Նկարիչ Մարտիրոս Բադալյանը՝ պատերազմի, ահաբեկչության, Արցախի մասին

Նկարիչ Մարտիրոս Բադալյանը՝ պատերազմի, ահաբեկչության, Արցախի մասին

550

Հարցազրույց ՀՀ վաստակավոր նկարիչ, կոլաժների վարպետ Մարտիրոս Բադալյանի հետ

-Պարոն Բադալյան, մտնելով Ձեր արվեստանոց՝ առաջինը նկատեցի պատից կախված այն աշխատանքը, որտեղ ծեր կանայք են պատկերված: Կարծես թե ողբերգության տարր կա այդ աշխատանքում:

-Այո, ճիշտ նկատեցիք: Դա «Ոչ պատերազմին» շարքի աշխատանքներից է:

-Իսկ ովքե՞ր են այդ կանայք, և ի՞նչ է պատկերված աշխատանքի ներքևում:

-Տարիներ առաջ գնացել էի մի գրքի շնորհանդեսի: Այդ գիրքը Մեծ Եղեռնի մասին էր, որի մեջ տեղ էին գտել ջարդերից փրկվածների նկարները: Տեսա ու որոշեցի, որ պետք է այդ թեմայով գամ ու ստեղծագործեմ: Փորձեցի այդ կանանց նկարել, ներքևում էլ փակցնել մանկական իրեր, խաղալիքներ, որոնք խորհրդանշում են այն տարիքը, երբ այդ կանայք փրկվել են:

-Մյուս պատին նորից Եղեռնի թեմա՞ն է:

-Պատկերել եմ միևնույն կնոջը երեք տարբեր ձևերով: Այդ երեքից մեկը հենց կոտորածներն է բնութագրում կարմիր գույնով:

-Դուք նաև ունեք շարք, որը կոչվում է «Ոչ տեռորին»: Ի՞նչ տարբերություն կա պատերազմի և «Ոչ տեռորին» շարքերի մեջ:

-Տարբերությունը շատ քիչ է: Իմ կարծիքով՝ ահաբեկչության թեման շատ ավելի ցավոտ ու դաժան է։ Օրինակ՝ դու գիտես, որ պատերազմ է և գիտակցում ես, թե ինչ հետևանքներ կարող է այն թողնել, իսկ ահաբեկչությունն անսպասելի է. չգիտես՝ երբ և որտեղ կարող է այն տեղի ունենալ: Չնայած կան աշխատանքներ, որ կարող են երկու շարքերում էլ լինել:

-Ո՞րն է Ձեր ասելիքը պատերազմի կամ ահաբեկչության մասին նկարներում:

-Հենց շարքերի վերնագրերն իմ ասելիքն են: Դրանով արդեն ամեն ինչ ասված է:

-Ձեր պատրաստած կոլաժներից շատերի վրա փամփուշտներ կան: Որտե՞ղից Ձեզ դրանք:

-Փամփուշտների կեսը ես ինքս եմ Արցախից բերել, իսկ մյուս կեսը ընկերներս են տվել:

-Իսկ ինչպե՞ս եք ձեռք բերել փամփուշտներ, այն էլ Արցախից:

90-ականներին, երբ առաջին պատերազմն էր ընթանում, ինձ կանչել էին Արցախ՝ ցուցահանդեսի: Այնտեղից կրակած փամփուշտներ հավաքեցի ու բերեցի:

-Չէի՞ք վախենում Արցախ գնալ պատերազմի ժամանակ:

-Մարդիկ այնտեղ կռվում էին ու չէին վախենում, ես ինչու՞ պետք է վախենայի: Գոնե ամոթից չպետք է վախենայի (ծիծաղում է):

-Նույնիսկ Ձեր ինքնադիմանկարներն եք կրակած փամփուշտով պատրաստել:

-Այո, այո: Այս մի պատից կախված ինքնադիմանկարի վրա իմ ասած Արցախից բերված փամփուշտներն են, իսկ վերնագիրն իմ ընկերներից մեկն է դրել՝ «Տուր ինձ կյանքիս գինը»:

-Ինչո՞ւ եք այդքան շատ ինքնադիմանկարներ պատրաստում:

-Շատ եմ ինձ սիրում (կատակում է): Իսկ եթե ավելի լուրջ՝ շարք է ուղղակի:

-Բայց արդյոք Դուք ինքներդ Ձե՞զ եք տեսնում այդ ինքնադիմանկարներում:

-Շատ լավ բան ասացիք, որովհետև դրա մասին ես մի պատմություն ունեմ: Քանի որ աղջիկս Արգենտինայում է ապրում, երկար ժամանակ չէի տեսել նրան: Այն ժամանակ նամակ էինք գրում, կամ հազվադեպ զանգում, շատ էի կարոտել աղջկաս ու կարոտի մասին ոչ ոքի հետ չէի կիսվում: Սկսեցի մտքումս ինձ հետ զրուցելով ու կիսվելով նկարել՝ ինձ որպես օբյեկտ դիտարկելով: Կարծես աղջկաս հետ մտովի զրուցեի: Այդպես շարք ստեղծվեց:

-Շարքը քանի՞ ինքնադիմանկարից է բաղկացած:

-400-ից ավելի ինքնադիմանկար ունեմ, որոնք պատրաստել եմ ամենատարբեր իրերից՝ ձկան կաշվից մինչև ընկույզի կեղև:

-Արվեստանոցում նկատեցի աթոռ, որի նստատեղի հատվածում սուր մեխեր են: Դա որևէ ենթատեքստ ունի՞:

Հեղափոխության օրերին, երբ թատրոնից գալիս էի արվեստանոց, մի քանի րոպե կանգնեցի ու ուշադիր նայեցի շուրջս, հետո եկա ու մտքիս եկածը սարքեցի: Աթոռի վրա էլ գրեցի «Պոստին չքնել»:

-Ինչու՞:

-Նախ դիտավորյալ բառի հայերեն տարբերակը չեմ գրել, որովհետև «պոստն» ավելի ճիշտ է հնչում տվյալ պարագայում: Դա կարծես կոչ է, որ հանկարծ պոստին չքնես, եթե քնես, այ, այս օրն ենք ընկնելու, որ թշնամին Ջերմուկ հասնի: Ինձ նույնիսկ շատ ժամանակ կանչել են, որ իմ կարծիքն ասեմ այդ ամեն մասին:

-Գնացե՞լ եք:

-Իհարկե ոչ: Այդպիսի տեղերը իմը չեն: Ես իմ ասելիքը արվեստի միջոցով եմ ասում:

-Բացի ազատ ստեղծագործելուց, պատվերներ ընդունու՞մ եք:

-Մեկ-մեկ պատահում է, որ պատվերով աշխատանքներ եմ անում:

-Իսկ լինու՞մ են դեպքեր, որ աշխատանքը Ձեր սրտով չէ, բայց ստիպված պատրաստում եք:

-Նախկինում եղել են այդպիսի դեպքեր, բայց հիմա արդեն, կարելի է ասել` ոչ: Տարիքի հետ փոխվում է ամեն բան:

Անահիտ Նահապետյան

3-րդ կուրս

Կիսվել