Վարձով տները՝ անհասնելի «երազանք» քաղաքացիների համար

Վարձով տները՝ անհասնելի «երազանք» քաղաքացիների համար

613

Աշոտ Նրկրարանցը ութ  տարի է, ինչ վարձով է ապրում․ Սյունիքի մարզից է Երևան տեղափոխվել։ Նա այն վարձակալներից է, ով զրկվել է բնակարանից՝ վարձատուի հետ կնքված պայմանագիր չունենալու պատճառով, իսկ բնակարանների վարձակալության աճող գնային ֆոնին նոր բնակարան չգտնելու հետևանքով ստիպված է եղել ժամանակավորապես բնակվել ազգականի տանը։

-2014 թվականից ենք վարձով բնակվում։ Երեք անգամ տարբեր պատճառներով տեղափոխվել ենք, սակայն վերջինը շատ պատահականորեն զուգադիպեց ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով դեպի Հայաստան ռուսների ներհոսքին։ Տանտերը մեզ ասաց, որ ցանկանում է վաճառել բնակարանը, և պետք է այն ազատենք մեկ ամսում։ Հետո ժամկետը կրճատեց երկու շաբաթ, իսկ վերջում պարզվեց՝ բնակարնը անհամեմատ ավելի բարձր գնով վարձակալության են տվել ռուսներին։

Աշոտը միակը չէ, ով հայտնվել է նման իրավիճակում։ Իսկ պատճառը կապված է անշարժ գույքի շուկայում վերջին շրջանում տեղի ունեցող անոմալ երևույթների հետ։

Հայաստանի անշարժ գույքի շուկայում ռեկորդային ակտիվություն էր նկատվում դեռևս այս տարվա առաջին կիսամյակում։ Ըստ Կադաստրի պետական կոմիտեի հրապարակած տվյալների՝ այդ ընթացքում անշարժ գույքի հետ կապված ավելի քան 96 հազար գործարք է կատարվել, ինչը վերջին 10 տարիների ընթացքում գրանցված ամենաբարձր ցուցանիշն է։

Աշխարհաքաղաքական զարգացումներն իրենց անմիջական ազդեցությունն են թողնում անշարժ գույքի  շուկայի վրա։ Պահանջարկի ավելացմանը զուգահեռ բարձրացել են թե՛ բնակարանների օտարման, և թե՛ վարձակալության գները։ Մայրաքաղաքում ամենաթանկ բնակարանները Կենտրոն վարչական շրջանում են, այստեղ տարեկան կտրվածքով բնակարանները թանկացել են 17․3 տոկոսով։ Համեմատաբար ավելի մատչելի բնակարաններ կարելի է  ձեռք բերել Նուբարաշեն վարչական շրջանում, որտեղ թանկացումը կազմում է 14․3 տոկոս։

Ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված՝ Ռուսաստանից Հայաստան քաղաքացիների ներհոսքից հետո Երևանում վարձակալությամբ տրվող բնակարնաների գները ամիսներ անց էլ չեն նվազում։ Անշարժ գույքի գործակալության տնօրեն Հայկ Ղազարյանի խոսքով՝ այսօր գրեթե անհնար է մայաքաղաքում 100․000 դրամով մեկ սենյականոց բնակարան գտնելը։ Մեկ սենյականոց չկահավորված կամ կիսակահավորված բնակարանները տարբեր շրջաններում հիմնականում սկսվում են 120․000 դրամից, իսկ արդեն գույք և կենցաղային տեխնիկա ունեցող բնակարանների արժեքը սկսվում է 200․000-ից։ 

-Վարձակալության գները նախկինում բարձրանում էին միայն սեզոնին՝ 20-30 տոկոսով։ Հիմա թանկացումները 100, 200 տոկոս և ավելի են։ Եթե նախկինում կենտրոն վրաչական շրջանում բոլոր հարմարություններն ունեցող բնակարանը հնարավոր էր  վարձակալել 350-450 հազար դրամով, ապա հիմա, եթե իհարկե նմանատիպ ազատ բնակարան գտնվում է, արժեքը ամենաքիչը 800-900 հազար դրամ է,- նշեց Հայկ Ղազարյանը։

Ղազարյանը հավելեց՝ IT ոլորտի ներկայացուցիչները, որոնց համար կարևորը արագ և հասանելի ինտերնետի առկայությունն է, տեղակայվել են անգամ մարզերում՝ Դիլիջան, Ծաղկաձոր, Իջևան, Աբովյան քաղաքներում։

Անշարժ գույքի գործակալության տնօրենը նաև արձանագրեց՝ վարձակալության շուկայում ակտիվության նվազում է նկատվում:

«Կարող ենք ասել՝ վարձակալության շուկայում գներն այլևս չեն բարձրանում: Եթե այս տեմպերը շարունակվեն (հաշվի առնելով նաև, որ տուրիստական շրջանն էլ ավարտվում է), հնարավոր է՝ վարձակալության գները փոքր-ինչ նվազեն»,- ասաց Հայկ Ղազարյանը:

Ըստ նրա՝ վարձակալության շուկայում այս պահին առկա իրավիճակը պայմանավորված է ՌԴ-ից քաղաքացիների ներհոսքի պասիվացմամբ:

Ամեն դեպքում անշարժ գույքի գործարքների ոլորտում տեղի ունեցողը շարունակում է մնալ համընդհանուր ուշադրության կենտրոնում, ինչը մեծամասամբ նաև մեծ պահանջարկի արդյունք է։ Սակայն պահանջարկը ոչ միշտ է համահունչ լինում մեր համաքաղաքացիների «գրպանին» և զուգահեռ առաջացնում է մի շարք խնդիրներ:

Տնտեսության մեջ ցանկացած կտրուկ փոփոխություն վտանգավոր է, նշում է տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը՝ հավելելով՝ այս դեպքում վարձակալության թանկացումը պայմանավորված չէ տնտեսությունում բնականոն գործընթացներով, տնտեսական աճով։

-Եթե վերանան արտաքին շոկերը, ինչն աստիճանաբար նկատվում է, մենք հակառակ էֆեկտն ենք ուենալու, որը լուրջ ցնցում է լինելու անշարժ գույքի շուկայի  համար։ Հետևաբար, այստեղ որոշակի զգուշավրություն պետք է ցուցաբերել,- նշեց տնտեսագետը։

Խաչատրյանը նաև փաստեց՝ Հայաստանում  վարձակալ վարձատու հարաբերությունների մեծ մասը ստվերում են, նրանց միջև պայմանագրեր չեն կնքվում։ Պատճառը պարզ է․ խուսափում են պետությանը հարկեր վճարելուց։ Եվ հենց սա է պատճառը, որ պետությունը սահմանափակ գրծիքակազմ ունի շուկան կարգավրելու համար։ Անհրաժեշտ է, որ բոլոր գործարքները փաստաթղթավորվեն իրական շուկայական գներով։

Արփինե Ավետիսյան

3-րդ կուրս

Կիսվել