին: 

-Որրտեղի՞ց և ե՞րբ են ի հայտ եկել սխալ տարբերակները:

-Մեկնաբանել չեմ կարող, թե որտեղից էին հայտնվել սխալ տարբերակները, ովքեր էին դրանց հեղինակները: Սխալ կիրառությունը կանխելու գործընթացը սկսել ենք 2010-ից, բայց դրանից առաջ էլ օգտագործվել են ոչ ճիշտ տարբերակներ: Թե որ թվականից է սկսվել 3 այլ անհասկանալի տարբերակների կիրառությունը, ասել չեմ կարող, տեղյակ չեմ: Բայց փաստը, որ եղել է մեծ ծավալներով, հաստատ է:

-Կասե՞ք՝ որ կայքերից եք հեռացրել սխալ տարբերակներ: 

-Օրինակ` parlament.am, president.am և այլն: Այս կայքերում եղած տարբերակները չէին համապատասխանում օրենքին կից հավելվածին: 

-Ո՞ւմ թերացումն է, որ այսօր կա զինանշանի սխալ կիրառություն:

-Մենք չունենք կառույց, որ պիտի վերահսկի այս պրոցեսը: Մենք ունենք օրենքներ, որոնք լիարժեք չեն: Մենք չունենք խախտման դեպքում որևէ իրավական գործընթաց: Ունենք քրեական օրենսգրքում անարգի վերաբերմունք պետական խորհրդանիշների վերաբերյալ: Օրինակ, երբ վառում են, ոտքի տակ գցում, բայց ստանդարտներին չհամապատասխանող կիրառության դեպքում որևէ պատժամիջոց չկա: 

-Լինելու դեպքում` պատժամիջոցը խնդրի լուծո՞ւմ է:

-Բնականաբար խնդրի լուծումը չի տրվում միայն պատժամիջոցներով: Սա մեր ներքին մշակույթի հարցն է, իսկ մենք այն ձևավորված չունենք պետական խորհրդանիշների հանդեպ: 

-Ի՞նչ անել նման պարագայում, ինչպես այն ձևավորել:

-Մենք, օրինակ, ունենք պետական խորհրդանիշների տոն: 2012 թվականից նշում ենք Սահմանադրության օրվա հետ մեկտեղ` հուլիսի 5-ին: Քանի՞սը գիտեն այս ամենի մասին:

-Այսինքն, խնդիրը հասարակության իրազեկվածությա՞ն հետ է կապված:

-Լայն հասարակության շրջանում տեղեկատվության պակաս, այո՛, կա:

-Լավ, իսկ կապված օրենքի հետ ի՞նչ թերացումներ կան: 

-Սահմանդրության մեջ փորձում ենք անել խմբագրումներ: Այսօր ունենք շատ պատմաբաններ, ովքեր Արշակունիները համարում են Արտաշեսյանների շարունակությունը ու առաջարկ կար Արշակունիների զնիանշանի փոխարեն դնել Ուրարտուի զինանշանը, քանի որ մեր հարևանների կողմից շատ է շահարկվում սխալ փաստը, որ Ուրարտուն հայկական չէ: Կամ նույն օրենքի մեջ նշվում է ճյուղ, հասկ, շղթա, ուզում ենք հասկանալ, թե ինչի ճյուղ է: Թվում են մանրուքներ, բայց լուրջ գաղափարաբովանդակային թերություններ են: 

-Վերջին տարիներին ինչ նոր քայլեր են ձեռնարկվել փոփոխությունների հետ կապված:

-Եթե խոսենք վերջին տարիներից, ապա մի փոքր նախապատմություն կուզեմ նշել: 2011 թվականից ստեղծված Հերալդիկ խորհուրդը, որը ստեղծվել է մեր հիմնադրամի շրջանակներում,  գտել է 30-ից ավել սխալ մեր զինանշանի մեջ: Իսկ մենք հերալդիկայի լուրջ մասնագետներ չունենք, եթե համեմատենք միջազգային մասնագետների հետ: Ստեղծված հանձնաժողովը տալիս է չափորոշիչներ, որով հայտարարվում է մրցույթ: 2019 թվականից ունենք այս ամենը նախաձեռնած, բոլոր հարցերը ևս կարգավորված են, մնում է միայն մրցույթ հայտարարել: Հաշվի առնելով, որ այս ամենը եղել է 2019-20 թվականներին, հաշվի առնելով նաև երկրում տիրող իրավիճակը, հետպատերազմյան վիճակը, պետության առջև ծառացած խնդիրները՝ կարծում եմ, մի փոքր հանդարտանալու դեպքում մրցույթը կհայտարարվի: 

-Ինչպիսի՞ն է լինելու մրցույթը:

-Փակագծերը բացելով ասեմ, որ մասնակիցներին տրվելու է 5-6 ամիս ժամանակ՝ աշխատանքներ իրականացնելու համար: Սա մեկ անձի աշխատաքն չէ, այն իրենից ենթադրում է մի քանի ոլորտի ներկայացուցիչ՝ պատմաբաններ, հոգեբաններ, նկարիչներ, դիզայներներ: Սա նաև խմբային աշխատանք է, կարող են մասնակցել ինչպես անհատներ, այնպես էլ խմբեր: Նախնական կա որոշում, որ կընտրվեն 3 լավագույն տարբերակները՝ սա որպես մրցույթի առաջին փուլ: Երկրորդում արդեն աշխատանքը հանձնաժողովի անդամների, առաջադրված փոփոխությունների հետ է կապված: Նաև առաջարկել եմ ընտրված 3 տարբերակները դնել հանրային քննարկման, որպիսի ժողովուրդը ևս հայտնի իր դիրքորոշումը: Եվ որ ամենակարևորն է, պետք է նշեմ, որ գործող զինանշանի կառուցվածքային և բովականդակային մասով որևիցե փոփոխություն չի լինելու: Լինելու են միայն լրամշակումներ:

-Պարոն Սարգսյան, Հայաստանի սահմաններից դուրս զինանշանի սխալ կիրառություն կա, թե խնդիրը միայն երկրի ներսում է:

-Առանձնապես մեծ տարբերություն չկա երկրից դուրս, թե ներս: Օրիանկ՝ մարզիկների դեպքում, երբ պետական պատվիրակություններ են գնում արտերկիր, ունենք հստակ չափորոշիչներ: Այս դեպքում սխալների այսօր չենք հանդիպում: Շատ ժամանակ նմանատիպ խնդիրներ առաջանում են մասնավորի մոտ: Պայամանական օրինակ բերեմ՝ Վերնիսաժը: Այնտեղ էլ սխալ տարբերակներ կարող են լինել: Բայց հիմա ունենք yeraguyn.com, drosh.am օնլայն հարթակները, որտեղից, օգտագործելու դեպքում, ճիշտ տարեբրակները կարող են բոլորը ներբեռնել:

Անի Հակոբյան 

3-րդ կուրս  

Կիսվել